Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Շաբոյան. «Թանկացումները փոխարժեքի հետ համահունչ են»

Դեկտեմբեր 11,2014 12:11

Այսօր կառավարության նիստին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ ներկայացրեց գնաճի վերաբերյալ կատարած ուսումնասիրությունների արդյունքները:

Ըստ Շաբոյանի՝ ուսումնասիրությունները կատարել են նոյեմբերի սկզբից մինչեւ դեկտեմբերի 10-ը: Շաբոյանն ասաց, որ ուսումնասիրել են այն շուկաները, որտեղ խոշոր տնտեսվարողներ կան: Շուկայում առանձնացրել են, Շաբոյանի ներկայացմամբ, սոցիալական նշանակության 17 անուն ապրանքներ՝ շաքարավազ, կարագ, միս, ալյուր, ձու, հավի միս եւ այլն: Հանձնաժողովի նախագահի խոսքերով՝ «Այս պահի դրությամբ թանկացումները փոխարժեքի հետ համահունչ են: Վերջին շրջանում հայկական դրամն արժեզրկվել է 13 տոկոսով, ինչը ազդել է ապրանքների թանկացման վրա»:

Դրամի արժեզրկումը ազդել է նաեւ կաթնամթերքի գների վրա, որովհետեւ այս ապրանքի ինքնարժեքի մեջ մտնող հումքային որոշ բաղադրիչներ ներմուծվում են: Ձմռան ամիսներին հանրապետությունում կաթնամթերքի արտադրության ծավալները նվազում են եւ փոխարժեքը կարող է ներմուծված կաթի փոշու միջոցով ազդեցություն թողնել կաթնամթերքի գների բարձրացման վրա: Ինչպես ասաց պարոն Շաբոյանը՝ սա դեռ վերջնական դիրքորոշում չէ. «Մենք լայնածավալ ուսումնասիրություն ենք սկսել՝ հաշվի առնելով, որ կաթնամթերքի ոլորտը հասարակական հնչեղություն է ստացել: Ուսումնասիրության ավարտից հետո մենք վերջնական դիրքորոշում կներկայացնենք»:

Շաբոյանի ներկայացմամբ՝ կաթը կամ պանիրը, որոնք արտադրվում են անարատ կաթի հիման վրա, դրանց մասով էական գնային փոփոխություններ տեղի չեն ունեցել: Շաբոյանի խոսքերով՝ «ոչ բոլոր կաթնամթերք արտադրողներն են գները բարձրացրել: Խոսքը հիմնականում վերաբերում է երկու խոշոր արտադրողներին «Աշտարակ կաթ» եւ «Դուստր Մարիաննա»:

Շարունակելով ներկայացնել թանկացումները, Շաբոյանն ասաց. «Օրինակ՝ բրնձի մեկ կիլոգրամը «Երևան Սիթի» խանութների ցանցում արժե 375 դրամ՝ բարձրանալով 325 դրամից: Այսինքն՝ գների փոփոխությունը կազմել է 4 տոկոս, մինչդեռ, Շաբոյանի խոսքով, այդ նույն բրնձի կողքին վաճառվում է նաև «Մառանիկ» անվանումով բրինձը, որը փաթեթավորված է մաքրված, որոշ չափով վերամշակված և համարվում է բրենդային ապրանք, և այդ նույն բրնձի գինը 4 անգամ ավելի է, քան այն բրնձինը, որը գտնվում է հանձնաժողովի ուսումնասիրության տակ»:

Այն ապրանքատեսակները, որոնց գծով ուսումնասիրություններ են կատարվել, դրանց գնային փոփոխությունները տատանվում են 2-13 տոկոսի միջակայքում: դա այն դեպքում, երբ փոխարժեքի արժեզրկումը կազմել է 13 տոկոս: «Կարելի է ասել, որ գնային փոփոխությունները մեծ հաշվով համարժեք են փոխարժեքի փոփոխություններին և փոխարժեքի արժեզրկման վերին շեմը չեն գերազանցում: Այդուհանդերձ, մեր աշխատակիցներն այս պահի դրությամբ կոնկրետ հաշվարկներ են իրականացնում, որպեսզի պարզեն փոխարժեքի ազդեցության ճշգրիտ չափը յուրաքանչյուր ապրանքատեսակի կտրվածքով»,- ասաց Արտակ Շաբոյանը, նաև նշեց, որ այս ապրանքախմբերից բացառություն է կազմում հնդկաձավարը, որի գների էական բարձրացման վրա փոխարժեքի փոփոխությունից բացի ազդել են նաև ձեռքբերման գները, որոնք մեծ չափով ավելացել են: Այս ապրանքատեսակը հայաստանյան տնտեսվարողները հիմնականում ներմուծում են ռուսաստանյան շուկայից, և այս տարվա ընթացքում, պայմանավորված այն հանգամանքով, որ ռուսաստանյան շուկայում հնդկաձավարի բերքը կրճատվել է մոտ 20 տոկոսով, գները կտրուկ ավելացել են: Ռուսական շուկայում հնդկաձավարի գները մի քանի անգամ են ավելացել:

Հանձնաժողովի նախագահը նշեց, որ այն ապրանքատեսակները, որոնց ուղղությամբ ուսումնասիրություններ են իրականացրել, դրանք կազմում են սպառողական գների ինդեքսի մեջ ներառված ապրանքատեսակների ընդամենը որոշ մասը: Հաշվի առնելով, որ առջևում Ամանորն է, Շաբոյանն ասաց, որ շարունակելու են դիտարկումներ իրականացնել շուկայում, հետևել խոշոր ընկերությունների վարքագծին ու նրանց տնտեսական գործունեությանը, որպեսզի թույլ չտան, որ խոշոր ընկերությունները հակամրցակցային գործողություններ իրականացնեն: «Այն խոշոր ընկերությունները, որոնք հակամրցակցային գործողություններ ու չարաշահումներ կիրականացնեն, դրանք մեր կողմից խստորեն կպատժվեն»,- ասաց նա:
«Այս պահին չկա՞ն չարաշահումներ»,- հարցրեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Ի պատասխան, Արտակ Շաբոյանն ասաց, որ այս պահին գները փոխարժեքի հետ համահունչ են, բայց ուսումնասիրությունները շարունակվում են:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031