Այսօր՝ դեկտեմբերի 10-ին «Մոսկվա» կինոթատրոնում նշվեց «Օրդֆիլմ» ընկերության հիմնադրման 5-ամյակը: Երեկոյի ընթացքում ցուցադրվեցին «Օրդֆիլմի»՝ «Հոգեվարք» խաղարկային եւ «Լույս առանց աչքերի» (հեղինակ՝ Նաիրա Փայտյան) ֆիլմերը: «Հոգեվարքը» ֆիլմը, որտեղ նկարահանվել են ճանաչված արվեստագետներ Գրետա Մեջլումյանն ու Հրաչյա Աշուղյանը, ռեժիսորական լուծումների, օպերատորական աշխատանքի եւ այլնի առումով արժանացել է վավերագրական կինոյի վարպետ Արտավազդ Փելեշյանի բարձր գնահատականին:
«Օրդֆիլմ» ընկերության հիմնադիր տնօրեն, ռեժիսոր Հայկ Օրդյանը նշեց, որ ընկերության հինգամյակը որոշել են նշել հետեւյալից ելնելով. «Հայկական իրականության մեջ կինոարտադրությունը լուրջ խնդիրներ ունի, եւ յուրաքանչյուր այսպիսի քայլ պետք է կարողանանք ճիշտ ներկայացնել, որպեսզի վաղը, մյուս օրը ոչ միայն «Օրդֆիլմը», այլեւ մյուս կինոընկերությունները կարողանան իրենց արտադրանքով ներկայանան թե ներսում, թե այլ հարթակներում»: Ինչ վերաբերում է երկու ֆիլմերին, դրանք ընկերության յուրատեսակ հաշվետվությունն են, «Հոգեվարք» ֆիլմն էլ խաղարկային կինոյի դաշտ մտնելու առաջին փորձը:
Կարդացեք նաև
«Ֆիլմ նկարելը դժվար է ստեղծագործական առումով, իսկ որպես պրոդյուսերական աշխատանք՝ բարդությունները կրկնապատկվում են: Հայաստանում մինչ օրս չկա կինովարկ հասկացությունը, ինչը ընդունված է Եվրոպայում եւ ԱՄՆ-ում: Հայաստանում հեղինակային կինո նկարում են այլ` կոմերցիոն ֆիլմերի եկամուտների հաշվին»,- հավելեց ռեժիսորը:
Երեկոյի ընթացքում «Օրդֆիլմի» հետ համագործակցած կազմակերպություններին ու կինոընկերությանը լուսաբանած լրատվամիջոցներին հանձնվեցին պատվոգրեր եւ «Օդֆիլմի» հնգամյակը խորհրդանշող հուշանվեր:
Հայկ Օրդյանը փաստեց, որ առաջին անգամ հինգ տարի առաջ իրենց վրա լրատվամիջոցների ուշադրությունը բեւեռել է այն ժամանակվա հասարակայնության հետ կապերի պատասխանատու Միքայել Ահարոնյանը:
Հավելենք, որ թիվս այլ լրատվամիջոցների, «Առավոտին» եւս պատվոգիր ու հուշանվեր հանձնվեց:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Հայկ Օրդյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից