Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Երկկուսակցական» համակարգ

Դեկտեմբեր 11,2014 10:08

Խմբագրություն այցելած հերթական հեղինակին ես հանդիպեցի դեռեւս վերելակում, որտեղ նա մի անծանոթ մարդու կասկածանքով հարցրեց՝ «դուք կուսակցակա՞ն եք»: Հավանաբար, կուսակցությունների նկատմամբ որոշակի վերապահումներ ուներ: Հասնելով իմ առանձնասենյակ՝ նա հանեց իր գրությունը, որն ուղղված էր մի շարք պետական այրերի՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի գլխավորությամբ: Մենք սիրում ենք ինչ-որ «անհասանելի» հասցեներով հայտարարություններ անել: Օրինակ՝ վերջերս Ֆեյսբուքում կարդում եմ, որ բազմաթիվ մարդիկ ինչ-որ բան են հայտարարում՝ «ի պատասխան Ֆեյսբուքի» նոր քաղաքականության: Կարծես թե Ֆեյսբուքի տերերին շատ է հետաքրքրում, թե ինչ ենք մենք հայտարարում:

Իմ այցելուն, բնականաբար, ինձ զգուշացրեց, որ այդ նյութը գրելիս նա բացարձակապես իր անձնական շահերից չէր ելնում, այլ ղեկավարվում էր միմիայն մեր ազգի եւ, ինչու չէ, ամբողջ մարդկության շահերով: Ինձ հանդիպած հեղինակների 90 տոկոսն այդպես է կարծում եւ վստահ է, որ նման բանավոր նախաբանով լավ PR է անում իր հոդվածին: Չանդրադառնամ այդ հեղինակի մնացած պնդումներին, առանձնացնեմ մեկը, որն արտացոլում է, կարծում եմ, զանգվածային հասարակական կարծիքը. «Հայաստանում երկու կուսակցություն կա՝ ժողովրդի կուսակցությունը եւ ժողովրդի թշնամիների կուսակցությունը»:

Դուք, իհարկե, ենթադրում եք, որ ըստ իմ զրուցակցի՝ «թշնամին» ՀՀԿ-ն է, իսկ «բարեկամը»՝ ԲՀԿ-ն (ես էլ էի այդպես ենթադրում), բայց այս հեղինակի «հաշվարկներն» ավելի բարդ էին եւ կապված էին թուրքերի, համաշխարհային մութ ուժերի եւ նրանց հայաստանյան գործակալների հետ: Սակայն անկախ նրանից, թե ով ում նկատի ունի «ներքին թշնամի» եւ «ներքին բարեկամ» ասելով, այս մտածողությունը, համաձայնեք, բնորոշ է մեր ժողովրդին եւ սերմանվում է հենց իրենց՝ կուսակցությունների կողմից:
Սակայն թույլ տվեք հիշեցնել, որ կուսակցությունները, կուսակցական, քաղաքական համակարգը դրա համար չեն ստեղծվել: Այդ ամենն, ըստ մտահղացման, ստեղծվել է նրա համար, որ մենք՝ քաղաքացիներս, կողմնորոշվենք, թե որ գաղափարախոսությունը, որ ծրագիրն է ավելի լավը: 1995 թվականից սկսած՝ մեզ այդ՝ ընտրելու հնարավորությունը տրված չէր: Բայց եկեք անկեղծ խոստովանենք՝ 90 թվականին մենք ինչի՞ հիման վրա էինք ընտրություն կատարում. դարձյալ ոչ թե կոմունիստական եւ ՀՀՇ-ական գաղափարախոսությունների, այլ «վատ կոմունիստների» եւ «լավ ՀՀՇ-ականների» միջեւ: Եվ այդ դեպքում անխուսափելի է, որ հերոսները շատ արագ ձեւափոխվում են հակահերոսների եւ հակառակը:

Իրականում չկա «ժողովրդի կուսակցություն», ինչպես չկան «համազգային», «համաժողովրդական» շարժումներ, չկան նաեւ «ժողովրդի թշնամիներ»: Թե Հայաստանում եւ թե աշխարհում կան մարդկանց խմբեր, որոնք հետապնդում են իրենց շահերը եւ արտահայտում են դրանք կուսակցությունների միջոցով: Կամ՝ օգտագործում են մեծամասնության հույզերը՝ իրենց նպատակներին հասնելու համար:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (9)

Պատասխանել

  1. Կարեն says:

    Դրա համար էլ ժամանակն է, որ խմբագրման ենթարկվի ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԵՐԲԵՔ ՉԻ ՍԽԱԼՎՈՒՄ անորակ կարգախոսը: Իսկ կուսակցությունները իրոք չեն սխալվում: Դրա լավագույն օրինակը’ Ռուսաստանի գիրկը ցատկելու ԱԺ-ի ընդունած օրենքը:

  2. david says:

    Խմբագրության այցելուն ունի բոլոր տվյալները ՀՀ-ի ներկա … սերժին փոխարինելու համար:Մի կարթ տվեք, թող մութ ուժեր որսա, մինչև ազգային լույս բերի հայրենիքին:Սերժատեսակներ և սերժաձևեր կան, որ հավերժական շարժիչ են փնտրում :Այդ ռեզոնանսային մարմինները գտնվում են Կոյպերի գոտում կամ ավելի հեռու գտնվող Ցրված սկավառակում:Կոյպերում մութ է,սկավառակը` ջնջված:Ի*նչ անել:Խմբագրել:

  3. Վալոդ says:

    «Թե Հայաստանում եւ թե աշխարհում կան մարդկանց խմբեր, որոնք հետապնդում են իրենց շահերը եւ արտահայտում են դրանք կուսակցությունների միջոցով: Կամ՝ օգտագործում են մեծամասնության հույզերը՝ իրենց նպատակներին հասնելու համար:»

    Հարգելի Արամ, խելացի ու կիրթ մարդ լինելով ինչպե՞ս կարող եք հավասարության նշան դնել, ասենք, Էդուարդ Շարմազանովի ու Արմեն Մարտիրոսյանի միջև։

    Բնական հարց է ծագում․ իսկ ձեր հոդվածների նպատակն ու շահը ո՞րն է։ Եթե դրանք հարմարվողականության դրսևորում են, որը դուք անվանում եք անկողմնակալություն, ապա մի՞թե իսկապես հավատում եք, որ այսպես կարող է շարունակվել ևս քսան-երեսուն տարի։ Եթե ձեր նշանաբանն է «հները կգնան, նորերին կհարմարվենք», ապա, հավատացնում եմ, հարմարվելու ժամանակ ու հնարավորություն էլ չի լինելու։ Ի վերջո ինքներդ ձեզ եք խաբում, հարգելի Արամ։

    • Կարեն says:

      Իսկ Դուք փորձեք այդ փուփուշ Արմեն Մարտիրոսյանին նշանակեք ոչ փուփուշ “մեղմ որակավորում եմ տալիս” Էդուարդ Շարմազանովի տեղը: Հավատացնում եմ’ երկու տարի հետո Մարտիրոսյանը կդառնա ոչ փուփուշ Շարմազանով: Հիշեք ինչ դարձան կիսահրեշտակ ՀՀՇ-ականները իշխանության գալուց հետո:

      • Վալոդ says:

        Համամիտ եմ, մարդիկ արագ վեր են ածվում փուշից ոչ փուփուշի, եթե նույնիսկ իշխանության են եկել իրակական ընտրությունների շնորհիվ։ Բայց արդո՞ք սա նշանակում է, որ պետք է ամեն օր անելանելիության ու ցինիզմի ոգով լի հոդվածներ գրել, որոնք նաև լի են կամա թե ակամա սխալ դիտարկումներով։ Ո՞րն է նպատակը։ Կրկնեմ․ հարմարվողականությունը համարել անկողմնակալություն՝ պարզապես ինքնախաբեություն է։

  4. Մարգար Մախսուդյան says:

    Երբ ասում ենք «ժողովրդի թշնամիներ», անմիջապես պատկերացնում ենք 1930-ական թվականների ՍՍՌՄ-ը՝ Մարդու կապկացման ՛՛գիտափորձի՛՛ տարիները, և որքան հեռանում ենք այդ ժամանակահատվածից, այնքան տեսանելի է դառնում այդ արհավիրքը, նաև իր թողած ծանր ժառանգությամբ: Սակայն 30-ականների և այսօրվա «ժողովրդի թշնամիների» միջև մի շատ կարևոր տարբերություն կա. առաջինների ցուցակները իջեցվում էին Պոլիտբյուրո կոչվող կառույցի և անձամբ ընկեր Ստալինի կողմից, ինչին հետևում էր ՛՛ինքնախոստովանությունն՛՛ ու միանգամից գնդակահարությունը կամ 10-ամյա աքսորն ու այդ ընթացքում գնդակահարությունը, իսկ մեր իրականությունում այն տրվում է բացառապես շարքային մարդկանց կողմից՝ ուղղված հիմնականում երկրի ղեկավար պաշտոնյաներին: Որպեսզի այդ երկու գնահատականները կարողանանք իրարից տարբերել, առաջարկում եմ մերօրյա «ժողովրդի թշնամիներին» պարզապես անվանել ՀՀ փաստաբանների պալատի նախկին նախագահ Ռուբեն Սահակյանի՝ անարդար դատավորներին ՛՛հասարակության վնասատուներ՛՛ տված որակումով:
    Հիմա՝ առաջարկությունս. Կարո՞ղ է արդյոք ՛՛Առավոտը՛՛ ընկերաբանական /սոցիոլոգիական / հարցում անցկացնել, թե ովքե՞ր են մեր հասարակության ամենակարկառուն 5 վնասատուները ըստ տված վնասի չափի և հրապարակել այդ հարցման արդյունքները:

  5. Ruben says:

    Քաղաքական կուսակցությունները, կազմակերպությունների հիմքի վրա ստեղծված իրավական-նորմատիվ ձևակերպում ստացած որոշակի թվով մարդկանց միավորումներ են, որոնց հիմնական նպատակը պետական իշխանությունը նվաճելն է, կամ էլ առնվազն իշխանության վրա ազդեցություն ունենալը։
    Ես թքած ունեմ դրանց վրա: Ես իմ քառակուսու տերն եմ:

  6. Լավատես says:

    Ասում են, թույնը փոքր քանակով դեղ է, նմանապես՝ թշնամին փոքր քանակով բարձր դիմադրողականություն ապահովող գործոն է։ Ում ձեռքում որ կա այդ քանակների հարաբերակցության փոփոխման ղեկը, նա էլ տեղը գալուց թունավորում է կամ էլ հակառակը, եթե պետք է իրեն՝ բուժում։ Տեղացին՝ մի կուսակցությունն է, քոչվորը՝ մյուս թշնամի կուսակցությունն է, նրանց հարաբերակցությունը պետք է լինի մոտավորապես երեքը մեկին՝ ոսկե կտրվածքով, ասենք, Երեւանում երեւանցիների քանակը հյուրերի քանակի հետ համեմատած երեք անգամ ավելին պետք է լինի, հերիք է հյուրերի քանակը ավելացնել կամ երեւանցիների քանակը պակասեցնել արտագաղթեցնել, Երեւանը սկսում է թունավորվել, այստեղ կեղտոտները ոչ թե հյուրերն են, որ եկել են Երեւան եւ ոչ էլ երեւանցիները որ լքել են հարազատ քաղաքը, այլ այն հարուստ ուժեղ խելոք ու կեղտոտ տիկնիկավարները, որոնք համապատասխան պայմաններ են ստեղծում ու որոնց պետք է հայտնաբերել ու երեք անգամ հարուստ ուժեղ խելոք ու մաքուր դրանցից լինել ու պահպանել ոսկե կտրվածքը քաղաքում։

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031