Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Գրիգորյանը՝ ԵՏՄ-ի մասին. «Հայաստանը մտնում է մի կազմակերպություն, որը չկա»

Դեկտեմբեր 11,2014 15:25

«Բացասական հետեւանքները շատ լուրջ են լինելու»,- այսօր՝ դեկտեմբերի 11-ին, «Տեսակետ» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությանը, հայտարարեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

Նրա խոսքերով՝ Եվրասիական տնտեսական միությունը ռեալ աշխատող ինստիտուտ չէ: Ստեփան Գրիգորյանը համարում է, որ Հայաստանը մտնում է մի կազմակերպություն, որը չկա: Նա նշեց, որ Ռուսաստանը փակել է իր սահմանները Բելառուսի առջեւ, Բելառուսն էլ իր հերթին փակել է իր սահմանները Ռուսաստանի սահմանների համար. «Այդ ինստիտուտը դեռ նոր է ստեղծվել, դեռ պարզ չէ, թե ինչպե՞ս է աշխատելու, բայց ժամանակը ցույց է տալիս, որ մեծ խմորումներ կլինեն: Դեռ պարզ չէ, թե ինչպե՞ս է աշխատելու Մաքսային միությունը, ինչպե՞ս է աշխատելու Եվրասիական տնտեսական միությունը: Այն սպասելիքները, որ առանձին մարդիկ ունեին, պարզ չէ, թե երբ կաշխատեն»:

Անդրադառնալով Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներին՝ պարոն Գրիգորյանը նկատեց, որ պատժամիջոցների տակ գտնվող ռուսական կազմակերպություններն իրենց մասնաճյուղերն ունեն Հայաստանում, այսինքն՝ այդ պատժամիջոցներն ազդելու են նաեւ Հայաստանի վրա. «Դժբախտաբար, հարաբերությունների սրումը շարունակվում է: Երկու օր առաջ Լավրովը հայտարարեց, որ չի բացառվում, որ իրենք դիմեն իրենց Եվրասիական տնտեսական միության գործընկերներին, որ իրենք միանան պատասխան պատժամիջոցներին: Դա ուղղակի կշոշափի մեր անվտանգությունը, մեր շահերը»:

Ստեփան Գրիգորյանը հավելեց, որ ազատության հետ խնդիրներ են լինելու: Նրա խոսքերով՝ Ռուսաստանը կարող է հայտարարել, որ Հայաստանում առկա ազատությունը նորմալ չէ: Ըստ նրա՝ Եվրասիական տնտեսական միություն անդամակցության հետեւանքով միջազգային կառույցների հետ Հայաստանի հարաբերություններն էլ կվտանգվեն. «Դա սպառնալիք է Հայաստանի անկախության համար: Պայքարը շարունակվում է, Ռուսաստանը, հաշվի առնելով, որ մենք իր ռազմավարական գործընկերն ենք կարող է մեզնից ակնկալել համապատասխան կոշտ քայլեր»:

Անդրադառնալով Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության անդամակցության դրական կողմերին՝ Ստեփան Գրիգորյանը հայտարարեց, որ ինքը դրական կողմեր չի տեսնում. «Ես կողմնակից եմ, որ Ռուսաստանի հետ զարգացնենք երկկողմ հարաբերություններ, ես դեմ եմ բազմակողմանի հարաբերություններին: Երբ որ մտնում եք ԵՏՄ, դուք ստանձնում եք պարտավորություններ մի քանի պետությունների առջեւ: Ես ինչո՞ւ պետք է պարտավորություններ ստանձնեմ Բելառուսի համար: Բելառուսը գտնվում է Եվրոպայի կողքին, իր սահմանները բաց են, խնդիր չունի: Ես կարծում եմ, որ իմ վատատեսությունը կապված է նրա հետ, որ չեմ տեսնում, որ ԵՏՄ-ն կամ ՄՄ-ն կաշխատեն»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031