Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական պատգամավոր. «Ասում են՝ թողեք մի քիչ էլ մենք կառավարենք, կարծես թե իրենց հոր բոստանն է»

Դեկտեմբեր 11,2014 16:35

«Ճիշտ և ժամանակին է, որ մենք անցնենք խորհրդարանական համակարգի: Նոր Սահմանադրությունը մեզ նոր հարթության վրա կբարձրացնի»,- այսօր «Իրատես դե ֆակտո» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը՝ անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների գործընթացին, այսպիսի կարծիք հայտնեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Մկրտչյանը:

Նա փաստեց. «2005-ը տվեց կիսանախագահական համակարգ, անցյալ տասը տարիների ընթացքում մենք հասանք նրան, որ խորհրդարանում 131 պատգամավորներ են, որոնցից 91-ը համամասնական են»:

Խոսելով մարտահրավերների մասին՝ ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, թե առաջ է եկել սահմանադրական բարեփոխումների խնդիր:

Այնուհետև վստահություն հայտնեց, որ ոչ միայն ԵՏՄ-ի հարթությունում, այլև երբ ցանկացած ինտեգրացիոն գործընթացների միավորվում են, պետության կառավարման մոդելի հարցը պետության խնդիրն է: ՀՀԿ-ական պատգամավորը նաև նշեց. «Եթե քաղաքական էլիտան համակարծիք է պետական և հասարակական կարևոր նշանակություն ունեցող հարցերի շուրջ, դրանք միանշանակ իրականություն են դառնում: Եթե ՀՀ նախագահն ասել է, որ իր կարծիքը կհայտնի փետրվար-մարտ ամիսներին, դա քայլ էր, որ հայ հասարակությունը միավորվի այս կարևոր մոտեցման շուրջ, դա նաև հորդոր էր քաղաքական ուժերին, ընդդիմությանը միավորվելու: Եթե նրանք չմիանան այս հարցի շուրջ, ապա ես կորակեմ դա, որ նրանք չունեն ռազմավարություն, դրանք կլինեն 20-րդ դարի ֆեոդալիզմի գաղափարախոսության իրականացնողները»:

Խորհրդարանական համակարգի վերաբերյալ հնչող մտահոգություններին ի պատասխան՝ պարոն Մկրտչյանը նշեց. «Մեզանում կա թյուր կարծիք, որ պառլամենտարիզմը իշխանության պատասխանատվության խնդիրները մի կողմ է թողնում: Մինչդեռ այն երկրում լուծում է մեկ շատ կարևոր հարց. քաղաքական ճգնաժամը ձևավորվում է ոչ միայն հասարակության մոտ, այլև խորհրդարանում»: Հարցին՝ մտահոգություն չկա՞, որ լուծվում է իշխանության վերարտադրության հարց, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Մեր երկրի նախագահը հայտարարել է, որ անկախ սահմանադրական բարեփոխումների հանգամանքից, ինքը չի լինելու երկրի նախագահ, ոչ էլ՝ վարչապետ: Ես հիմք չունեմ չվստահելու իմ երկրի նախագահին: Ինչ վերաբերում է այն ուժերին, որոնք արհեստականորեն ընդդիմանում են, ապա նշեմ, որ նախագահական խիստ համակարգերը բերում են անձնակենտրոնության: Ասում են՝ դե մինչև հիմա դուք եք կառավարել, թողեք մի քիչ էլ մենք կառավարենք, կարծես թե իրենց հոր բոստանն է, և իրենք էլ պետք է կառավարեն»:

ՀՀԿ-ականը նշեց, թե հայեցակարգն արժանացել է նաև Վենետիկի հանձնաժողովի դրական գնահատականին, ուստի «ազգովի պետք է որոշում կայացնենք. ազգովի գնո՞ւմ ենք բարեփոխումների ճանապարհով, թե՝ ոչ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Անահիտ (ԵՊՀ) says:

    Վահրամ, քեզ էլ ենք լավ ճանաչում թե համալսարանից, թե շենքից…
    Հայաստանը համենայնդեպս քո հոր բոստանն էլ չէ…

  2. Կարո says:

    Հարգարժան Անահիտ, Վահրամ Մկրտչյանը, ցավոք, դեռ չի կառավարում երկիրը և չունի այն մտայնությունը, որ Հայաստանն իր հոր բոստանն է: Սույն որակումը վերաբերում է ընդդիմության այն հատվածին, ովքեր պատրաստ են տևական ժամանակ ամբոխի ականջներին հաճոյանալու նպատակով հնչեցնել ուտոպիական երազանքների մի ամբողջ բույլ, ստանալ քաղաքական պաշտոններ, քաղաքական ընտրանու մաս կազմել և քաշվել իրենց բները՝ իշխանություններից պահանջելով նորանոր պորտֆելներ ու մանդատներ: Երանի, բոլորը ունենային Վահրամ Մկրտչյանի բարոյական նորմերին և քաղաքական ուղուն հարիր կենսակերպ ու մտածելակերպ: Տվյալ պարագայում հաստատ ամեն բան այլ կերպ կլիներ…

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031