Լրահոս
Օրվա լրահոսը

Կոռնիձորի Արոն՝ ազատամարտիկներին ծեծի ենթարկելու մասին.«Միգուցե վարչապետին պատասխանելու արդյունք էր»

Դեկտեմբեր 11,2014 15:12

«Մենք կալբասի կռիվ չտվեցինք»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսին անդրադառնալով ազատամարտիկների՝ ծեծի ենթարկվելու փաստին, այսպիսի կարծիք հայտնեց Կոռնիձոր ջոկատի հրամանատար, ԵԿՄ հիմնադիր առաջին նախագահ Արա Խուդավերդյանը (Կոռնիձորի Արո):

«Իրավունք և աջակցություն հիմնադրամի» տնօրեն, Նախախորհրդարանի անդամ Գագիկ Սարուխանյանը նկատեց. «Նախախորհրդարանի անդամների մեքենաների այրելը, Գևորգ Սաֆարյանի դեմ մահափորձը և այս դեպքերը, ռեժիմի ցանկացած գործողություն ուղղված է Նախախորհրդարանի դեմ: Հնչեղություն ստանալու առումով անգամ եռյակին պաշտպանած տղաներին կարող են փուռը տալ, որ ուշադրություն շեղեն Նախախորհրդարանի գործունեությունից»:

Պարոն Սարուխանյանը տեղեկացրեց, որ Նախախորհրդարանի հերթական երթը լինելու է դեկտեմբերի 20-ին դեպի Արցախ: Նաև հավելեց, թե «քանի որ Արցախ մեկնելու են Սյունիքով, ուստի իրենց տեղի պատասխանատուին տեղի կրիմինալ հեղինակության՝ Լիսկայի թիկնապահը, սպառնացել է սպանել» ու մանրամասնեց. «Իրեն կանչել են զրույցի: Ի՞նչ ընդհանուր բան ունեն, ռեժիմի ներկայացուցիչը և ազատական մտածելակերպ ունեցող երիտասարդը»: Ըստ նրա՝ տղաներից շատերը խաբվել են, քանի որ ոչ ճիշտ ճանապարհով էին գնում:

Ազատամարտիկ, նախկին դաշնակցական Պավլիկ Մանուկյանը մտահոգություն հայտնեց, թե իրենց ընդդիմություն կոչել ցանկացող ուժերը լռելյայն հաշտվում են ժողովրդի սպիտակ եղեռնի հետ, ինչպես նաև ազատամարտիկները գուցե սխալ գնալու ճանապարհով են գնացել, դրա համար այսօր ծեծի են ենթարկվել. «Խնդիրն այն չէ, որ իշխանությունները փորձում են անհատներին վախեցնել: Այս հոգեբանական ընկճումը թե ժողովրդի, թե հայ զինվորի, թե ազգաբնակչության վրա համարում եմ, որ մոտ մեկ զորագունդ մենք կորցրինք: Իսկ այսօր ուղղակի թքում են մեր հոգու մեջ»:

Aravot.am-ի հարցին՝ ի վերջո, ազատամարտիկներին ծեծի ենթարկելը ո՞ր դաշտից է թելադրված՝ իշխանությա՞ն, թե՞ ինչպես նշվեց «եռյակն է փուռը տվել», պարոն Սարուխանյանը պատասխանեց. «Գուցե ավելի է թեժացել պառակտման պրոցեսը, ազատամարտիկները մտածել են, թե ինչ իշխանափոխության հետևից են գնում, և ներքին հակասություններն ավելի են թեժացել: Միևնույն է, մինչև ռեժիմի հեռանալը մենք իրական պատկեր չենք ստանա»:

Արա Խուդավերդյանը այս առիթով նշեց. «Ունենք տղաներ, որոնք ոչ պակաս օլիգարխիկ տնտեսություններ ունեն: Քաղաքական, տնտեսական, ֆինանսական քաղաքականությունն այնքան է խառնվել, որ ինքներս էլ չենք կարող ասել, թե որ իքսի տակ ինչ կիքս է թաքնված: Բայց մի բան առկա է, որ տղաները՝ Մանվելն ու Ռազմիկը, հրավիրվել են հացի և բդխեղդ են եղել, որից հետո Սուրոյին սամասուդ արեցին՝ մեռնելու ակնկալիքով: Փառք իրեն, որ մկանոտ էր և փրկվեց: Եթե ես իմանայի իրենց գործունեության շրջանակները, կասեի հոսանքի ուղղությունը»: Այնուհետև Կոռնիձորի Արոն հիշեցրեց, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոսքերը, թե «նոր մարտի 1 եք ուզում» ու ասաց. «Դրանից հետո Գագիկ Մելքոնյանի բերանով հետ պատասխան գնաց, թե մարտի մեկով թող մեզ չվախեցնեն: Միգուցե դա այդ պատասխանի արդյունք էր»:

Պավլիկ Մանուկյանը համեմատության համար հիշեց ժողովրդական բանահյուսությունը. «Ինչպես ժողովուրդն է ասում՝ արտաշատցու հաց ուտողը բալա չի բերելու: Իշխանության կուտ ուտողը բալա չի բերելու»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031