Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Դասագիրքը պետք է ուղղորդի եւ գնահատի»

Դեկտեմբեր 11,2014 13:30

Անգլերենի դասագրքում ներկայացվում է ժամանակակից ընտանիքի մոդելը

Ամեն ինչ սկսեց նրանից, երբ 8-րդ դասարանի Անգլերենի դասագրքի (հեղինակ՝ Լուսինե Գրիգորյան, «Անտարես», 2009) մի դասն ուսումնասիրելիս երեխայի մոտ հարց առաջացավ. «Իսկապե՞ս, հայրե՞րն են զբաղվում երեխայի դաստիարակությամբ, մայրերը՝ գնում աշխատանքի՞»: Փորձում ես բացատրել, որ երկուսն էլ հնարավոր է, հետո ինքդ ես կարդում շարադրված օրվա դասը ու փորձում երեխային բացատրել՝ ինչ է ցանկանում գրքի հեղինակն ասել՝ այնքան էլ համոզված չլինելով՝ արդյոք հեղինակի ասելիքը համընկնո՞ւմ է քո մատուցածի հետ, փորձում ես եզրակացություններ, երեխայի համար ուղղորդումներ փնտրել, սակայն ինքդ էլ դժվարանում ես:

Իսկ օրվա դասն այն մասին էր, որ ընտանիքի մոդելը ժամանակի ընթացքում փոխվել է, եւ քանի որ ամուսնալուծվելու համար օրենքները հեշտացվել են, դրանց թիվը շատացել է, եւ դա նշանակում է, որ ընտանիքը եւ ամուսնությունն այդքան էլ տարածված չեն ժամանակակից աշխարհում, այնուամենայնիվ, հեղինակն ավելացնում է, որ ամուսնալուծվածների մեծ մասը նոր ընտանիք է կազմում:

Ներկայացվում է ընտանիքում երեխայի դերը, թե յուրաքանչյուր սերունդ փորձում է լինել ավելի ազատ իր ծնողից, ու այժմ երեխաներն ավելի անկախ են իրենց որոշումները կայացնելիս: Հետո արդեն խոսք է բացվում այն մասին, որ երեխաների դաստիարակության հարցերով այժմ ավելի շատ զբաղվում է ընտանիքի հայրը, քանի որ մայրը գնում է աշխատանքի:

Այս հարցերի շուրջ երեխայի հետ զրուցելը երկար է տեւում, իսկ դասագրքում ներկայացվածը որեւէ կողմնորոշում, եզրակացություն, լավը վատից առանձնացնելու որեւէ ճանապարհ չի պարունակում, եւ քանի որ մասնագիտական փորձի բացակայությունը քեզ թույլ չի տալիս երեխային այս հարցում կողմնորոշելու՝ վախենալով տարիքային առանձնահատկությունից, երեւույթների մասին նրա ընկալումներից, այս հարցում ստիպված ձեռնպահ ես մնում:

Հոգեբան, «Ժեստ» հոգեբանական կենտրոնի տնօրեն Արկադի Մեհրաբյանը՝ ծանոթանալով մեր բարձրացրած խնդրին, ինքն էլ հաստատում է, որ առանց երեխային ուղղորդելու, դասագրքերում չպետք է օրինակներ ներկայացվեն. «Իմ կարծիքով՝ հեղինակը գիրքը հրատարակելիս, հատկապես, երբ այն դասագիրք է, ուսուցողական, պետք է խիստ ցենզուրայի ենթարկի այն: Պետք է մեծ ուշադրություն դարձնի իր մատուցածին, հատկապես, երբ խոսքը գնում է ընտանիքի մոդելին, հասարակական հարաբերություններին, արժեհամակարգին: Դրանց ներկայացման ժամանակ պետք է ներգրավված լինեն մասնագետները, որոնք պետք է քննեն, օրինակ, այդ ընտանեկան մոդելի ներկայացո՞ւմն է անհրաժեշտ, թե՝ ոչ:

Ամեն պետություն իր ընտանիքի մոդելն ունի, իր ընտանիքի արժեքը եւ չպետք է կորցնել գենետիկ ենթամշակութային արժեքները: Դա որոշակիորեն երեխային զրկում է ինքնավերլուծությունից, ինքնազարգացումից ու տալիս է նմանվելու հատկանիշ, տեսնենք՝ որտեղ ինչ կա, նմանվենք, ինչը շատ վատ է»: Հոգեբանը կարծում է՝ վտանգ կա, եթե այդ տարիքի երեխաներին դասագրքի հեղինակը չի փորձում ուղղորդել: «Դասագիրքը պետք է ուղղորդի, գնահատի, ներկայացնի հասարակարգը»,- ասում է նա, ավելացնում, որ վերը նշված դասագրքի օրինակով կարելի է ասել, որ տեղեկատվությունը սխալ է մատուցված, երեխաներին ընտրելու, վերլուծելու հնարավորություն տրված չէ, չի ցանկանում իր համար ընդունելի ընտանիքի մոդելի մասին խոսել, բայց ինքն էլ իր հերթին նկատում է եւ նույնիսկ վիճակագրություն ունի, որ, այո, այսօր Հայաստանում նման միտում նկատվում է, կանանց զբաղվածությունը տոկոսային հարաբերակցությամբ ավելի բարձր է, քան տղամարդկանցը, համարում է, որ շատ դեպքերում հայ տղամարդիկ կամավոր զոհի կարգավիճակ են իրենց վերագրում եւ չեն փորձում աշխատանք գտնել: Հոգեբանը ավելացնում է, որ, այո, տղամարդիկ երեխաների դաստիարակության գործում մեծ դեր ունեն, նույնիսկ ավելի, քան կանայք, բայց դա չի նշանակում, որ նրանք «տանը նստած» պետք է զբաղվեն երեխայի դաստիարակությամբ, կինն էլ գնա գումար աշխատելու եւ դա էլ որպես օրինակ մատուցվի երեխային: Ըստ հոգեբանի՝ այս ամենը հաշվի առնելով անգամ, երեխային պետք է ճիշտը ներկայացնես՝ գնահատելով թերությունները եւ առավելությունները, որպեսզի երեւույթների նկատմամբ երեխայի մոտ այդ տարիքից ճիշտ վերաբերմունք ձեւավորվի:

Հավելենք, որ «Առավոտին» տված հարցազրույցներից մեկում «Անտարես» հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանն ասել էր, որ իրենց հրատարակչությունն այլեւս չի համագործակցում այդ հեղինակի հետ, հետեւաբար մեկնաբանություններ չի անի դասագրքի հետ կապված, քանի որ Լուսինե Գրիգորյանը մրցակից հրատարակչության հետ է աշխատում:

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արթուր Ղազարեան says:

    Հրաշալի տեքստ էր:
    Հայկական ընտանիքն, անշուշտ, շատ դրական կողմեր ունի: Բայց միւս կողմից ակնյայտ է, որ աւանդական ընտանիքի որոշ տարրեր ուղղակի անհամատեղելի են ժամանակակից պայմաններում: Ուստի լաւ կը լինի, որ հասարակութիւնն առերեսուի դրան ու փորձի շտկել դրանք:

    Օրինակ, երիտասարդ զոյգերն ամուսնանալուց յետոյ շարունակում են ապրել տղայի ծնողների հետ՝ փոխանակ ամէն գնով (թէկուզ՝ վարձով ապրելու պայմանով) առանձնանան ծնողներից: Սա տակաւին «հայեցի» չէ: Յետոյ երիտասարդներն մասամբ, նաեւ դրանով պայմանաւորուած, բաժանւում են ու ամուսնալուծութիւնը նորից «հայեցի» չէ: Հազարաւոր հայ տղամարդիկ ռուսաստաններում երկրորդ ընտանիք ունեն, բայց հասարակութիւնում նման հարցերի քննարկումը չի խրախուսւում՝ կրկին «հայեցի» չի: Ընտանիքում դերերի վերաբաշխում է եղել: Սրանք ես պիտի քննարկուեն:

    Կարող եմ այլ օրինակներ էլ բերել: Դուք դրանք ինձնից էլ լաւ գիտէք:

    Ահա փոխանակ այս գեղեցիկ տեքստի օրինակով ձեր երեխաներին բացատրէք՝ ինչն ինչոց է, կարծէք թէ դժգոհութեան ալիք է բարձրանում: Շուտով ասպարէզում կը յայտնուեն Կոմիտաս վարդապետը, մտահոգ ծնողներ, ծնողկոմիտէներ՝ կանխելու այլասերման հերթական փորձը: Ա՜խ այդ Արեւմուտքը: Լաւ էր՝ ԵՏՄ անդամ (ռուսերէն՝ ՉԼԵՆ) դարձանք: Արեւմտեան այլանդակ բարքերի մուտքը կը դադարի:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031