Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղի տղամարդկանց պատկերացումները՝ Մաքսային միություն կոչվածի մասին. (Տեսանյութ)

Դեկտեմբեր 10,2014 21:49

Այսօր Aravot.am-ը Արթիկի շրջանի Վարդաքար գյուղի բնակիչներից հետաքրքրվեց, թե ի՞նչ են հասկանում Մաքսային միություն ասելով,  մտավախություն չունե՞ն, որ վաղը մյուս օրը ապրանքներն ավելի կթանկանան:  « Իհարկե, հիմա էլ  իմ կաշվի վրա զգում եմ թանկացումները, բայց մեր՝ հայաստանյան շուկան շատ փոքր է, հայը աշխատող մարդ է, չի կարողանա իր ապրանքը էս նեղ շուկայում իրացնի, դուրս պետք է ելնի: Ռուսաստանը մեծ շուկա է էլի, 160-170 միլիոնանոց շուկա է՝ Ղազախստանով, տարածությունը մեծ է, ինձ թվում է լավ կլինի էլի», -ասաց Խաչիկ Խաչատրյանը: Aravot.am-ի այն հարցին, թե ի՞նչ կարտահանեք, ի՞նչ կտանեք Ռուսաստան իրացնելու կոնկրետ ձեր գյուղից, մեր զրուցակիցն ասաց. «Ոչ մի բան աբսալյուտնո…Ժողովուրդը հիմնականում ցորեն, գարի էր ցանել, էն էլ կարկուտը տարավ, ոչ մեկը ոչ մի բան չհավաքեց, շատ քիչ հավաքեց: Մեր գյուղն ի՞նչ ունի արտահանման, որ արտահանի, Արարատյան դաշտավայրն է հիմնականում պտուղ-բանջարեղենը, կոնյակը»: Մեր դիտարկմանը, թե այդ դեպքում ինչո՞ւ է այդքան հրապուրված Մաքսային միություն մտնելու ծրագրով,  մեր զրուցակիցն ասաց. «Հրապուրանքն էն է, որ մեր գեղի մարդն էլ կգնա Ռուսաստանից մի բան կբերի, կծախի գյուղում կամ մի բան կանի Հայաստանի  համար, լավ կլինի»:

Խոպան մեկնող, տարվա 7 ամիսը Ռուսաստանում աշխատող մեկ այլ բնակչի՝ Արմեն Գևորգյանին հարցրեցինք, թե ի՞նչ կասի Մաքսային միության մասին: Վերջինս բավական ուրախ էր այս առիթով, պնդում էր, որ հայ ազգի 90 տոկոսը իր պես է մտածում: Ի դեպ, նա  բացարձակապես տեղյակ չէր հայաստանյան թանկացումներից: Միայն ասում էր, որ եթե ամեն ինչ տնից ունենաս՝ միս, հաց և այլն, ապա 250 հազար դրամը, միգուցե բավարարի  ամանորյա սեղան գցելու: «Մաքսային միությունը շատ ընտիր է իմ համար, որովհետև ես ազատ կարող եմ մտնել-ելնել Ռուսաստան, որովհետև մենք Ռուսաստանի հետ միշտ էլ կապ ունենք, մերը դա է …Կարող է բիզնեսմեններին վնաս լինի, բայց իմ պես աշխատող մարդուն չէ»: Այդուհանդերձ մեր զրուցակիցը ազնվորեն խոստովանեց, որ եթե իր գյուղում անգամ թեթևակի աշխատատեղ լիներ, ինքը Ռուսաստան  գնացող չէր, կմնար գյուղում ՝իր ընտանիքի կողքին:

Մանրամասները՝ տեսանյութում

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031