Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տնտեսագետ. «Մենք գնում ենք մեր պահուստները քամուն տալու ճանապարհով» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 11,2014 14:07

Տնտեսագետ Զոյա Թադեւոսյանն այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում ամփոփելով 2014 թվականի տնտեսական միտումները՝ նշեց, որ այն տնտեսական դրությունը, որն առկա է Հայաստանում, կարելի է համարել վատթարագույն իրավիճակը: Ըստ նրա` եթե նախորդ տարիներին ինչ-որ չափով տնտեսական աճ ապահովվում էր, ներկայումս նկատվում է տնտեսական անկում:

«Հայաստանի տնտեսական ակտիվությունը բավականին տխուր պատկեր ունի եւ դա չափազանց տրամաբանական է, քանի որ այն հիմնական գործոնը, որը յուրաքանչյուր երկրի տնտեսական զարգացման ապահովման պատասխանատուն է` աշխատուժն է, որն էլ լքում է երկիրը»: Տիկին Թադեւոսյանի խոսքով` իշխանությունները ոչինչ չեն անում իրավիճակը շտկելու համար, իսկ ֆինանսական ծանր հարվածները, որ ստանում է Հայաստանը արտաքին աշխարհից, ապացուցում են, որ տնտեսությունը ի զորու չէ դիմակայելու ոչ մի հարվածի. «Ես կարծում եմ, որ այս իրավիճակը դեռ երկար կշարունակվի, քանի դեռ այս իշխանությունները չեն արժեւորում մարդու դերն ու նշանակությունը»:

Ասուլիսի մեկ այլ մասնակից, տնտեսագետ Վարդան Բոստանջյանն էլ հակադարձեց տիկին Թադեւոսյանին` նշելով, որ հնարավոր չէ, որ տնտեսական ծանր դրությունը երկար շարունակվի, քանի որ համաժողովրդական շարժումը լայն թափ է ստանում:

Բանախոսներն ասուլիսին նաեւ անդրադարձան դրամի արժեզրկման խնդրին եւ Կենտրոնական բանկի վարած քաղաքականությանը: Վարդան Բոստանջյանի խոսքով` դրամի արժեզրկումը ցույց տվեց, որ հայկական արժույթը կեղծ կատեգորիա է. «Մեր տնտեսության կախվածությունը Ռուսաստանի ռուբլուց բերեց չկառավարվող իրավիճակի Հայաստանի արժութային շուկայում եւ այս պարագայում Կենտրոնական բանկը շատ դժվարությամբ, բայց անում է հնարավոր իրենից կախված ճիշտ քայլերը»:

Մանրամասն` տեսանյութում

Իսկ Զոյա Թադեւոսյանն էլ չհամաձայնեց իր գործընկերոջ հետ եւ ասաց, որ Կենտրոնական բանկի վարած քաղաքականությունն այս պարագայում տանում է ընդամենը դրամի արժեզրկումը ինչ-որ մակարդակի վրա պահելուն, որը ծառայելու է  մոնոպոլ ներկրողների բիզնես-շահերը բավարարելու համար:

Տիկին Թադեւոսյանի խոսքով` աշխարհի բոլոր երկրներում արժույթի արժեզրկումը տանում է ներքին արտադրության մրցունակության աճին եւ որ հիմա Հայաստանում արտադրելու եւ արտահանելու իրական հնարավորություն կա. «Մենք գնում ենք մեր պահուստները քամուն տալու ճանապարհով եւ դրա համար այս իշխանությունները պատասխանատվություն պիտի կրեն: Մեր պահուստները ապահովագրական ֆոնդեր են, դրանք մեզ ցանկացած պահի պետք կգան, մենք շրջափակված երկիր ենք»:
Մանրամասն` տեսանյութերում

Ինչ վերաբերում է 2015 թվականի բյուջեին` Վարդան Բոստանջյանը նշեց, որ բյուջեն լավատեսական տրամադրություն չի ստեղծում` պայմանավորված այն հանգամանքով, որ տնտեսական հարաբերությունների համար նախատեսված ծախսերը կրճատվել են 23 միլիարդ դրամով. «Բայց միեւնույն ժամանակ, ոստիկանությանը եւ ազգային անվտանգությանը հատկացվող գումարները 45 միլիոն դոլարով ավելացրել են, եւ դուք ուզում ենք մենք 2015 թվականին հաջողության հասնե՞նք: Ամբողջ ծախսային ինստիտուտի 18.5 տոկոսը միայն իշխանություններին վարձատրության համար է: Դա էլ այն իշխանությունները, որոնք սամակատ էլ չեն պատկերացրել, հիմա թանկարժեք մեքենաներ են վարում»:

Մանրամասն` տեսանյութում

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031