ԱՄՆ-ի Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովը հրապարակել է Կենտրոնական հետախուզական վարչության կողմից (ԿՀՎ) հարցաքննությունների ընթացքում գործածվող միջոցների մասին զեկույց։ 5ՕՕ-էջանոց զեկույցը նկարագրում է ահաբեկչությունների մեջ կասկածվող անձանց ջրախեղդ անելու և դաժան այլ միջոցներով հարցաքննությունների ենթարկելու փորձառության մասին մանրամասներ։
Զեկույցի հիմքում օվկիանոսի հակառակ կողմում Կենտրոնական հետախուզական վարչության կողմից 119 անձանց նկատմամբ իրականացված հետաքննության ընթացքն է, որի ժամանակ կիրառվել են խոշտանգումներ։ Հանձնաժողովի նախագահ սենատոր Դայան Ֆայնստայնի խոսքով՝ խստագույն այս միջոցներն իրականում չեն էլ տվել կասկածյալներից անհրաժեշտ տեղեկություններ կորզելու հնարավորություն։
Ըստ 4Օ միլիոն դոլար արժողությամբ այս զեկույցի, ԿՀՎ-ը սխալ գաղտնի տեղեկություններ է հաղորդել Սպիտակ տուն՝ այդ թվում Լեհաստանում ու Ռումինիայում գործող գաղտնի բանտերում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Խոսքը հատկապես ջրախեղդ անելու միջոցով հարցաքննությունների մասին է։ Ի դեպ, սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումները կազմակերպելու մեջ մեղադրվող Խալիդ Շեյխ Մուհամեդին նման միջոցով են հարցաքննել 183 անգամ։
ԿՀՎ-ի գործակալները կիրառել են նաև հետանցքային սնուցում, որոշ կալանավորների նկատմամբ իրականացվել է մի քանի հարյուր ժամ արթուն պահելու միջոցով տանջամիջոցը, սպառնացել են վնասել նրանց ընտանիքի անդամներին։ Մեկ դեպքում իրականացվել է սեռական անարգանք։
Կարդացեք նաև
ԿՀՎ-ը ընդունում է թույլ տրված սխալը։ Սակայն վարչության տնօրեն Ջոն Բրենանն ասել է, թե այս հարցաքննությունների արդյունքում կասեցվել են այլ հարձակումներ ընդդեմ ԱՄՆ-ի, փրկվել են մարդկային կյանքեր, հնարավոր է դարձել հայտնաբերել «Ալ-Ղաիդա»-ի առաջնորդ Ուսամա բին Լադենին։ Արդարացումներ, որոնք Սենատի հանձնաժողովի զեկույցը չի ընդունում։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում