Լրահոս
Օրվա լրահոսը

Ավետիք Իշխանյանը խախտում է անմեղության կանխավարկածը. «Սա պետական ահաբեկչություն է, իրենք ողորմելի ղզիկ են»

Դեկտեմբեր 11,2014 13:05

«Ես քանի որ պետական պաշտոնյա չեմ, խախտում եմ անմեղության կանխավարկածը եւ հայտարարում, որ սա պետական ահաբեկչություն է»,- այսօր «Հայելի» ակումբում հայտարարեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ ազատամարտիկների ծեծի, մեքենաների հրկիզման դեպքի միջադեպերի հետ կապված: Նրա խոսքերով՝ ինչպես ոստիկանապետն ասում է, որ ինքն օրենքի մարդ է, «թող ինձ ապացուցեն, որ այդ 8-9 դեպքերով՝ ծեծի, հրկիզման, ոստիկանությունը գործում է  օրենքի շրջանակներում, բոլոր գործերը բացահայտվել են, սրանք են հանցագործները, պատժվողները, ես ներողություն կխնդրեմ զրպարտության համար եւ նույնիսկ կդատվեմ: Ես չեմ հավատում, որ որեւէ պետության մեջ, որտեղ կան իրավապահ մարմիններ, հնարավոր չլինի պարզել 6-7 հրկիզումների հեղինակներին եւ ծեծողներին»:

Նա ասաց, որ սա անպատժելիության մթնոլորտի արդյունք է. «Նկատի ունենք առանձին դեպքեր, որոնք չեն պատժվում: Անցյալ տարվա գնահատականը որ տանք, ամենաաղմկոտ հարցը Սուրիկ Խաչատրյանին մարզպետ նշանակելն էր: Իշխանությունները ցույց տվեցին, որ իրենց համար 0 արժեք ունի մարդկային արժանապատվությունը: Անպատժելիության մի ձեւը դա էր: Հետո Նախախորհրդարանի անդամների մեքենաների հրկիզումն էր եւ նրանցից մեկի դաժան ծեծը, հետո ազատամարտիկների դաժան ծեծը»:

Ըստ Ավետիք Իշխանյանի, 1 դեպք չի, որ ասեն ոստիկանությունը չկարողացավ պարզել. «Ես այստեղ երկու վարկած եմ տեսնում: Մեկն այն է, որ իշխանության հրահանգով քրեական տարրերի կողմից ահաբեկչություն են արել,որ այդ մարդկանց եւ մյուսներին վախեցնեն: Երկրորդ վարկածով՝ իշխանամերձ ինչ-որ անձի կողմից է կատարվել՝ առանց համաձայնության: Կարծում եմ, որ սա չի պարզվի եւ էլի պատվիրողը չի բացահայտվի»:

Արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Բաբայանը համաձայնեց Ավետիք Իշխանյանի հետ: Ըստ նրա, սա շատ է նման գողական սխոդկայի՝ եկեք սրան պատժենք. «Երբ չկան փաստարկներ, հնարավորություն նորմալ բանավիճելու եւ ապացուցելու քո ճշմարտությունը, սկսում են քրեածին աշխարհում ընդունված մեթոդների դիմել: Քրեական մտածողությունը միայն գործողությունները չեն, դա նաեւ այն լեքսիկոնն է, որով խոսում են բարձր պաշտոնյաները: Սա ահավոր բան է: Երկիրը մի կողմ է թողել օրենքը, քաղաքակրթությունը եւ փորձում է շարժվել այս օրենքներով: Սրա ավարտը կլինի կամ դաժան դիկտատուրա, կամ վենդետա: Յուրաքանչյուր մարդ իր մեջ կրում է արդարության ձգտում: Ինձ համար կարեւոր է ոչ թե հայտնաբերելն ու պատժելը, ժամանակին նախագահի թիկնապահը Պապլավոկի գործով պատժվեց, բայց դա հարց չլուծեց»:

Նա դիմեց մականունավորներին՝ կոչ անելով չհպարտանալ մականուններով. «Որ ասում են թաղային հեղինակություն, հեղինակություն բառը կապ չունի այստեղ, դա ուրիշ ոլորտից է: Մականունը գրական անուն չի, որ այդքան հպարտանում են, որ մականուն ունեն: Եթե չփոխվի ընդհանուր մթնոլորտը, մենք այդպիսի դեպքեր կունենանք մշտապես»:

Ռուբեն Բաբայանը նշեց, որ իր համար շատ ծանր է ազատամարտիկի վրա ձեռք բարձրացնելը. «Պատերազմ անցած մարդիկ շատ ծանր բեռ են կրում: Մենք հաճախ մի քանի անհատով ենք դատում, որ հաջողված բիզնեսմեններ են, բայց նրանք հիմնականում ծանր կյանքով ապրող են, ահավոր անպաշտպան են»:

Ավետիք Իշխանյանի խոսքերով՝ «Մենք բակի տղա ենք եղել, ամեն ինչ էլ տեսել ենք, եւ այսպիսի բան կա՝ ովքեր որոշում են կայացրել ազատամարտիկներին ծեծելու, ովքեր ուղարկել են ծեծելու, իրենք ողորմելի են, իրենք ղզիկ են: Եթե իրենք ուզում էին նրանց ծեծեին, թող անձամբ գնային ծեծեին: Ողորմելի են նաեւ այդ քրեական տարրերը, որոնք իմանալով, որ պաշտպանված են, սողում են իրենց պատվեր տվողների առաջ եւ գնում են իբրեւ թասիբով տղա հետեւից հարձակվում ծեծում են առանց երեւալո՞ւ: Հետո էլ խոսում են, որ իրենք տղամա՞րդ են: Իրենք ողորմելիության ոչնչություն են՝ ե՛ւ պատվեր տվողը, ե՛ւ իրենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. վահան says:

    Էս տականքներին գլխներիս դնելու համար կռվեցին, արյուն թափեցին ու զոհվեցին մեջներս եղած կարգին մարդիկ? Մարդասպան – թալանչիների, սրիկա դերասանների, գրպանահատ խաբեբաների, հաց ու փողի համար իրենք իրենց ծախողների, երկիր ավերող քրեականների համար? Ինչ պետություն, ինչ մասխարա:՜ Սարքեցին գոմ, գաղութ, բանտ ու բիրդակ: Ինչ՜ Հայաստան – հայհույստան:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031