2004թ. ամուսնուս` Կ. Բադալյանի միջնորդությամբ 2800 ԱՄՆ դոլարով Ս. Ծաղիկյանը ձեռք է բերում ռուս նկարիչներ Ա.Դեյնեկայի եւ Պ. Կոնչալովսկու վրձնին պատկանող 4 գեղանկար: Գեղանկարները ենթարկվում են փորձաքննության, դրանց բնօրինակ լինելը 2005թ. ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը հաստատում է: Նկարների փորձաքննությունն իրականացրել է ոմն Մեքինյանը, որը եւ երկրից արտահանել է ՌԴ (2005թ. հունվար): Այդ գործընթացի մասին տեղյակ չի եղել ամուսինս՝ Կ. Բադալյանը, առավել եւս, որ նա չի ճանաչել ու չի ճանաչում Հ. Մեքինյանին: Ս. Ծաղիկյանն այս փաստերը միտումնավոր թաքցրել է հետագա իրավական գործընթացների ժամանակ` մասնավորապես` քր. գործ. 26.10.2009թ. Կենտրոն քննչական բաժնի ավագ քննիչ Ռ. Նազարյանից, ապա Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս.Ղազարյանից, որպեսզի ձեռք բերի իր համար ցանկալի ու շահավետ որոշում: Այս փաստը մեզ հայտնի դարձավ ի պատասխան փաստաբան Ս. Սաֆարյանի հարցման՝ «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրամադրած 29.03.2011թ. 02-2/07 գրությամբ: Այժմ Ս. Ծաղիկյանը փորձում է այս պատմության մեջ ներգրավել ամուսնուս՝ Կ. Բադալյանին, որպեսզի դարձյալ այս ամբողջ գործընթացի մեղքի բաժինը բարդի նրա վրա:
Չեմ ուզում հավատալ, որ կախված մարդու դիրքից ու դերից, սոցիալական խավի պատկանելությունից, ՀՀ օրենքները փոփոխական են, բայց, ավաղ, դա կարծես այդպես է, քանի որ ոմանք փորձում են դա ապացուցել, հանձին՝ Սլավոնական համալսարանի իրավաբան դասախոս, երբեմնի դատախազ Ստեփան Ծաղիկյանի, ով սուտ հորինվածքներով ձեռք է բերում իր օգտին շահավետ որոշում, որը հաջորդական բնույթ է կրում` մի կեղծ որոշումը հաջորդում է մյուսին: Գուցե Ս. Ծաղիկյանը եւ իր թիմակից անդամները կարգախոս ունեն՝ «ՀՀ օրենքներն ափի մեջ»: ՀՀ Գլխավոր դատախազության Կոռուպցիոն եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ Ա. Բրուտյանն ուսումնասիրել է սույն գործի մանրամասները եւ Ստեփան Ծաղիկյանի կողմից ապացույցներ կեղծելու եւ խաբեությամբ Կ. Բադալյանին գույքի նկատմամբ իրավունքներ ձեռք բերելու փաստի առիթով 16.05.2014թ. հարուցել թիվ 61202514 քրեական գործը:
Քրգործի հետագա ընթացքը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կենտրոնական քննչական բաժնին, ապա վստահվել ՀՀ ոստիկանության Քանաքեռ եւ Զեյթուն քննչական բաժնի ավագ քննիչ Խ. Մեջլումյանին: Խիստ կասկածելի էին թվում Խ. Մեջլումյանի հապաղումները` 61202514 քրգործին պատշաճ ընթացք տալու, Կամո Բադալյանին տուժող ճանաչելու, իսկ Ծաղիկյանին մեղադրյալ ճանաչելու վերաբերյալ: Ուստի ամուսինս` Կ. Բադալյանը եւ փաստաբան Ս. Սաֆարյանը բողոք են ներկայացրել Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ Ս. Ծաղիկյանի եւ Կ. Բադալյանի կարգավիճակի վերաբերյալ: Նույն դատարանի դատավոր Ա. Մկրտչյանի կողմից 29.10.2014թ. թիվ ԵԱՔԴ/0069/11/14 հայցը բավարարվեց մասնակի եւ պարտադրվեց ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ Խ. Մեջլումյանին Կամո Բադալյանին ճանաչել տուժող եւ հիշյալ քրգործում ներգրավել որպես տուժող: Ավագ քննիչ Խ.Մեջլումյանը 10.11.2014թ. կայացնում է որոշում՝ վերոհիշյալ քրգործում Կ. Բադալյանին ներգրավում որպես տուժող, ապա իր իսկ կազմած արձանագրությամբ ծանոթացնում է տուժողի իրավունքների եւ պարտականությունների հետ, որի տակ ստորագրում են Կ. Բադալյանը եւ Խ. Մեջլումյանը: Ու հանկարծ 7 օր հետո՝ 17.11.2014թ., մենք ստանում ենք մեկ այլ որոշում, որով տեղեկանում ենք, որ թիվ 61202514 քրեական գործը կարճվել է:
Անակնկալը շփոթեցրեց մեզ, փոխարենը մենք սպասում էինք Կամո Բադալյանին որպես տուժող հարցաքննվելու ծանուցմանը, իսկ ավագ քննիչ Խ. Մեջլումյանը մեր պնդումներին այդպես էլ ընթացք չտվեց՝ Կ. Բադալյանի եւ Ս. Ծաղիկյանի առերեսման վերաբերյալ, այլ Գյուլնազ տատի հեքիաթներով կայացրեց հապճեպ որոշում, որի ձեռագիրը մեզ քաջ ծանոթ էր, Ս. Ծաղիկյանը նույն կերպ է վարվում, ինչ 09.06.10թ. ԵԱՔԴ/0453/02/10 Ս. Ղազարյանի վճիռը, սուտ հորինվածքներով եւ կոպիտ սխալներով կայացված մի որոշում, որի կրողն ենք մինչ այժմ: Հավելեմ նաեւ՝ ավագ քննիչի կայացրած հեքիաթ-որոշման մեջ անգամ չի շոշափվում Կ. Բադալյանի տուժող լինելու հանգամանքը, որը կայացրել է ՀՀ դատարանը եւ վճռել ՀՀ օրենքներով:
Այժմ գործը գտնվում է բողոքարկման փուլում, որը 02.12.2014թ. փաստաբանի եւ Կ. Բադալյանի կողմից ներկայացված է Երեւան քաղաքի դատախազ Ա.Դավթյանին՝ խնդրելով վերացնել ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Երեւան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի 17.11.2014թ. թիվ 61202514 որոշումը: Այս մասին մենք լռել չենք կարող եւ ցանկանում ենք հնարավորինս իրավական համակարգի ուշադրությունը հրավիրել այս խնդրի վրա եւ ընտանիքիս կողմից խնդրել վերջինիս օգնությունն ու աջակցությունը:
Խնդրում ենք Ձեզ՝ ՀՀ օրենքի երդվյալ պաշտպաններ, թույլ մի տվեք կեղծ որոշումներով իմ ընտանիքին վնասեն անօրենները ու թողնեն մեզ առանց տանիքի, քանի որ սույն գործով Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Հունանյանի 24.09.2012թ. որոշումով իրականացվելու է դատաշինարարական եւ դատաապրանքագիտական փորձաքննություն, եւ որով որոշվելու է մեզ պատկանող տան ճակատագիրը, բնականաբար՝ մերը եւս: Խնդրում ենք տվեք մեզ հստակ պատասխան, որպես շարքային քաղաքացի, ինչպե՞ս կարող ենք պայքարել եւ պնդել այն ՀՀ օրենքները, որոնք բխում են Կ. Բադալյանի շահերից, որպեսզի դրանց բնականոն ընթացքը չխաթարվի, այլ արդարությամբ եւ արդարադատությամբ ունենա պատշաճ ընթացք, անկողմնակալ լուծում:
ՍՎԵՏԼԱՆԱ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
10.12.2014