Երեկոյան մտա դեղատուն՝ «ճնշման» դեղերի հերթական խմբաքանակը գնելու։ Վերջին մեկ տարում դրանք համարյա կայուն էին։ Նույնքան կայուն, որքան իմ «կախվածությունն» այդ դեղերից։ Ես 15 օրը մեկ գնում եմ բժշկի նշանակած երկու տեսակի դեղահաբերի կեսամսյա պարտադիր պաշարը։ Դրանցից մեկը՝ ավելի էժանը, թանկացել էր մոտ 15 տոկոսով, իսկ ավելի թանկը՝ 22:
Այս տխուր փորձառությունից հետո փորձեցի գտնել գնաճի մասին վերջին պաշտոնական հրապարակումը։ Հարազատ Ազգային վիճակագրական ծառայությունն արդեն հասցրել է հրապարակել «Սպառողական գների ինդեքսը ՀՀ-ում 2014թ. հունվար-նոյեմբերին» հաղորդագրությունը։ Այնտեղ նման կատաղի թանկացումներ չեն արձանագրվել։ Ավելին, հայտարարված է, որ գների ինդեքսն աճել է 2,6 տոկոսով։ Ընդ որում, պարենային ապրանքներինը 3,2 տոկոսով, ոչ պարենայինը՝ 1,3: Ահա այսպիսի հովվերգական պատկեր։
Թե «Ինչպե՞ս է մեր վիճակագիրներին հաջողվում այսպիսի համեստ ցուցանիշեր արձանագրել» հարցը համարյա անիմաստ է։ Բայց այնպես չէ, թե այդ հրապարակման մեջ արժանահավատ թվեր չկան։ Պաշտոնական վիճակագրության համաձայն, որքան էլ տարօրինակ լինի, ամենաբարձր գնաճն արձանագրել է տեղական արտադրության միրգ-բանջարեղենը։ Օրինակ՝ տանձն ու խաղողն այս տարվա նոյեմբերին թանկացել են 20 և 18 տոկոսով՝ նախորդ տարվա նոյեմբերի համեմատ։ Նույն ժամանակահատվածում ընկույզի միջուկը թանկացել է 29 տոկոսով։ Բոլորն են հիշում, որ գարնանային ցրտահարությունից ամենաշատն ընկուզենիները տուժեցին։ Բայց միևնույն է, տեղական մրգերից թանկացման ռեկորդակիրն արքայախնձորն է (կորոլյոկ)՝ 33 տոկոս։ Տեղական բանջարեղենն ավելի կատաղի տեմպերով է թանկացել։ Ծաղկակաղամբը մեկ տարվա ընթացքում հասցրել է թանկանալ 18 տոկոսով, լոլիկն ու գազարը՝ 23-ական։ Բայց ռեկորդը կարտոֆիլինն է՝ 78 տոկոս, ու սխտորինը՝ 84:
Արա ԳԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում