Այսօր «Հայելի» ակումբում իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն ազատամարտիկների ծեծի հետ կապված գնահատական տալիս ասաց, որ իրավապահ մարմինների համար սա հստակ պատվի հարց է՝ բացահայտելու այդ գործը:
Խոսելով ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի որակումների եւ լրագրողների հետ վերջին զրույցի մասին՝ Ավետիք Իշխանյանն ասաց, որ ոստիկանապետը չպետք է քաղաքական գործիչ լինի. «Նա քաղաքական վերլուծություններ անելու իրավունք չունի: Նրա լիազորություններն են կանխարգելել հանցագործությունները, պահպանել հասարակական կարգը, մարդու իրավունքները: Նա հայտարարություն է անում հնարավոր իշխանափոխության մասին եւ փաստորեն հայտարարում, որ գործակալներ ունի տարբեր կուսակցություններում: Փաստորեն, բացահայտվեց այն, ինչ մենք կասկածում էինք: Խորհրդային տարիներից գիտեինք, թե ինչ տոտալ վերահսկողություն կա մարդկանց նկատմամբ: Դրա շարունակությունն է: Վլադիմիր Գասպարյանի ասածն ուղղակի շշմելու բան է: ԱԱԾ-ի պետն այդպես բացահայտ չի ասում, նա ավելի խորամանկ է, բայց նրանք ավելի շատ գործակալներ կունենան»:
Վաստակավոր գործիչ, Տիկնիկային թատրոնի ղեկավար Ռուբեն Բաբայանը եզրակացրեց. «Փաստորեն, գործակալները կուսակցություններում ավելի շատ են, քան քաղաքական գործիչները»:
Ավետիք Իշխանյանը հիշեցրեց, որ 90-91-ին լյուստրացիա չարվեց. «Դա կլիներ հասարակության առողջացման համար անհրաժեշտ պայման: Ոստիկանապետը Նախախորհրդարանի մեքենաների հրկիզման հետ կապված խորհրդավոր բան ասաց, թե ինչո՞ւ էին այդ մեքենաները կանգնել այնտեղ, որտեղ չկային տեսախցիկներ: Ուրեմն այն տարիներին, երբ տեսախցիկներ ընդհանրապես չկային, ուրեմն ընդհանրապես պետք է չբացահայտվե՞ր որեւէ հանցագործություն: Սա՞ է նրա ասածը: Տեսախցիկ չկա, բայց 6-7 մեքենա է հրկիզվել, մարդիկ են ծեծվել՝ հայտնաբերեք, այդ ի՞նչ խորհրդավոր միտք էր: Ոստիկանապետն այդպիսի բան ասելու իրավունք չունի: Սա քննություն է ոստիկանապետի համար: Եթե նա հայտնաբերեց այդ դեպքերը, հրկիզումները, ես ներողություն կխնդրեմ»:
Կարդացեք նաև
Ավետիք Իշխանյանը գտնում է, որ պարտադիր չէ, որ ազատամարտիկներն անպայման հայտարարություն տան ոստիկանությունում, թերթերում գրվել է՝ դա հիմք է: Թեեւ նա չի ընդունում հայտարարություն չտալը, ինչքան էլ գտնենք, որ իրավական երկրում չենք ապրում:
Ռուբեն Բաբայանը հիշեցրեց մեր էպոսը՝ ասելով, որ եղել են Սանասար ու Բաղդասար, բայց ունեցել ենք նաեւ Ցռան Վերգո. «Մականունով եւ ամբողջ էությունով այդ մարդկանց հետ ուղիղ կապ կա Ցռան Վերգոյի հետ»:
Մեր հարցին՝ այս ընթացքում ազատամարտիկները ակտիվ չէին գործում, հակաիշխանական ելույթներ չէին ունենում, պասիվ էին, ո՞րն էր շարժառիթը ազատամարտիկներին հիմա ծեծելու՝ Ռուբեն Բաբայանն ասաց, որ քրեական աշխարհը մեր տրամաբանությամբ չի շարժվում: Իրենք ունեն իրենց տրամաբանությունը: Իսկ Ավետիք Իշխանյանը հիշեցրեց, որ Վլադիմիր Գասպարյանը գործակալներ ունի, երեւի մի բան իմացել է, լսել է:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ