Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանաբնակ բիզնեսմենի մկրտությունը Վարդաքարում. (Ֆոտոշարք)

Դեկտեմբեր 10,2014 19:50

7 տարեկանից ՌԴ-ում բնակվող Ջանիկ Սարգսյանը, որը ծնունդով  Արթիկի տարածաշրջանի Վարդաքար գյուղից է, 20-22 հազար դոլար է ծախսել իր ծննդավայրի «Սուրբ խաչ» եկեղեցին վերանորոգելու համար: Իսկ այդ  եկեղեցին, ինչպես  Aravot.am-ի հետ զրույցում ներկայացրեց գյուղապետ Գալուստ Ավետիսյանը, հիմնվել է գյուղի հիմնադրմանը համընթաց՝ 1828 թվականին: Կոմունիստների ժամանակ  այն վերածվել է պահեստի,1993 թվականին նոր միայն գյուղաբնակները ռիսկ են արել այն վերանորոգել ու դարձյալ որպես եկեղեցի ծառայեցնել: Սակայն, ըստ գյուղապետի, 20 տարիների ընթացքում տանիքը,  պատերը քայքայվել էին: Ջանիկ Սարգսյանն էլ վերջերս  որոշել է վերանորոգել այն:

PrevPhoto
NextPhoto

Եկեղեցու վերանորոգումից զատ, երիտասարդ բարերարը եկեղեցու բակում խաչքար էր տեղադրել Եղեռնի զոհերի 100-ամյա հիշատակին: Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու, Արթիկի  թեմի առաջնորդ  Հովակիմ Սրբազան  Մանուկյանի ձեռամբ օծվեց և տեղադրվեց եկեղեցու խաչը, ինչպես նաև օրհնվեց եղեռնի զոհերի խաչքարը:

Հովակիմ Սրբազանը իր խոսքում ասաց. «Քաջատեղյակ եք, որ Հայաստանյաց  Առաքելական Սուրբ Եկեղեցին 2015 թվականի ապրիլի 23-ին պիտի սրբադասի Մեծ եղեռնի զոհերին , նահատակ հայորդիներին, որոնք զոհվեցին վասն հավատո ու վասն հայրենյաց: Եվ այլևս այս եկեղեցին և խաչքարը ձեզ համար պիտի դառնան սրբատեղի՝ գալու, աղոթելու, նաև հայցելու  նահատակ հայորդիներին բարեխոսությունը ձեր համար, ձեր ընտանիքիների, ձեր զավակների համար: Հայցելու նրանց օրհնությունը, ուժ ստանալու, ձեր կյանքը արարումով, ստեղծագործությամբ  և ուրախությամբ շարունակելու համար: Սա մի վկայություն պիտի լինի բոլորիդ առջև հիշեցնելու այն գինը, որ վճարեցին մեր հայրեր իրենց  ինքնությունն ու հավատքը պահպանելու համար: Այս պատգամով պիտի հորդորեմ  ձեզ՝ ձեր հավատքը ձեր մեջ անշեղ պահեք, հավատարմությունը ձեր ազգային ու հոգևոր արժեքների, վստահությամբ,  որ նահատակ հայորդիք, որոնց խաչքարը այստեղ բարձրացավ, այս Սուրբ խաչ եկեղեցին, պահապան խաչը ձեզ հետ է լինելու և օրհնելու է ձեր բոլոր նախաձեռնությունները, նպատակներն ու իղձերը»:

Ի դեպ, վերակառուցված եկեղեցում  կատարվեց նաև բարերարի մկրտության արարողությունը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031