Լրահոս
Օրվա լրահոսը

Արտեմ Ասատրյան. «Կենսաթոշակները 14%-ով կբարձրանան» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 11,2014 16:42

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով սոցվճարների հետ կապված խնդրին, ըստ որոնց, որոշ բուհերի հիմնադրամների կարգավիճակ տալով սոցվճարումների խտրականություն է առաջանում` համատեղելիությամբ աշխատողների համար, ասաց. «Կրթական ոլորտի բարեփոխումների շրջանակում այդ մոտեցումը որդեգրված էր, որպեսզի ՊՈԱԿ-ները վերածվեին հիմնադրամների, քանի որ դրանք ավելի լայն հնարավորություններ են ընձեռում կրթական հաստատություններին: Այդ տրամաբանության շրջանակում լուծվում է նաեւ այդ խնդիրը»:

Նախարարը վստահեցրեց, որ ՊՈԱԿ-ների եւ հիմնադրամների միջեւ խտրականության հարց չի դրվում եւ դրանք տարբեր իրավակազմակերպչական մարմիններ են, եւ ունեն տարբեր կարգավիճակներ. «Լրացուցիչ կենսաթոշակային ապահովությունը տեղավորվում է պետական աշխատողների լրացուցիչ սոցիալական երաշխիքների մեջ»:

Հարցին թե` վերջին շրջանի թանկացումների ֆոնին, արդյոք վերանայվելու է կենսաթոշակների չափերի բարձրացումը, պարոն նախարարն ասաց, որ 2015 թվականին պետբյուջեում նախատեսված է հունվարին կենսաթոշակների չափերի բարձրացում`մոտ 14%-ով, իսկ հուլիսից կավելանան զինծառայության կենսաթոշակների չափերը: Ասատրյանը հիշեցրեց, որ այս տարվա կեսերին էլ ավելացել են զոհվածների ընտանիքների, զինծառայության կենսաթոշակները, հաշմանդամ ազատամարտիկների պարգեւավճարներն ու անապահով ընտանիքների վճարները. «Այս քաղաքականությունը շարունակական է լինելու: Այս փոփոխությունների հետ կապված, որ մտահոգում են մեզ բոլորիս, գիտեք, որ վարչապետի հանձնարարությամբ պատկան մարմինները ուսումնասիրում են: Կարծում եմ, բոլոր հնարավոր գործիքները նաեւ Կենտրոնական բանկի կողմից կիրառվում են, որ խնդիրը կարգավորվի: Գնաճի համար պատասխանատու մարմնի ղեկավարը նշել է, որ գնաճը լինելու է նախատեսվածի շրջանակներում»:

Նախարարը նաեւ ավելացրեց, որ եկող տարվա առաջին աշխատանքային օրը հունվարի 12-ն է, բայց լրացուցիչ աշխատանքներ են տարվում, որ հունվարի 3-5-ին վճարվեն կենսաթոշակները:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031