Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք դրանով սահմանում ենք «երկրորդ կարգի մարդ» հասկացությունը». Ռուբեն Բաբայան

Դեկտեմբեր 10,2014 20:07

Սահմանային միջադեպերի լարված շրջանում՝ 2014-ի հուլիսին, մի խումբ մտահոգ երիտասարդներ ստեղծեցին «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնությունը, որը ձևավորման օրվանից սահմանամերձ համայնքներում իրականացրել է մշակութային մի շարք ծրագրեր՝ նպատակ ունենալով ինչ-որ չափով փակելու մշակութային կյանքի այն մեծ բացը, որ կա հատկապես սահմանամերձ բնակավայրերում:

«Հայրենիքի սահմանները պաշտպանողները, առաջին հերթին, սահմանին ապրող մարդիկ են, և մեր պարտքը այդ մարդկանց կյանքը բոլոր առումներով լիարժեք դարձնելն է,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, որի բնորոշմամբ՝ այս նախաձեռնությունը հայրենիքի պաշտպանությանն ուղղված կարևորագույն քայլ է, որին Տիկնիկային թատրոնը պատրաստ է աջակցել ամեն ինչով:

Դեկտեմբերի 20-21-ը նախաձեռնության անդամները  պատրաստվում են ամանորյա տոնական ծրագրով այցելել սահմանամերձ Բաղանիս և Դովեղ գյուղեր՝ տեղի բնակիչներին, մասնավորապես երեխաներին տոն պարգևելու համար:

«Բնակիչների հետ հանդիպումների ընթացքում համոզվել ենք, որ նման միջոցառումների կարիք կա ամենուր, սակայն կարևորելով հատկապես սահմանամերձ համայնքների մշակութային կյանքի աշխուժացման անհրաժեշտությունը՝ առաջարկում ենք, որ նման միջոցառումները լինեն համակարգված, պարբերաբար և կրեն պետական հովանավորչություն: Այսինքն՝ մշակույթի նախարարության հովանու ներքո Հայաստանի տարբեր թատրոններին բյուջեից տրամադրվեն համապատասխան միջոցներ (ճանապարհածախս, օրապահիկ և այլն)՝ սահմանամերձ բնակավայրերում ներկայացումներ կազմակերպելու համար»,- ասում է նախաձեռնության անդամ Տիգրան Մարտիրոսյանը:

Նախաձեռնության անդամներն այս առաջարկով այսօր նամակով դիմել են ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին։

Ըստ Ռուբեն Բաբայանի՝ մշակութային կյանքի ապակենտրոնացումն այսօր  ընդունում է ողջ քաղաքակիրթ աշխարհը, և դա արվում է գիտակցաբար. «Իսկ մենք մեր ողջ մշակութային կյանքը կենտրոնացրել ենք Երևանում: Մշակույթը մեր երկրինն է, բոլորինս է, և նույն երկրի որևէ քաղաքացի չի կարող մեկ այլ քաղաքացու հանդեպ առավելություն ունենալ միայն այն պատճառով, որ ապրում է այս կամ այն բնակավայրում: Դա վտանգավոր միտում է. մենք դրանով սահմանում ենք «երկրորդ կարգի մարդ» հասկացությունը»,- ասում է պարոն Բաբայանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031