«168 ժամի» հարցազրույցը «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի հետ:
– Ինչո՞վ է պայմանավորված այն, որ ԵՏՄ-ի դեմ հասարակական լայն ընդվզում չեղավ։ Ժամանա՞կը չէ, թե՞ մարդկանց համար պարզապես հասկանալի չի այս խնդիրը։
– Ես դա հետևյալ ձևով կբացատրեի. եթե Հայաստանի իշխանությունները և քաղաքական վերնախավն այս 20 տարիների ընթացքում ունենային իսկապես պետական մտածողություն, և նրանց նպատակը լիներ Հայաստանի զարգացումը, ապա հասարակության մտածողությունը փոխված կլիներ, կփոխվեր այն հոգեբանությունը, որը ձևավորվել էր խորհրդային տարիներին։ Օրինակ, մենք դպրոցում սովորում էինք այսպես, որ 1828 թ. Արևելյան Հայաստանն ազատագրվեց։ «Ազատագրվել» ասելով մենք հասկանում ենք, որ Հայաստանը դարձել է անկախ պետություն, բայց ազատագրում համարում էին այն, որ Արևելյան Հայաստանը Ռուս-պարսկական պատերազմի արդյունքում Պարսկաստանի կազմից մտավ Ռուսաստանի կազմ։ Այս 20 տարիների ընթացքում այդ մտածողությունը չփոխվեց։ Ես կասեմ ավելին՝ այս նույն տարիների ընթացքում, առանց որևէ գաղափարական բանավեճի, հեռուստատեսությամբ ցուցադրվում էին «Զանգեզուր», «Նվագախմբի տղաները» ֆիլմերը, որոնք անկախության դեմ ֆիլմեր են։ Մի կողմից՝ այդ քարոզչությունը, մյուս կողմից՝ իշխանությունների կոռումպացված լինելը, սուրիկխաչատրյանների, մանվելգրիգորյանների իշխանությունը հասարակությանն ընդհանուր հուսահատության է հասցրել։ 1997-98 թթ. այդ նույն ժողովուրդն անկախ պետության մեջ հանկարծ ստորագրություններ հավաքեց Ռուսաստանի և Բելառուսի միությանը միանալու համար։ Անկախ պետության մեջ որևէ մեկի մտքով չէր անցնի գրել այնպիսի նամակ, որ Զորի Բալայանը գրեց Պուտինին: Ահա այսպիսի հասարակություն ձևավորվեց այս 20 տարիների ընթացքում։ Պետրոս Գետադարձը, որ Բագրատունյաց թագավորությունը վաճառեց Բյուզանդիային, այսօր դպրոցական դասագրքերում որպես սուրբ է ներկայացված։ Այս հոգեբանությունն է տիրում Հայաստանում։
– Ուրեմն՝ այնքա՞ն էլ հիմնազուրկ չէր Լևոն Տեր-Պետրոսյանի պնդումը, որ Հայաստանում ԵՏՄ-ին դեմ են ընդամենը «երկու-երեք տասնյակ անհատներ»։
Կարդացեք նաև
– Պատասխանելով ձեր հարցին՝ հիշեցնեմ, որ «ազգային կոնգրես» գաղափարը եկել է Գանդիի ստեղծած Հնդկական ազգային կոնգրեսից։ Եվ Լևոն Տեր-Պետրոսյանը, վերցնելով այդ գաղափարը, հիմնեց Հայ ազգային կոնգրեսը։ Դրա համար կուզենայի հիշեցնել Գանդիի խոսքերը, որ՝ «եթե նույնիսկ դուք փոքրամասնություն եք, ճշմարտությունը մնում է ճշմարտություն», երկրորդը՝ «սկզբում ձեզ կանտեսեն, հետո ձեզ վրա կծիծաղեն, հետո ձեր դեմ կկռվեն։ Վերջում դուք կհաղթեք»։
Արամ ՍԱՐԳՍՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում