Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի անկատար խոստումն ու Վարդաքարի դպրոցի՝ տխուր ու առեղծվածային պատմությունը (Տեսանյութ)

Դեկտեմբեր 10,2014 18:35

Այսօր Aravot.am-ը Արթիկի շրջանի Վարդաքար գյուղի բնակիչներից մեկից՝ Խաչիկ Խաչատրյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է ապրելակերպը այս տեղանքում: Ի պատասխան մեր հարցի, նա դժգոհեց, որ գյուղում ոչ խմելու, ոչ էլ ոռոգման ջուր կա, արտագաղթը մեծ է՝ մարդիկ հեռանում են Ռուսաստան, այժմ արդեն ընտանիքներով: Բացի այդ, ըստ մեր զրուցակցի, գյուղի դպրոցը թողել են առանց շենքի, իրենց տարիներով խաբել ու  այն մինչև օրս այդպես էլ չեն կառուցել: «Ամեն տարի մեզ հույսերով կերակրեցին, կերակրեցին, բայց ոչ էլ կկառուցվի, հույսերս էլ կորավ: Հիմա մեր էրեխեքը գյուղապետարան են դպրոց գնում, գյուղապետարանի շենքը դպրոց են սարքել, գյուղապետարանն էլ իր համար մի հատ հին, փլված տուն է վարձել…»,- ասաց վարդաքարցին:

Վերջինս նաև նեղսրտեց, որ իրենք գյուղովի վարկերի տակ են, թեև ինքը վարկ չունի վերցրած, սակայն հաշվարկ է արել ու պարզել, որ գյուղի մոտ 150 տնտեսությունից միայն 5-ն է, որը վարկ չի վերցրել:

797 բնակիչ ունեցող Վարդաքարի ՀՀԿ գյուղապետ Գալուստ Ավետիսյանն էլ, խոսելով գյուղի խնդիրներից,  մեկ անգամ էլ հիշեցրեց գյուղի դպրոցի տխուր ու միաժամանակ առեղծվածային պատմությունը: 4 տարի առաջ «Առավոտ» օրաթերթը անդրադարձել էր այս խնդրին. քանի որ գյուղի դպրոցը 4-րդ աստիճանի վթարային էր, գյուղապետը հայտ էր ներկայացրել կառավարությանը դպրոցի շենքը ապամոնտաժելու ու հին դպրոցի տեղում նորը կառուցելու:

vardaqari-dproc

 

Կառավարությունը հաստատել էր ծրագիրը, անգամ քաղաքաշինության նախարարությունում նախագիծ-նախահաշիվ էր կազմվել, որ այն պետք է վերանորոգվեր 2010 թվականի պետական բյուջեով: Նույնիսկ մրցույթ էին հայտարարել, թե ով պիտի կառուցի: Հաղթող կազմակերպությունը`«Ջինշինը» եկել էր ապամոնտաժելու դպրոցի շենքը, սակայն երկու շաբաթ աշխատանքներ կատարելուց հետո շինարարները հեռացել էին՝ հայտարարելով, թե ձեր դպրոցը պետական ծրագրից դուրս է մնացել, ծրագիրը սառեցված է: Իսկ թե ինչո՞ւ, գյուղապետի այս հարցին պետական որևէ օղակում պարզաբանող չկար:

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը գյուղի բնակիչներին առաջարկում էր երեխաներին տանել հարևան Նոր Կյանք գյուղի նորակառույց դպրոց, սակայն գյուղացիները հրաժարվում էին՝ բողոքի ակցիաներ անցկացնելով Շիրակի մարզպետարանի շենքի դիմաց: Ի վերջո, ՀՀԿ-ական գյուղապետը որոշեց գյուղապետարանի շենքը տրամադրել դպրոցին, իսկ ինքը տուն վարձեց գյուղապետարանի համար:

vardaqari-dproc-600x373

Այսօր մեզ հետ զրույցում գյուղապետն ասաց, որ դպրոցը կառուցելու նպատակով անհրաժեշտ է 150 միլիոն դրամ: Նա նաև ասաց, որ իրեն խոստացել են դպրոցի շենքը կառուցել: «Բացառվում է, որ մենք մեր երեխաներին ուղարկենք Նոր Կյանքի դպրոց, մենք էսօր եկեղեցի ենք կառուցում մեր գյուղում, որ դպրոցն էլ կառուցենք, մեր էրեխեքը մեր դպրոցը պիտի գնան, ուրիշ ոչ մի տեղ»,- հայտարարեց գյուղապետը: Նա տեղեկացրեց նաև, որ անցած տարի 17 առաջին դասարանցի ունեին, այս տարի 12, իսկ սրանք քիչ թիվ չեն Հայաստանի համար:

Հիշեցնենք, որ վերջին նախագահական ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում այցելելով Արթիկ ու հանդիպելով հարակից գյուղերի գյուղապետերի հետ, հենց այդ ժամանակ խոստացավ կառուցել Վարդաքարի դպրոցը:

Գյուղապետը խոսեց նաև գյուղական այլ խնդիրներից, ջուր չունենալուց, կարկտահարության պատճառած 100 տոկոսանոց վնասներից, գյուղի բյուջեի սուղ լինելուց, պետական աջակցություն չլինելուց:

Մանրամասները՝ տեսանյութում 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031