Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դրամի արժեզրկումն ավելացրել է պետական պարտքը. «Հայոց աշխարհ»

Դեկտեմբեր 11,2014 11:47

Արժութային շուկայում վերջին շրջանում տեղի ունեցող դրսեւորումները պետական պարտքի վրա ունեցել են բացասական ազդեցություն։ Դրամով արտահայտված պարտքը ավելացել է։ Եթե սեպտեմբերին այն 1,8 տրիլիոն դրամ էր, ապա նոյեմբերին գերազանցել է 1,9 տրիլիոնը։

Փոփոխությունը հիմնականում պայմանավորված է պարտքի վերագնահատմամբ։ Ազգային արժույթի արժեզրկման պատճառով Հայաստանի պարտքը ավելացել է շուրջ 100 մլրդ դրամով։ Խոսքը բնականաբար վերաբերում է արտաքին պարտքին։ Ներքին պարտքը բացառապես դրամային է, ինչը նշանակում է, որ ազգային արժույթի արժեզրկումը որեւէ ազդեցություն չի ունենում։

Դրամի արժեզրկման հետեւանքով պարտքի համալրումը, սակայն, դեռեւս վերջնական չէ, քանի որ վերահաշվարկը կատարվել է դոլարի 433 դրամ փոխարժեքով։ Այնինչ այսօր արդեն ամերիկյան արժույթի գինը շատ ավելի բարձր է (տատանվում է 455 դրամի սահմաններում)։ Սա նշանակում է, որ դրամային արտահայտությամբ պետական պարտքը դեռեւս ավելանալու տեղ ունի։

Առաջին հայացքից կարող է տպավորություն ստեղծվել, որ այս փոփոխությունը հանգեցնելու է արտաքին պարտքի սպասարկման ծանրաբեռնվածության ավելացման, որը հավելյալ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն կառաջացնի։ Իրականում իհարկե այդպես չէ։

Հայաստանը շարունակում է ավելի շատ գումարներ ներգրավել, քան մարել։ Ըստ էության, նոր վարկերի հաշվին ստացվող տարադրամով էլ իրականացվում է արտաքին պարտքի սպասարկումը։ Փոխարժեքի փոփոխության ազդեցությունը պարտքի սպասարկման վրա չեզոքացնելու նպատակով ինչպես վարկային միջոցների ներգրավման, այնպես էլ մարումների համար ընդունվում է միեւնույն հաշվարկային միավորը։ Ասենք՝ հաջորդ տարվա պետական բյուջեում հաշվարկային փոխարժեք է ընդունված դոլարի 411 դրամ գինը։

Չնայած այսօր արժութային շուկայում ձեւավորվել է ամերիկյան արժույթի բոլորովին այլ գին, այնուհանդերձ թե՛ վարկերի ներգրավման, թե՛ սպասարկման համար կիրառվելու է այդ փոխարժեքը։ Հաշվի առնելով, որ արտաքին պարտքի սպասարկումը զիջում է նոր վարկերի ներգրավմանը, պետական բյուջեն ազգային արժույթի արժեզրկումից չի տուժում։
Ի տարբերություն դրամայինի, պետական պարտքը դոլարով արտահայտված նույնիսկ նվազել է։ Եթե սեպտեմբերին այն կազմում էր 4 մլրդ 449 մլն դոլար, ապա դեկտեմբերի 1-ի դրությամբ, ըստ ֆինանսների նախարարության ներկայացրած տեղեկանքի, եղել է 4 մլրդ 414 մլն դոլար։ Այլ կերպ ասած, նվազել է 35 միլիոնով։

 

Վասակ ԹԱՐՓՈՇՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝  «Հայոց աշխարհ« թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031