Եվս մեկ «բաց նամակ» ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին
1993 թվականից աշխատել եմ հ. 1 ուսումնարանում որպես հավաքարար։ 1997 թվականին ուսումնարանը լուծարվեց եւ ուսումնարանի շենքը տրամադրվեց Երեւանի պետական արդյունաբերական քոլեջին։ Ես շարունակեցի աշխատել քոլեջում։ Ամեն ինչ խաղաղ ու հաշտ էր մինչեւ 2011 թվականը, երբ քոլեջը միացվեց ՀՊՃՀ-ի քոլեջին։ 2009 թվականին քոլեջ ընդունվեց Մարինե Գրիգորյանը՝ որպես ժամավճարային կարգով ռուսաց լեզվի եւ գրականության ուսուցիչ, միաժամանակ նրան հատկացվեց (0,5 հաստիքով) զինղեկի հաստիքր։ Տնօրեն Աղասի Սարգսյանին փոխարինեց Խորեն Հովհաննիսյանը, որը աշխատողի մասին մտածող եւ աշխատանք գնահատող ղեկավար էր։ 2012 թվականի հունվարյան տոներից հետո ամբողջ կոլեկտիվը զարմանք ապրեց, երբ աշխատանքի գալով, իմացավ, որ քոլեջի տնօրեն է նշանակվել Մարինե Գրիգորյանը։
Ի դեպ, վերջինս հիմնական աշխատող է համարվել 2010 թվականից, տնօրեն նշանակվելու ժամանակ ուներ 2,5 տարվա մանկավարժական ստաժ՝ 5-ի փոխարեն, բացի այդ, նա չունի տեխնիկական կրթություն: Ասում էին, որ Մարինե Գրիգորյանը ժամանակին վայելում էր ՀՊՃՀ նախկին ռեկտոր Արա Ավետիսյանի բարձր հովանավորությունը, ինչն էլ նրան թույլ տվեց իր քմահաճույքների զոհ դարձնել երկարամյա վաստակ ունեցող թե՛ մանկավարժների, թե՛ հաստիքային այլ աշխատողների։ Տնօրեն նշանակվելու օրից նա ինձ հետ անհարգալից էր վարվում, որովհետեւ ուղղախոս եւ ճշտախոս մարդիկ իրեն դուր չէին գալիս։
2012 թվականին քոլեջում սարսափելի դեպքեր են կատարվել՝ մատյանների կեղծում, անհետացում, բացակա ուսանողներին գնահատում;
Տնօրենի առանձնասենյակում աշխատակցուհիների ծեծկռտուքը, Զավախքից եկած ուսանողների ծեծկռտուքն ու դանակահարությունը: Քոլեջում 6 հավաքարարի փոխարեն աշխատում են 4-ը, այսինքն՝ 4 մարդ աշխատում է 6-ի փոխարեն, մի՞թե սա մարդու շահագործում չէ։
Կարդացեք նաև
Այս մասին ժամանակին տեղյակ եմ պահել ԿԳ նախարարության աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանին, սակայն նրա կողմից նույնպես ոչ մի էական քայլ չի կատարվել, երկու անգամ ձեւական ստուգումներ են անցկացվել, բայց անարդյունք։ Մարինե Գրիգորյանն այնքան վստահ ներշնչանք է ստացել, որ կարողանում է հայտարարել, թե ինքը այնպիսի մարդու հովանավորությունն է վայելում, որ իրեն ոչ ոք չի կարող կպնել։ Ու այդ մարդն էլ նախագահի աշխատակազմից է։ Քոլեջում կատարվող բոլոր դեպքերին տեղյակ են աշխատակիցները, բայց վախենալով Մարինե Գրիգորյանի հոխորտանքներից, որ կազատվեն աշխատանքից, լռում են։
Լուսինե Գալստյանր Ք211 խմբի 3-րդ կուրսից, Թովմասյան Զոհրաբը Ք27 խմբի 3-րդ կուրսից, ովքեր տնօրեն Մարինե Գրիգորյանի սանիկներն են, դասի ընդհանրապես չեն եկել, սովորում են անվճար համակարգով, կուրսից կուրս են փոխադրվում, ստանում են կրթաթոշակ՝ առանց դասի ներկայանալու: Ի դեպ, ուսումնական մասի տեսուչն էր Ալեքսանյան Հասմիկը։
Ես՝ Արաքսյա Պետրոսովաս, ապրում եմ քոլեջին կից շենքում, շատ ու շատ դեպքերի եմ ականատես լինում, եւ գտնում եմ, որ դասերի չներկայանալու դեպքում, Հայաստանից դուրս գտնվող ուսանողներին գնահատելը եւ թոշակ տրամադրելը պետական բյուջեից հանցագործություն է։
Քոլեջի բարձիթողի վիճակի մասին եւս մեկ անգամ բարձրաձայնում եմ, տնօրենի քմահաճույքները, որոնք արդեն չափուսահման չունեն, լավ վերջաբան չեն խոստանում։ Մի՞թե չկա այն ազդեցիկ դեմքն ու ձեռքը, ով վերջ դնի քոլեջի խայտառակ վիճակին։
ԱՐԱՔՍՅԱ ՊԵՏՐՈՍՈՎԱ
«Առավոտ» օրաթերթ
10.12.2014