Այսօր գառնեցիները հավաքվել են Գառնի գյուղի ակումբում` մասնակցելու Քաղցրաշեն համայնքին ոռոգման ջուր մատակարարելու նախագծի հանրային լսումներին: Այս նախագիծն իրականանալու պարագայում ջուրը պետք է վերցվի Գառնիի Ազատ գետից եւ ինքնահոս եղանակով մատակարարվի Քաղցրաշենին: Գառնեցիները վստահ են, որ այդ ծավալով գետից ջուր վերցնելը ոչ միայն Գառնի գյուղի, Գառնիի ձորի էկոհամակարգը կոչնչացնի, այլեւ Ազատ ջրամբարը կզրկի ջրից:
Քիչ առաջ նախագծի հանրային լսումներից վերադարձող Ecolur.org կայքի խմբագիր Վիկտորիա Բուռնազյանը Aravot.am-ին փոխանցեց, որ Գառնիի գյուղապետարանում նախագիծը չի եղել եւ այն գյուղացիներն ընդհանրապես չեն տեսել: Ըստ Վիկտորիա Բուռնազյանի, գառնեցիները մտավախություն ունեն, որ Ազատ գետի ջուրը տանում են նաեւ այլ նպատակներով, մասնավորապես` ՀԷԿ կառուցելու համար. «Վայրկյանում 1000 խմ ջուր տանելը` շատ շատ է: Գառնեցիները համոզված են, որ գետը կչորանա եւ կվերանա մի ամբողջ էկոհամակարգ: Ազատ գետում այդքան շատ ջուր չկա, ամռանը ջուրը պակասում է: Բացի Գառնի համայնքից մի քանի համայնքներ էլ կզրկվեն ջրից, Գառնիի ձորը կոչնչանա, քանի որ այդ խողովակներն անցկացնելու համար այդտեղ ծանր տեխնիկա է մտնելու: Գառննի բնակիչները ձորում նաեւ ոռոգելի հողատարածքներ կան եւ նրանք կարծում են, որ կկորցնեն իրենց հողատարածքները, եթե այդ ծրագիրն իրականանա: Նշեցին նաեւ, որ Ազատ գետում Կարմիր գրքում գրանցված ձկնատեսակ կա, որը նույնպես վտանգի տակ կհայտնվի»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ