Ըստ Ռուբեն Մեհրաբյանի` նա էլ իր «քասթինգի» արդյունքում պետք է որոշի,
թե ով է իշխանություն, չիշխանություն, ում պետք է կոչել «մարգինալ»
– Պարոն Մեհրաբյան, դեկտեմբերի 4-ին խորհրդարանը 103 կողմ, 7 դեմ, 1 ձեռնպահ ձայներով եւ ծափողջույններով վավերացրեց Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը։ Քվեարկության արդյունքները չենք կարող անսպասելի համարել, այնուամենայնիվ, այս քվեարկության հետեւանքները գիտակցո՞ւմ է այսօր մեր հասարակությունը:
– Մեր հասարակությունն ամեն ինչ էլ գիտակցում, գնահատում եւ վերլուծում է: Դրանում համոզվելու համար բավական է հետեւել սոցիալական ցանցերում առկա բուռն քննարկումներին, մամուլի արձագանքին: Անշուշտ, կա «կոտրած տաշտակի» առաջ հայտնվածի տրամադրություն, մեծ հիասթափություն, ոմանց մոտ՝ նաեւ հուսալքություն: Սակայն առկա է նաեւ վստահություն, որ գործ ունենք քաղաքական դաշտ կոչվածի տոտալ քաղաքական անմեղսունակության հետ: «Անվտանգություն» կոչվածը վերածվել է մի աղբամանի, որտեղ գցում են բոլոր «փաստարկները»՝ հօգուտ այդ ԵՏՄ կոչված չարորակ նորագոյացությանը միանալու՝ այդպես էլ չբացատրելով, թե դրա օգուտը որն է, եւ ոնց կարող է օգուտ լինել մի բան, որը ոչ միայն գոյություն չունի, այլեւ հղի է բազմաթիվ ակնհայտ, ակնբախ սպառնալիքներով: Սրանից կարելի էր խուսափել, եթե ընտրությունները որպես ինստիտուտ չենթարկվեին դեգրադացիայի: Մեր քաղաքական դաշտի գործարքի արդյունքում Հայաստանում այլեւս կա միայն մեկ ընտրող. դա «թանկագին» Վլադիմիր Վլադիմիրովիչն է՝ անձամբ: Նա էլ իր «քասթինգի» արդյունքում պետք է որոշի, թե ով է իշխանություն, չիշխանություն, ում պետք է կոչել «մարգինալ» եւ այլն: Իսկ մեր հասարակությունը մի քանի կարգով ավելի առաջադեմ է, քան քաղաքական դաշտը: Ինքնակազմակերպման խնդիր կա: Նաեւ՝ բարենպաստ արտաքին պայմաններ՝ «առանց ռուսի»:
Կարդացեք նաև
– «Հայաստանը Ռուսաստանից պոկվել չի կարող», «եթե պետք է մնալ ինչ-որ մեկի տիրապետության տակ, ապա ավելի լավ է մնալ Ռուսաստանի լծի տակ». ՀՀԿ-ական պատգամավորները այսպես էին բացատրում ԵՏՄ-ին կողմ լինելու իրենց որոշումը, ինչպես նաեւ` անվտանգության, ՌԴ-ից «էժան» զենք ու գազ ստանալն էին մատնանշում, իսկ «ոչ իշխանական» ուժերի հիմնավորումներն ավելի խորքային էին: Ինչո՞ւ Հայաստանում քսանամյա անկախությունից պետականության արժեւորումն այսպիսի անկում ապրեց, ինչի՞ հետեւանք է սա:
– Սա չի կարող այլ բացատրություն ունենալ, քան այն, որ քաղաքական դաշտին համակել է ռուսական իշխանությունների կողմից հանկարծ չպատժվելու անասնական վախը: Դրա հետ մեկտեղ՝ գայթակղությունը, սին պատրանքի հետ համատեղված, որ Ռուսաստանի գործոնը կարելի է «օգտագործել» սեփական դիրքերը քաղաքական դաշտում ամրապնդելու, սեփական մասնաբաժինը մեծացնելու համար: Մեր Անկախության տարիներին հենց այս տրամաբանությամբ է առաջնորդվել գրեթե ողջ քաղաքական դաշտը՝ որոշ բացառություններով, եւ արդյունքում հենց ինքն էլ ամենացինիկ եւ անխնա կերպով օգտագործվել պետականության եւ կայսրության բազմադարյա փորձ ունեցող Ռուսաստանի կողմից՝ դառնալով նրա ամենաստորաքարշ հաճկատարը: Անցած տարիներին Հայաստանի կոռումպացված համակարգը ենթարկվեց բացասական սելեկցիայի, ներքին մուտացիայի, եւ պատասխանատու պաշտոններում հայտնվեցին մարդիկ, որոնց պատկերացմամբ՝ քաղաքականության համար, ասենք, «խելք պետք չի»: Եվ ձեռքները փող եւ իշխանություն ընկած այդ քաղաքական «գիքորներին» տրված չէ շատ բաներ հասկանալու: Արդյունքում 1700 տարի առաջ Քրիստոնեություն ընդունած ազգի գլխին ղեկավար դարձան մարդիկ, ովքեր ընդունակ չեն հասկանալու, նույնիսկ տեղյակ էլ չեն, որ գոյություն ունեն անբեկանելի պատճառահետեւանքային կապեր, որոնք անտեսելը, մեղմ ասած, վտանգավոր է: Ասված է, բայց ոչ՝ նրանց համար. «Նեղ դռնով ներս մտեք, որովհետեւ լայն է եւ ընդարձակ այն ճանապարհը, որը դեպի կործանում է տանում, եւ շատերն են դրանով գնացողները, մինչդեռ նեղ է այն դուռը եւ նեղվածք այն ճանապարհը, որը դեպի կյանք է տանում, եւ քչերն են այն գտնողները» (Ավետարան՝ ըստ Մատթեոսի 7:13):
– Շատ է քննարկվում քաղաքացիական հասարակության արձագանքի հարցը, օրինակ` այն, որ խորհրդարանի մոտ ԵՏՄ-ի պայմանագրի հարցով քննարկումների օրերին մեկ տասնյակ մարդ էր մասնակցում: Ո՞ր դեպքում եք տեսնում հնարավորություն, որ հասարակությունն ավելի ակտիվ լինի` հասարակության կողմից ընդունելի լիդերների բացակայությո՞ւնն է պատճառը, թե՞ հասարակությունն էլ է մտածում, որ «առանց ռուսի կորած ենք»:
– Ո՛չ, հասարակության զգալի մասը շատ լավ էլ գիտակցում է, որ «առանց ռուսի» մենք «կորած» չենք: Ավելին, դպրոցական կրթությունը բավարար է՝ իմանալու եւ հասկանալու համար, որ 1918, 1991 թվականներին, եթե «առանց ռուսի» իրավիճակ չստեղծվեր՝ մենք Անկախություն չէինք ստանա: Ինչպես նաեւ, երբ 1920-ին ներքին խժդժությունները Ռուսաստանում ավարտվեցին, նա Թուրքիայի հետ դաշնակցած՝ վերջ տվեց մեր Անկախությանը: Պուտինի ռեժիմը նույնպես, երբ զգաց, որ էներգետիկ «դերժավա» է դառնում, սկսեց մտածել, որ կայսրությունը պետք է վերադառնա իր նախկին ծայրամասեր: Բարեբախտաբար, եթե 1920-ին առկա էր պայքար կայսրությունների միջեւ, թե՛ արեւմտյան, թե՛ արեւելյան, ապա այժմ չկա կայսրություն, իսկ կայսրություններ, նույնիսկ՝ մինի-կայսրություն ստեղծելու կամ վերականգնելու նկրտումները խստագույնս պատժվում են:
Դա են ցույց տալիս թե՛ Երկրորդ համաշխարհային, թե՛ Սառը պատերազմի արդյունքները: Ներկայումս Հայաստանի քաղաքական դաշտում տիրում է ինտելեկտուալ կոլապս եւ կամքի կաթված: Եվ սպասել, թե հիմնական սուբյեկտները կգնան ադեկվատ քայլերի՝ դա կլինի ամենամեծ ոչ ադեկվատությունը: Այո՛, այսօր հասարակությունը «մերկ», «անգլուխ» եւ միայնակ հայտնվել է դեմ առ դեմ մի արհավիրքի՝ հանձին ռուսական մեծապետական շովինիզմի, արտաքին վտանգի պայմաններում, եւ մարդկանց բնազդային զգուշավորությունն ինչ-որ տեղ հասկանալի է: Սակայն գտնվում են բարձր քաղաքացիական գիտակցությամբ օժտված անհատներ, իսկական հայրենասերներ, որոնք նույնիսկ այսպիսի պայմաններում եւ մթնոլորտում դուրս են գալիս բողոքի ցույցի՝ ընդդեմ այս խայտառակության, ստիպելով ամեն բան «դակելու» սովոր պատգամավորներին գլխիկոր մտնել ԱԺ կամ արդարանալ՝ հայտնվելով է՛լ ավելի անհարմար վիճակում: Եվ պետք չէ նեղվել, ընկճվել նրանից, որ ԱԺ շենքի մոտ հավաքված էին մի քանի հոգի, այլ ոչ թե հազարներ: Հենց այդ մի քանի հոգին են Պատմության ճշմարիտ կողմում, այլ ոչ թե այն 103 իշխանական-չիշխանական-չընդդիմադիրները, որոնք ծափ տալով կոճակ էին սեղմում: Իսկ ժամանակն անխուսափելիորեն առաջ է բերելու իր լիդերներին: Ի վերջո, մենք բազմաթիվ կասրություններ ենք թաղել, եւ այս մեկը ոնց որ թե վերջինն է:
Պուտինի ռեժիմը պատմականորեն դատապարտված է, ակնհայտ է ոչ միայն կայսրության, այլեւ քրեաօլիգարխիկ տնտեսության՝ «պուտինոմիկայի» ճգնաժամ, որից դուրս գալու տարբերակներ, առանց փլուզման, «ժողովուրդների բանտ» մնացած Ռուսաստանն այլեւս չունի: Իսկ Պուտինի ռեժիմի անխուսափելի անկումից հետո նրանից սերված հետխորհրդային ռեժիմներն ապագա չունեն, այնպես, ինչպես կոմունիստական ռեժիմներն Արեւելյան Եվրոպայում՝ ԽՍՀՄ անկումից հետո: Իսկ դա շատ հեռու չէ: Պետք է գիտակցենք, որ հետխորհրդային ժամանակաշրջանն ավարտված է: Այսօր շատ ավելի կարեւոր է պատրաստվել հետպուտինյան, հետռուսական ժամանակաշրջանին, որպեսզի վաղը խուսափենք անհարկի կորուստներից: Մեզ լուրջ քննություն եւ փորձություն է սպասվում: Իսկ դրան պետք էր սկսել պատրաստվել վաղուց, բայց այսօր էլ ուշ չէ:
– Հունվարի 1-ից Հայաստանը փաստացի կանդամակցի ԵՏՄ-ին: Նախ` ԵՏՄ-ի կենսունակության հնարավորությունները կուզենայի գնահատեիք ՌԴ-ի այսօրվա իրավիճակի պայմաններում` պատժամիջոցներ Արեւմուտքի կողմից, տնտեսական-ֆինանսական անորոշ իրավիճակ, միջազգային մեկուսացում: Գուցե երկար ժամանակ չսպասենք, քիչ անց պարզվի, որ այս կառույցն ի վիճակի էլ չի գործել:
– Չկա՛ ԵՏՄ: Հունվարից իբր կլինի, ի՞նչ կլինի՝ այնտեղ մտնողներն ու մտցնողներն իրե՛նք չգիտեն: Պարոն Պուտինն էլ՝ նրանց հետ միասին: Որպեսզի այդ կառույցն աշխատի, անհրաժեշտ են ահռելի ռեսուրսներ եւ ստալինյան մեթոդներ. երկաթյա վարագույր, զանգվածային տեռոր, ԳՈՒԼԱԳ եւ այլն. դա՝ տեսականորեն: Նաեւ դրա հիմքում պետք է լինի մի գաղափար, թե հանուն ինչի է դա արվելու, առանց որի դա նույնիսկ տեսականորեն է անհնար: Ստալինի օրոք, ասենք, «սոցիալիզմ» էին կառուցում, իսկ հիմա ի՞նչ գաղափար:
Որ «Գազպրոմի» խողովակն ամենալավ խողովա՞կն է, թե՞ որ Պուտինի կոռումպացված, գանձագող եւ գողաբարո, իշխանությունից եւ ռեսուրսներից կառչած, «Մայդանից» սարսափած ընկերներն ամենանվիրյալ մարտիկներն են՝ հանուն պայծառ ապագայի: Չի՛ ստացվի: Դրան գումարած՝ առեւտրային պատերազմը, որ սանձազերծել է Պուտինն ընդդեմ Բելառուսի, երբ առանց խորհրդակցելու Մաքսային միության իր գործընկերների հետ Ռուսաստանը միակողմանիորեն արգելքներ սահմանեց արեւմտյան արտադրանքի ներմուծման նկատմամբ՝ ավելի շատ պատժելով ինքն իրեն: Գրեթե նույն պատմությունը՝ Ղազախստանի հետ: Բելառուսն արդեն վերականգնել է մաքսային վերահսկողությունը ՌԴ սահմանին, եւ դրանով իսկ Մաքսային միությունը չծնված՝ կնքել է իր մահկանացուն: Այս ամենն ուղղակի վկայում է, որ Ռուսաստանը նպատակ չունի որեւէ կերպ հաշվի նստելու նույնիսկ իր ամենամտերիմ դաշնակիցների շահերի հետ: Ավելին, սա ցույց է տալիս, որ այս ամբողջ «տնտեսական» կառույցը՝ իր հազարավոր փաստաթղթերով հանդերձ, զուտ ծխածածկույթ է Կրեմլի կայսերական նկրտումներն իրականություն դարձնելու համար, եւ Ռուսաստանի հետ ստորագրած ցանկացած փաստաթուղթ չունի նույնիսկ այն թղթի գինը, որի վրա այն գրված է (դա Բիսմարկն է ասել, եւ փաստորեն մինչ օրս եւ ոչի՛նչ չի փոխվել): Մենք տեսնում ենք, որ նույնիսկ միահեծան Բելառուսն ու Ղազախստանն են խուսափում Ռուսաստանի «ինտեգրացիոն» գրկախառնություններից, քանզի տեսնում են, որ Պուտինը պատերազմ է հայտարարել 21-րդ դարին եւ փորձում է հաղթել, ինչն անհնարին է:
Դա ինքնասպանությո՛ւն է: Սակայն այսօր Ռուսաստանն ընդունակ է մեծ ավերածություններ գործել իր շուրջ: Կրեմլի քաղաքականությունն իր ամբողջ «հմայքով» ինքնաբացահայտվեց Ուկրաինայում, եւ հենց Ուկրաինան է, որ պատրանքների քսանամյա թմբիրից հետո բացեց քաղաքակիրթ աշխարհի աչքերը, վեր հանեց Ազատության եւ Ժողովրդավարության արժեքներին վերադառնալու կենսական անհրաժեշտությունը: Թեկուզ Ղրիմը եւ Դոնբասի մի մասը ժամանակավոր կորցրած, բայց Ուկրաինան արեւմտյան դաշնակիցների՝ առայժմ ավելի շատ բարոյական աջակցությամբ կարողացավ մեծ հաշվով «ոտքի վրա մնալ» Ռուսաստանի դաժան հարվածներից հետո՝ ոչ պակաս ցավոտ պատասխան հարվածներ հասցնելով: Իր գործած ավերածություններով, մոբիլիզացված հեռուստա-աբսուրդով Ռուսաստանը լիովին վարկաբեկել է իրեն միջազգային հանրության առաջ: Պուտինի ռեժիմն այլեւս քաղաքական բանկրոտ է: Նույնպես սնանկ են Ռուսաստանի հետ կապված բոլոր «ինտեգրացիոն» նախագծերը՝ թե՛ ԵՏՄ կոչվածը, թե՛ ՀԱՊԿ կոչվածը, թե՛ ԱՊՀ կոչվածը, թե՛ մնացածը: Եվ այդ ամենը՝ մի նոր «Բելովեժյան» գործընթացով, միջազգային հանրության մասնակցությամբ, Պուտինի ռեժիմի հետ միասին ենթակա է լուծարման՝ հետխորհրդային պետություններին ճանապարհ բացելով դեպի Քաղաքակրթություն: Մեր պարտքն է խուսափել կորուստներից: Վերջին հարյուր տարվա ընթացքում մեր ունեցած ահռելի կորուստները մեզ պետք է ստիպեն, որ դրա մասին մտածենք հենց այսօրվանից:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
10.12.2014