ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը և Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը մարզպետարանում հրավիրեցին աշխատանքային խորհրդակցություն` բուժաշխատողների մասնակցությամբ:
Ողջունելով ներկաներին` Արմեն Մուրադյանը նշեց, որ Կոտայքի մարզ այցի շրջանակում բժշկական կենտրոններում քննարկվել են մի շարք կազմակերպական, բուժական, ֆինանսական խնդիրներ: Նախարարն ընդգծեց, որ բարձրացված հարցերը կլուծվեն համատեղ ուժերով:
Նա շեշտեց, որ առանձնահատուկ են նախարարության մոտեցումներն ու պահանջները հիմնանորոգված, վերազինված բժշկական կենտրոնների նկատմամբ:
Արմեն Մուրադյանը անդրադարձավ առողջապահական ոլորտի նոր ծրագրերին: Նա ներկայացրեց 2015թ. առաջին անգամ ներդրվող ստուգայցի (Check-Up) ծրագիրը, որը միտված է բարձրացնելու առաջնային օղակի դերը:
Կարդացեք նաև
«Այս ծրագրով մենք ցանկանում ենք հզորացնել առողջության պահպանման առաջնային օղակը: Ծրագրի շրջանակում սոցիալական փաթեթի շահառուների համար պոլիկլինիկաներում համապատասխան չափորոշչով պետությունն առանձին վարձատրություն է սահմանել յուրաքանչյուրի համար` հատկացնելով 8000 դրամ»,- հայտնեց առողջապահության նախարարը` ընդգծելով, որ այս կերպ հնարավոր կլինի հայտնաբերել մի շարք հիվանդություններ վաղ փուլերում:
Նախարարն առանձնահատուկ կարևորեց նաև սրտի անհետաձգելի վիրահատությունների նոր ծրագրի իրականացումը: Նա տեղեկացրեց, որ մարդկանց կյանքը փրկելուն ուղղված այս ծրագրի ընդլայնման նպատակով Հայաստանի Հանրապետության 2015թ. պետական բյուջեով սրտի անհետաձգելի վիրահատությունների ծրագրի իրականացման համար կհատկացվի 500 մլն դրամ: Ծրագրում կընդգրկվեն այն քաղաքացիները, ովքեր ներառված չեն սրտի անվճար վիրահատության իրավունք ունեցող որևէ խմբում: Արմեն Մուրադյանը այս ծրագրի արդյունավետության ապահովման գործում մեծապես կարևորեց նաև մարզային բժշկական կենտրոնների աշխատանքը:
Առողջապահության նախարարը նոր ծրագրերից առանձնացրեց նաև արտասահմանյան առաջավոր կլինիկաների փորձը ուսումնասիրելու նպատակով բժիշկների փոխայցելությունները: Այս Ծրագրի շրջանակում նախատեսվում է արտասահմանյան առաջավոր կլինիկաներում վերապատրաստել սրտաբաններ, ուռուցքաբաններ, արյունաբաններ և ճառագայթային բժշկության մասնագետներ:
Արմեն Մուրադյանը կարևորեց մարզերում ճիշտ կադրային քաղաքականության իրականացումը: Նրա գնահատմամբ` կարևոր է, որպեսզի մարզում ստեղծվեն գրավիչ պայմաններ երիտասարդ մասնագետների աշխատանքի համար, ինչը մեծապես կնպաստի մարզերի համաչափ զարգացմանը:
Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի թիվ 1 մանկապարտեզում նոյեմբերի 28-ին արձանագրված թունավորման դեպքին արագ արձագանքելու, տուժածների բուժումը պատշաճ կազմակերպելու, ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի, սրտացավ և կարեկից վերաբերմունքի համար ՀՀ առողջապահության նախարարի հրամանով Եղվարդի Նաիրիի, Աբովյանի և Հրազդանի բուժաշխատողները` երկու բուժքույր և երեք բժիշկ պարգևատրվեցին պատվոգրերով:
Նախարարն իր գոհունակությունը հայնտեց բոլոր բուժաշխատողներին, ովքեր մինչ ուշ գիշեր մասնագիտական պարտքն են կատարել, ում ջանքերով հաջողվեց կարճ ժամանակում լոկալիզացնել հիվանդությունը և ապաքինել հիվանդներին:
Անդրադառնալով Եղվարդում նոյեմբերի 28-ին տեղի ունեցած թունավորման արտակարգ դեպքին` նախարարը ևս մեկ անգամ կարևորեց բժշկական կենտրոնների` հիվանդների զանգվածային հոսքին պատրաստ լինելու հանգամանքը: Արմեն Մուրադյանը հայտնեց, որ հարցն իրավապահ մարմինների տիրույթում է և պատկան մարմինները կիրականացնեն բոլոր անհրաժեշտ միջոցառումները նման դեպքերը կանխելու և բացառելու համար: Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանն էլ նշեց, որ քայլեր կձեռնարկվեն այցի շրջանակում բարձրացված առողջապահական խնդիրները շուտափույթ լուծելու ուղղությամբ:
Ձեռք բերվեց պայմանավորվածություն մարզային այցելությունները պարբերական դարձնելու` խնդիրները վերհանելու և դրանց լուծման ուղիները քննարկման համար:
Կոտայքի մարզ աշխատանքային այցը եզրափակվեց Աբովյանի բժշկական կենտրոնում: Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի շրջանակներում տարեսկզբին վերաբացված Աբովյանի բժշկական կենտրոնի հիվանդանոցային մասնաշենքում տեղակայվել են անհրաժեշտ բոլոր բաժանմունքներն ու ծառայությունները, առողջապահական հաստատությունը հագեցվել է ժամանակակից բժշկական սարքավորումներով:
Կենտրոնի տնօրեն Վարդան Մանուկյանը նշեց, որ այն ապահովում է Աբովյանի և հարակից գյուղերի շուրջ 100000 բնակչի բուժօգնությունը: Նախարարի հետ զրույցում մի շարք բուժաշխատողներ վերապատրաստվելու ցանկություն հայտնեցին: ՀՀ առողջապահության նախարարության անձնակազմի կառավարման վարչության պետին հանձնարարվեց ապահովել մարզային մասնագետների վերապատրաստումը Երևանում և հնարավորության դեպքում նաև արտերկրում: Արմեն Մուրադյանը հանձնարարեց մարզում առավել արդյունավետ իրականացնել անհետաձգելի բուժօգնության ծառայության կազմակերպումը:
Նախարարն այցելեց նաև մանկական, վերակենդանացման բաժանմունքներ, վիրահատարան, ծանոթացավ բժշկական կենտրոնի նյութատեխնիկական հագեցվածությանը:
ՀՀ առողջապահության նախարարություն