Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը կամովի՞ն է անդամակցում Եվրասիական միությանը

Դեկտեմբեր 11,2014 17:00

Իշխանական ու արդեն, կարելի է ասել, ոչ իշխանական, բայց թունդ պրոիշխանական խորհրդարանական ուժերը գալիս են ամրապնդելու այդ սուտը

Դեռեւս 2012 թվականի դեկտեմբերին ԱՄՆ այն ժամանակվա պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Դուբլինում կայացած իր մամուլի ասուլիսի ժամանակ բաց տեքստով հայտարարեց, որ Միացյալ Նահանգները փորձում է թույլ չտալ Ռուսաստանին տնտեսական ինտեգրացիայի քողի ներքո նոր վարկածով Խորհրդային Միություն ստեղծել:
«Հիմա քայլեր են ձեռնարկվում տարածաշրջանի վերախորհրդայնացման ուղղությամբ: Անվանումը այլ կլինի՝ Մաքսային միություն, Եվրասիական միություն կամ նման մի այլ բան: Բայց եկեք չխաբվենք: Մենք գիտենք՝ որն է դրա նպատակը, եւ փորձում ենք գտնել գործուն միջոցներ այդ բանը կանխելու կամ դանդաղեցնելու համար»:

Թարգմանությունն իմն է եւ կարող է խիստ աուտենտիկ չլինել, բայց իմաստը հստակ է՝ Միացյալ Նահանգները զգուշացրեց Ռուսաստանին եւ մնացյալ աշխարհին, որ տեղյակ է պարոն Պուտինի իրական մտադրությունների մասին, ու հայտնեց, որ ձգտելու է արգելափակել դրանց իրագործումը:

Գտա՞վ, արդյոք, պարոն Օբամայի վարչակազմը իր փնտրած գործուն միջոցները: Դատելով այն բանից, թե ինչ աջակցություն ստացան, ավելի ճիշտ՝ չստացան հայաստանյան ժողովրդավարական ու անկախական ուժերը ԱՄՆ-ից, կամ ինչպես արձագանքեց Օբամայի վարչակազմը հերթական անգամ խայտառակ խախտումներով անցած ու կեղծված մեր ընտրություններին՝ ոչ: Ռուսաստանի լիակատար խամաճիկ դարձած Հայաստանի այսօրվա տխուր վիճակից դատելով էլ՝ ոչ: Գումարեք սրան Ղրղըզստանի «Մանաս» օդուժի բազայից ՆԱՏՕ-ի հեռանալը, Վրաստանում ամերիկացիների լավագույն բարեկամ Սաակաշվիլիի նկատմամբ հետապնդումները:

Թվում է՝ հետխորհրդային երկրներին ներգրավող Արեւելյան գործընկերության եւ եվրաասոցացման սահուն գործընթացները բարեհոգի թմբիրի մեջ էին պահում ամերիկացիներին: Արդյունքում, ըստ էության, ԱՄՆ-ը ոչինչ չուներ հակադրելու Պուտինի կոպիտ ճնշման տակ Սարգսյանի ու Յանուկովիչի՝ Եվրաասոցացումից վերջին պահին «թռնելուն»: Եթե չլիներ Յանուկովիչի կոռումպացված իշխանության դեմ ուկրաինացի հայրենասերների ապստամբությունը եւ հերոսական պայքարը, ԱՄՆ-ին ոչինչ չէր մնա անելու՝ բացի կատարվածի հետ համակերպվելուց, ինչպես համակերպվեց մեր դեպքում:
Իսկ ահա դեպքերի հետագա զարգացումը՝ Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնազավթումն ու ներխուժումն Արեւելյան Ուկրաինա, հնարավորություն տվեցին Միացյալ Նահանգներին լիովին իրականացնելու խոստացվածը: ԱՄՆ-ի եւ նրա գլխավորած քաղաքակիրթ ու զարգացած երկրների լայն կոալիցիան գործուն պատժամիջոցների է ենթարկել Ուկրաինայի արեւելքում կրակն ընկած պուտինյան ռեժիմին: Միացյալ Նահանգները իր պաշտպանության տակ է վերցրել Եվրաասոցացման պայմանագրեր ստորագրած Ուկրաինային, Վրաստանին եւ Մոլդովային՝ հայտարարելով նրանց իր դաշնակիցները: Արդյունքում խորը տնտեսական ճգնաժամում հայտնված Ռուսաստանը ոչ միայն զրկվելու է հարեւան երկրներին ահաբեկելու ու իր հետադիմական օբոզին բռնակցելու հնարավորությունից, այլեւ մեծ պրոբլեմների առջեւ է կանգնել արդեն իսկ օբոզին կցված Բելառուսի եւ Ղազախստանի հետ հարաբերություններում:

Այլ է վիճակը Հայաստանում: Սերժ Սարգսյանը, չնայած ակնհայտ իրողությանը, գերի ընկած վերջին բոլշեւիկի համառությամբ պնդում է, թե Հայաստանը կամովին է անդամակցում Եվրասիական միությանը: Խորհրդարանում միությանը անդամակցելուն միահամուռ կողմ քվեարկած մեր իշխանական ու արդեն, կարելի է ասել, ոչ իշխանական, բայց թունդ պրոիշխանական խորհրդարանական ուժերը գալիս են ամրապնդելու այդ սուտը՝ զրկելով Հայաստանին աշխարհի հզորագույն երկրների կողմից պաշտպանության նույնիսկ տեսական հնարավորությունից, կամովին դարձնելով երկիրը նույն այդ հզորագույն երկրների՝ ամենեւին ոչ իրեն ուղղված պատժամիջոցների թիրախ:
ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, ՕԵԿ ալյանսը Ազգային ժողովում իր ամոթալի քվեարկությամբ վերջակետ դրեց պուտինյան մեռելածին միությանը Հայաստանի անդամակցության շրջելի-անշրջելի լինելու ներհայաստանյան բանավեճին: Սակայն միջազգային ձեւաչափով նույն բանավեճը շարունակվելու է, պարզապես դա արդեն մեզ հետ կապ չի ունենա, խնդիրը լուծվելու է առանց մեզ, մենք դրան հետեւելու ենք ռուսական քրջոտ օբոզի միջից՝ ըմբոշխնելով գահավիժման բերկրանքը:

ԿԱՐԱՊԵՏ ՌՈՒԲԻՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031