11 տարի հետո արդարադատության նախարարությունը ներկայացրեց «Հանրապետական գործադիր մարմինների կողմից մշակված կամ նրանց առաքված տեղեկատվության գրանցման, դասակարգման, պահպանման , ինչպես նաեւ տեղեկատվության կամ դրա կրկնօրինակի տրամադրման կարգի» մասին կառավարության որոշման նախագծի դրույթները:
Մեկ այլ քննարկում էլ նախատեսվում է հունվարից հետո:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանն ասաց, որ տեղեկատվության տրամադրման կարգի բացակայությունը լուրջ խոչընդոտ էր, իսկ դատական ատյաններում ասվում էր, որ այն չկա. «ձեւակերպում, որի դեմ ոչինչ չէր արվում»:
Շ.Դոյդոյանն ասաց նաեւ, որ ակնկալում է լուրջ փաստաթուղթ:
Կարդացեք նաև
Արդարադատության նախարարության ներկայացուցիչ Շուշան Ղուկասյանն էլ ասաց, որ ՏԱ օրենքը սահմանել էր, որ յուրաքանչյուր մարմին պետք է ունենա տեղեկատվության ազատության պատասխանատու, ինչը կառավարության մակարդակով գոնե արդեն կա, եւ որ վեբ-կայքերում էլ կա որոշակի ինֆորմացիա այդ մասնագետների մասին:
Փորձագետ Մարինե Հակոբյանի կարծիքով, տեղեկատվություն տրամադրելը եւ տեղեկատվության ձեւավորումը տարբեր գործընթացներ են, այդ գործընթացները խառված են, քանի որ կան «մարդիկ, որոնք հեռախոսով են պատասխանում»: Մինչդեռ ըստ փորձագետի, պատասխանատու անձը ի սկզբանե պետք է աշխատի, նա խորհրդատու է նաեւ, որը ուղղորդում է քաղաքացուն, թե նա ուր դիմի.« Այսինքն՝ մատչելիությունը պետք է ապահովի մինչ հարցում անելը»:
ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը հայտնեց, որ լուծվել է պետական, տեղական ինքնակառավարման մարմիններում տեղեկատվության պատասխանատուների հարցը:
Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների կողմից նշանակվում է պատասխանատու պաշտոնատար անձ կամ՝ լրացուցիչ պաշտոնատար անձինք:
Ըստ նրա՝ կան բազմաթիվ հարցեր, որոնք քննարկման փուլում են, մասնավորապես, էլեկտրոնային ստորագրության, տեղեկատվության դասակարգման, ունիվերսալ դասակարգիչների, տեղեկատվության կամ դրա կրկնօրինակի հարցերը: ԻԱԿ իրավաբան Գեւորգ Հայրապետյանի բարձրացրած հարցերից մեկն էլ այն էր, թե ինչու մինչեւ տասը էջն անվճար է, իսկ, օրինակ, օրենքով էլ չի սահմանվել, թե տասից հետոն որքան է:
Ի դեպ, Շուշան Դոյդոյանը բերեց մի քանի հակասություն, որոնք առկա են ՏԱ օրենքի եւ այլ օրենքների միջեւ: Մասնավորապես, մեկ էջը հազար դրամ է, իսկ հասարակական կազմակերպության մասին ինֆորմացիան՝ երեք հազար դրամ:
Ըստ արդարադատության նախարարության ներկայացրած կարգի, տեղեկատվության ազատության ապահովման համար պատասխանատու է պաշտոնատար անձը: Սակայն քննարկման ժամանակ առաջ քաշվեց հետեւյալ հարցը. ում դատի տալ տեղեկատվություն չտրամադրելու, ՏԱ օրենքը խախտելու համար:
Այս կարգի 7-րդ կետի համաձայն, «թղթային տարբերակով, դիմումատուի համակարգչային ցանցի էլեկտրոնային փոստային հասցեից, մագնիսական սկավառակին գրանցված վիճակում կամ պետական կառավարման մարմինների պաշտոնական կայքին «Գրեք նամակ» կամ տեղեկատվությունը լրացնելուց հետո, նույնականացման քարտի կամ էլեկտրոնային թվային ստորագրությամբ, տվյալ մարմնին ուղարկված նամակները ավտոմատ մուտքագրվում են ՀԳՄ համակարգ, շրջանառվում, ներքին գործավարության կարգով, դիմումատուն առցանց կարող է հետեւել իր նամակի ընթացքին»: Մասնագետ, հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Գրիշա Խաչատրյանն անդրադարձավ դիմումների դասակարգմանը: Նա առաջարկեց մտածել տերմինաբանության մասին, մասնավորապես, վերանայել կարգում առկա «էլեկտրոնային կայք», «մագնիսական սկավառակ», «հստակեցնել «տեղեկատվության», թե «տեղեկություն» բառերը:
Կան տեղեկություններ, որոնք պարզաբանման համար են արվում, մինչդեռ, պետք է հստակեցվեն, հարցո՞ւմ է դա, թե՞ պարզաբանում:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ