Ովքե՞ր կարող են կանգնած լինել այս ահաբեկչությունների հետեւում։ Եթե «պատահական զուգադիպությունների» ու կենցաղային մոտիվների վարկածները բացառում ենք (իսկ դրանք միանգամից պետք է բացառել, որովհետեւ նման «պատահականություններ» չեն լինում), մնում են մի քանի տարբերակներ, որոնք էլ կփորձենք կետ առ կետ քննարկել։
1. Այս ամենը կազմակերպել են «օտարերկրյա մութ ուժերը», որպեսզի Հայաստանում սրեն ներքաղաքական իրավիճակը եւ զանգվածային բախումներ հրահրեն։ Տեսականորեն նման բան, իհարկե, հնարավոր է, բայց նախ՝ ինչո՞ւ են հարձակումների ենթարկվել բացառապես ընդդիմադիրները, եւ երկրորդ՝ եթե այդպես է, ապա ԱԱԾ-ն պիտի բանուգործը թողներ եւ թեւքերը քշտած՝ փորձեր բացահայտել «օտարերկրյա մութ ուժերին»։ Այնպես որ՝ այս տարբերակը համարյա հարյուր տոկոսով բացառված է։
2. Հարձակման ենթարկվածներն իրենք են կազմակերպել այս ամենը (Վլադիմիր Գասպարյանը մի երկու այդպիսի ակնարկ արեց՝ համենայնդեպս այրված ավտոմեքենաների դրվագներով): Բայց այս տարբերակը նույնպես բացառվում է. ազատամարտիկները հաստատ իրենք իրենց չեն ծեծել։ Բացի այդ էլ՝ եթե այդպես է, ոստիկանությունը պիտի ամեն ինչ անի այդ «կեղծիքը» բացահայտելու համար, մինչդեռ պատճառաբանում է, թե երկու ջոկատների հրամանատարների ծեծի դրվագներով «ահազանգ չի ստացել»։ Մի խոսքով՝ այս տարբերակը նույնպես մի կողմ ենք դնում։
3. Հարձակումներն իրականացվել են «ինքնաբուխ»՝ առանց վերին հրամանի։ Ասենք՝ ինչ-որ իշխանամետ քաղաքացիներ լսել են ազատամարտիկների քաղաքական հայտարարությունները, սաստիկ վրդովվել եւ որոշել, որ իսկույն պիտի դիմակներ հագնեն եւ հարձակվեն «պետականության հիմնասյուները խարխլողների» վրա։ Պատկերացրեցի՞ք իրավիճակը։ Ասենք՝ որեւէ շարքային
Կարդացեք նաև
քաղաքացի զանգում է ընկերոջը, թե «լսեցի՞ր այդ ակտիվիստների ելույթները, հենց հիմա մի երկու լիտր բենզին վերցրու՝ գնանք մեր քաղաքացիական պարտքը կատարենք եւ հրկիզենք նրանց մեքենաները»։ Համաձայնվեք՝ այս տարբերակը նույնպես բացառված է։ Նախ՝ շարքային քաղաքացիներն այդպիսի բան չէին անի, երկրորդ՝ եթե ցանկանային էլ, չէին կարող սեփական ուժերով պարզել այդ ավտոմեքենաների գտնվելու վայրերը եւ «միաժամանակյա օպերացիա» իրականացնել։
4. Այս ամենը կազմակերպել են իշխանությունները՝ քաղաքական նպատակներով եւ պետական կամ այլ կառույցների միջոցով։ Թե հատկապես որ կառույցն է կանգնած այս ամենի թիկունքում՝ դժվար է ասել, որովհետև տարբերակները մի քանիսն են։ Դա կարող էին անել, ասենք, ոստիկանությունը, ԱԱԾ-ն, Մանվել Գրիգորյանի ԵԿՄ-ն եւ այլն, կամ այդ կառույցներից որեւէ մեկը կարող էր վարձկաններ գտնել կրիմինալ շրջանակներից, համապատասխան «նավոդկան» տալ եւ մի կողմ քաշվել։ Սա, համաձայնվեք, ոչ թե ամենահավանական, այլ փաստորեն միակ տարբերակն է։ Մնացած բոլոր տարբերակները բացառված են:
Մարկ ՆՇԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում