Որքան գերտերությունները շուտ հաշտվեն, այնքան լավ մեզ համար
Այս տարվա ընթացքում աշխարհում չարության եւ անհանդուրժողականության «չափաբաժինը» չի քչացել: Մենք՝ հայերս, տուժում ենք այդ լարվածության երկու հիմնական օջախներից՝ Միջին Արեւելքում շարունակվող պատերազմը ֆիզիկական վտանգ է ներկայացնում մեր հայրենակիցների համար, իսկ Ռուսաստան-ԱՄՆ դիմակայությունը ներքաշում է մեզ՝ հայաստանցիներիս, անիմաստ «երկընտրանքների» մեջ:
Ամեն օր ես կարդում եմ տասնյակ հրապարակումներ, որոնց հայ հեղինակները ռասիզմով եւ հոմոֆոբիայով շնչող տեքստեր են գրում ամերիկացիների, եվրոպացիների եւ հատկապես ուկրաինացիների մասին (այդ հեղինակները ռուսամետները կամ պուտինամետներն են): «Բարիկադների» մյուս կողմից էլ այն հայերն են, որոնք որեւէ դրական բան չեն ուզում տեսնել Ռուսաստանի, նրա պատմութան եւ մշակույթի մեջ (արեւմտամետներն են):
Այդ դոգմատիկ տեսակետների կողմնակիցները, ինչպես որ դա սովորաբար լինում է, բոլոր՝ իրենցից տարբերվող կարծիքներ արտահայտողներին փորձում են դնել ծայրահեղ հակառակորդների «դիրքերում», որպեսզի հարմար լինի այդ դիրքերի վրա հարձակվել: Իրականում այդ հողի վրա թշնամանալը մեր՝ հայաստանցիներիս դեպքում բացարձակապես անիմաստ է՝ նաեւ այն պատճառով, որ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների դիմակայությունը մի օր կվերջանա, իսկ, ինչպես ասում են, նստվածքը մեր ներքին հարաբերություններում կմնա: Հարցն այն է, թե ինչպես է դա վերջանալու:
Կարդացեք նաև
Տարբերակ Ա՝ գերտերությունները կպայմանավորվեն Ուկրաինան այս կամ այն ձեւով կիսելու մասին: Մյունխենյան դավադրության այս ժամանակակից տարատեսակը, բնականաբար, շատ ցավալի կլինի Ուկրաինայի ժողովուրդների համար՝ նույնիսկ, եթե այդ երկրի ամբողջականությունը ձեւականորեն պահպանվի: Բայց զուտ մարդասիրական առումով դա ավելի լավ է, քան պատերազմի շարունակությունը, որի ընթացքում արդեն իսկ զոհվել է ավելի քան 4000 մարդ (նոյեմբերի 20-ի ՄԱԿ-ի տվյալներով):
Տարբերակ Բ՝ Ռուսաստանն այնքան է տնտեսապես թուլանում, ժողովրդի սոցիալական վիճակն այնտեղ այնքան է վատթարանում, որ կա՛մ տեղի են ունենում հեղափոխական գործընթացներ, կա՛մ էլ Պուտինը ստիպված է լինում դիմել ԱՄՆ-ի օգնությանը, որն, իհարկե, Միացյալ Նահանգները կտրամադրի՝ միջուկային կարգավիճակից հրաժարվելու գնով: Այդ տարբերակի երկու «ենթատարբերակներն» էլ մեզ՝ հայերիս համար խիստ անցանկալի են՝ մենք շահագրգիռ ենք ուժեղ դաշնակից ունենալու մեջ:
Տարբերակ Գ՝ Միացյալ Նահանգներում փոխվում է վարչակազմը, եւ նոր նախագահն ուղիներ է փնտրում հարաբերությունները կարգավորելու: Նախագահական ընտրությունները ԱՄՆ-ում տեղի կունենան 2016 թվականի նոյեմբերի 8-ին: Պայքարն, ըստ էության, սկսված է` ներկայիս գործընթացն ընդունված է անվանել «թաքնված փրայմերիզ», երբ երկու հիմնական կուսակցությունները «շոշափում են» հնարավոր թեկնածուների հնարավորությունները: Ասել այս պահին, թե ովքեր են առաջադրվելու, առավել եւս՝ ով է հաղթելու, հնարավոր չէ: Կարելի է խիստ նախնական ենթադրություն անել, որ Օբամայի 8 տարվա ոչ այնքան հաջող նախագահությունից հետո Սպիտակ տուն կգա հանրապետական թեկնածու: Նրանցից առայժմ նշվում են Նյու Ջերսիի նահանգապետ Քրիս Քրիսթիի եւ նախկին նախագահի եղբոր՝ Ջեֆ Բուշի անունները: Երկուսն էլ Ջոն Մաքքեյն չեն, եւ Ռուսաստանի հանդեպ առանձին ագրեսիայով աչքի չեն ընկնում: Իսկ ահա դեմոկրատներից խոսվում է նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի մասին: Ներդրումների արքա Ուորեն Բաֆեթը վստահ է, որ հաղթելու է հենց Հիլարին եւ պատրաստ է դրա վրա փող ծախսել: Եթե միլիարդատերը նման պատրաստակամություն է հայտնում, ուրեմն մի բան գիտի: Երկու դեպքերում էլ՝ «իշխանափոխության» կամ դեմոկրատների «վերարտադրվելու», ԱՄՆ նոր նախագահը հնարավորություն կունենա վերանայելու իր հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ բարելավելու ուղղությամբ: Ինչը, կրկնեմ, մեզ համար ձեռնտու տարբերակ է:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
10.12.2014
Գերտերությունները ցանկանում են ամեն ուր ունենալ «կառավարվող քաոսներ»: ԱՄՆ-ը Միջին Արեւելքում,Եվրոպան ՈՒկրաինայում իսկ ՌԴ-ը կովկասում:Այդ ձևով հեշտ է ազդել ցանկացած կառավարության վրա և նրանց ծառաեցնել իրենց շահերին:
Հարգելիդ իմ Արամ Աբրահամյան:Ես ռուսամետ չեմ եւ ոչ էլ Պուտինն է «աչքիս լույսը»: Բայց ես ատում եմ Ամերիկան,որին,որքան հասկանում եմ Դուք հարում եք:Ես նրան հավատում էի եւ շատ էի նվիրված :Սովետական տարիներին օր չկար,գիշեր չկար, որ ես չլսեի արեւմտյան տարբեր «ռադիո ձայներ»,շնորհիվ որի, այսօր արդեն հաստատ կարող եմ ասել, թունավորվել էի, եւ դարձել հակասովետական (կարծում եմ մի քիչ պիտի որ իմացած լինեք իմ մասին,եթե ոչ՝ հոգ չէ):Երբ Սովետը փլուզվեց,ես խանդավառության մեջ էի,մանավանդ,որ տարված էի արցախյան ազատարար պայքարով: 1991 թվին«Կաունասսկայա պրավդա»թերթի թղթակցին տված իմ հարցազրույցում ամբողջովին կար իմ դիրքորոշումը եւ սովետական եւ թե ելցինյան շրջանի Ռուսաստանի վերաբերյալ:…Բարի չէր:Եւ հանկարծ 1999 թվին Քլիթոնը (այլասերված,որին ԱՄՆ- ը ներեց՝ հա,հա,հա,հաաաաա…) ռմբակոծում է Բելգրադը… Դուք շատ լավ գիտեք,որ նրան ոչ ոք այդ իրավունքը չէր տվել:Ես չէ,որ Ձեզ պիտի պատմեմ,թե ինչ արեցին հետո ԱՄՆ-ի հետագա նախագահները…մինչ այսօր:Ես չէ,որ Ձեզ պիտի հուշեմ,որ յուրաքանչյուր ամերիկյան նախագահ «պեշկա»է,որ Ամերիկան եւ աշխարհը նրանք չեն ղեկավարում…Առաջ չգիտեի…:Հիմա շատ բան գիտեմ:Իմ երազը փուջ դուրս եկավ:Ես ինձ համարեցի խաբված, այդ իսկ պատճառով ընտրում ես չարյաց փոքրագույնը, կոնկրետ՝ Ուկարիանայի դեպքում Ռուսաստանի կողմն եմ…: Հայաստանում բնակվող շատ միամիտ մարդիկ իրենց վիճակի համար դժգոհում են Ռուսաստանից եւ անձամբ Պուտինից,մոռանալով,ավելի ճիշտ չհասկանալով,որ եթե մեր «ծառի արմատները ամուր լինեն,ոչ մի որդ չի կարող պտղին վնասել»:Ես խղճում եմ հայաստանյան սահմանափակ ուղեղի տեր մարդկանց,որոնք փոխանակ էշը ծեծեն(ներսի իշխանությանը)-փալանն են ծեծում(Պուտին-Ռուսաստանին)…(«էշին չծեծողը փալանն է ծեծում»ժողովրդական ասացվածք):Երեւի սա ավելի հեշտ է…Իսկ ինչ է անում Ամերիկան Հայաստանի նկատմամբ՝ « всё намёки да намёки»…
Հարգելի Նուբար,
Շատ ճիշտ եք նկատել, ամեն դար նույն սխալ են գործում ու հետո էլ զարգանում , թե ինչու այս պես եկավ. Հեռու չգնանք , Մեծ Եղեռնի գլխավոր մեղավորը մենք ենք եղել, մեր սխալ մտածելակերպի ինչպես Արամը ունի և իր թերթի միջոցով դա պրոպագանդա է անում: