Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի դուստրը, խնամին հաղթեցին

Դեկտեմբեր 11,2014 15:53

Դատարանն արձանագրել էր, որ «սույն գործի փաստերի համաձայն՝ հայցվորները չեն օգտվել վերը նշված հոդվածով նախատեսված, այն է՝ վեճն արտադատարանական կարգով լուծելու հնարավորությունից»:

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմիզար Հովսեփյանը նոյեմբերի 28-ին կայացրել է վճիռը, որը պաշտոնապես ստացել ենք այսօր:

Հայցադիմումը ներկայացրել էին ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի դուստրը՝ Նարինե Սարգսյանը, խնամին՝ ԿԲ ֆինանսական վերահսկողության վարչության պետ Հրանտ Սուվարյանն ընդդեմ Սուսաննա Դավթյանի, Լեմբերիկ Խաչատրյանի, երրորդ անձ ճանաչված «Առավոտ» օրաթերթի՝ պատվին, արժանապատվությանը  պատճառված վնասի  փոխհատուցման պահանջի վերաբերյալ:

23 էջանոց վճռով հայցը բավարարվել է մասնակի:

Դատարանը պարտավորեցրել է պատասխանողներին՝ Սուսաննա Դավթյանին եւ Լեմբերիկ Խաչատրյանին www.aravot.am-ի միջոցով հրապարակայնորեն հերքել նշված տեղեկատվությունը, եւ հերքման տեքստը տպագրել օրաթերթում:

Համապարտության կարգով պատասխանողներից հօգուտ վարչապետի դստեր եւ խնամու կբռնագանձվի  100 000-ական դրամ գումար, որպես «փոխհատուցման» գումար:

Նույնքան գումար պետք է բռնագանձվի նաեւ պատասխանողներից՝ որպես հայցվորների փաստաբանի խելամիտ վարձատրության ծախս:

Հիշեցնենք, որ հայցվորները զրպարտության համար պատասխանողներից պահանջել էին իրենց հայցում 300 000 դրամ, փաստաբանի համար էլ՝ 250 000 դրամ:

Գործը դատարան էր ընդունվել այս տարվա ապրիլի 18-ին:

Վիճարկվող հրապարակումները եղել են այս տարվա փետրվարի 7-ին՝ «ՀՀ վարչապետի դուստրն ու խնամին տիրացել են իմ ունեցվածքին» եւ փետրվարի 8-ին՝ «Վարչապետի խնամին հողատարածք է խլո՞ւմ» վերնագրերով:

Քաղաքացիներն, ըստ այդ հրապարակումների, պատմել էին, որ վարչապետի դուստրն ու խնամին տիրացել են իրենց ունեցվածքին, քարե ավտոտնակին:

Ի դեպ, մեր լրատվամիջոցը փետրվարի 8-ի հրապարակմամբ լսել էր երկրորդ կողմին՝ Հրանտ Սուվարյանին, որը պատասխանել էր, թե այդ հողատարածքը իրենց հետ կապ չունի, այդ հողատարածքի կողքի տունն էլ տղայի տունն է, իսկ «Լեմբերիկ Խաչատրյանի կառուցած քարե շինությունը՝ ավտոտնակը,  գտնվում է նրա հարեւանի՝ Արթուր Խաչատրյանի հողատարածքում: Իրենք իրար հետ վաղուց են պայմանավորվել կառուցման հարցում, հիմա չգիտեմ՝ ինչ խնդիրներ են առաջացել, խնդիրներն իրենց մեջ են: Մենք կապ չունենք»:

Դատարանն իր իրավական գնահատականներում նշել էր, որ հրապարակումը հասանելի է եղել բազմաթիվ թվով անձանց.

«Հոդվածի բովանդակությունից ակնհայտ է, որ պատասխանողը չի անդրադարձել ստույգ փաստերի, մասնավորապես, որեւէ ապացույց չկա այն մասին, որ «հայցվորները ուրիշի ունեցվածքին ապօրինաբար տիրացել են», տիրացել են քարե շինությանը:

Դատարանի մեկ այլ գնահատականի համաձայն, պատասխանողների պատճառաբանությունները անհիմն են. «Հրապարակման մեջ եղած արտահայտությունները հասցեագրված են հայցվորներին «հրապարակային արտահայտված խոսքի միջոցով, նրանց պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավն արատավորելու նպատակով արված հրապարակային արտահայտություններ են, որոնք չունեն որեւէ փաստական հիմք եւ զրպարտություն են»:

Այն, որ վեճն արտադատարանական կարգով լուծելու հնարավորությունից հայցվորները չեն օգտվել, այդքան էլ այդպես չէ, քանի որ դրա անհրաժեշտությունն ի սկզբանե չի եղել, քանի որ մեր լրատվամիջոցը տվել է հնարավորություն հայցվորներին հրապարակումը պատրաստելու ընթացքում ասել իրենց խոսքը, ներկայացնել, եւ որեւէ սահմանափակում չի եղել: Առնվազն տարօրինակ է հերքել մի բան, երբ հրապարակման մեջ արդեն իսկ կողմը հերքել էր:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031