«Եթե ընդդիմության մեծ մասը քվեարկում է հօգուտ մի կազմակերպության, որը չկա, դա խոսում է լուրջ ճգնաժամի մասին»,- այսօր՝ դեկտեմբերի 11-ին, «Տեսակետ» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:
Նա համարում է, որ ընդդիմությունը Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությանը ո՛չ պետք է դեմ քվեարկեր, ո՛չ էլ՝ կողմ, այլ պետք է բացատրեր, որ չի քվեարկում, որովհետեւ իր համար պարզ չէ, թե դա ինչ կազմակերպություն է:
Անդրադառնալով Ազգային ժողովի պատգամավոր Մհեր Սեդրակյանի հայտարարությանը, թե Հայաստանը սովոր է ուրիշի լծի տակ ապրել՝ Ստեփան Գրիգորյանը նշեց, որ ռուսական լծի տակ գտնվելը մահ է հայ ազգի համար. «Ռուսաստանը մեծ երկիր է, հայը գնում է այնտեղ եւ ձուլվում է: Թռե՞լ եք Երեւան-Ստամբուլ ինքնաթիռով, այնտեղ բոլոր հայերը խոսում են հայերեն, իսկ դուք թռե՞լ եք ռուսական ավիաուղիներով, այնտեղ բոլոր հայերը միայն ռուսերեն են խոսում: Այո՛, Ռուսաստանի հետ պետք է աշխատել, բայց Ռուսաստանը մեծ երկիր է, այդ ձուլումը միտումնավոր չի լինում. Ռուսաստանն անծայրածիր երկիր է»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ