Դեկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում կայացած հավաք-երթի մասնակիցների անունից ընդունված բանաձևը:
2008 թվականին մարտահրավեր նետելով իշխանության բռնաճնշումներին՝ մենք անցկացրել ենք մարդու իրավունքների առաջին երթը: Արդեն 7-րդ տարին է, ինչ մենք՝ քաղաքացիական ազատությունների համար պայքարող քաղաքացիներս, հավաքվում ենք՝ ցուցադրելու Հայաստանում ազատության և ժողովրդավարության արժեքներ հաստատելու մեր կամքը:
7-րդ տարին է, ինչ մարդու իրավունքների միջազգային այս օրը մենք մեր հասարակությանը և ամբողջ աշխարհին ներկայացնում ենք մարդու իրավունքների և քաղաքացիական ազատությունների տարեկան հաշվետվությունը: Այսօր՝ հոկտեմբերին ձևավորված նոր Համաժողովրդական շարժման անունից, նորից ստիպված ենք արձանագրել բոլոր այն խնդիրները, որ ունենք այս բնագավառում:
1. Երկրում շարունակում է գործել ընտրակեղծարարության ամբողջատիրական մի համակարգ, որն աղավաղում է ընտրությունների միջոցով ժողովրդի կամարտահայտությունը: Մերժվում են ընտրական համակարգը մաքրելու և բարեփոխելու՝ միացյալ ընդդիմության բոլոր նախաձեռնությունները՝ ներառյալ բացառապես համամասնական սկզբունքով խորհրդարանի ձևավորման, ընտրացուցակների մաքրման և քվեարկությունից հետո հրապարակման հետ կապված առաջարկները: Ընտրակեղծարարության համակարգը և դրա արդյունքում մենաշնորհի տիրացած ռեժիմը՝ ի դեմս Սերժ Սարգսյանի գլխավորած ՀՀԿ-ի, մերժում է Հայաստանում ժողովրդի՝ սեփական իշխանության ընտրության իրավունքը:
2. Մինչև հիմա չեն բացահայտվել և չեն պատժվել 2008-ի մարտիմեկյան սպանությունների և այլ բռնությունների պատասխանատուները, կազմակերպիչները և իրականացնողները: Մարտիմեկյան ոճրագործության պարտակումը հավասարազոր է կյանքի իրավունքի մերժմանը:
3. Երկրում նորից ունենք քաղբանտարկյալներ: Քաղաքական շարժառիթներով ակնհայտ անհամաչափ պատիժ է սահմանվել 2013-ի նոյեմբերի 5-ի միջադեպի մասնակիցների նկատմամբ, ինչը, համաձայն ԵԽԽՎ 1900 բանաձևի, լիովին համապատասխանում է քաղաքական բանտարկյալ սահմանման չափանիշներին: Հետևաբար՝ պետք է անհապաղ ազատ արձակվեն Շանթ Հարությունյանը, Վահե Մկրտչյանը, Ալբերտ Մարգարյանը, Սևակ Մնացականյանը, Վարդան Վարդանյանը, Լիպարիտ Պետրոսյանը, Ավետիս Ավետիսյանը, Գարիկ Հարությունյանը, Արեգ Պողոսյանը, Մկրտիչ Հովհաննիսյանը, Արմեն Հովհաննիսյանը և Տիգրան Պետրոսյանը:
4. Ոստիկանությունը և իշխող կուսակցության ներկայացուցիչները շարունակում են բռնությունները և ապօրինի այլ ճնշումներ՝ բողոքի ակցիաների և զանգվածային այլ միջոցառումների, ինչպես նաև դրանց իրազեկմանը մասնակից քաղաքացիական ակտիվիստների վրա՝ ոտնձգություններ կատարելով հավաքների ազատության իրավունքի նկատմամբ:
5. Կոպտորեն խախտվում են մարդկանց սոցիալական իրավունքները, մասնավորապես՝ ազատ տնտեսական նախաձեռնության և արժանապատիվ աշխատանք ունենալու իրավունքները, սահմանվել են ձեռնարկատիրությունը խեղդող և ժողովրդին ունեզրկող բազմատեսակ հարկեր, վճարներ, տուգանքներ: Հայաստանի տնտեսությունը մենաշնորհած և իշխանության անձնական հարստացմանը ուղղված հանցավոր տնտեսական քաղաքականության հետևանքով խախտվում են ազատ և արդար տնտեսական մրցակցության սկզբունքները, ապակայունացվում է երկրի ֆինանսական շուկան, առաջանում են թանկացումներ, աճել է աղքատությունը, չի լուծվում Նաիրիտի վերագործարկման հարցը: Արդյունքում՝ փակվում են աշխատատեղեր, հազարավոր մարդկանց ուղղակիորեն փողոց են շպրտում, տասնյակ հազարավոր գյուղացիներ ճկռել են վաշխառուական վարկային տոկոսների բեռի տակ, մերժվում են այս հարցի լուծմանն ուղղված Համաժողովրդական շարժման պահանջների 12 կետերը:
Այսպիսով, մարդու իրավունքները և քաղաքացիական ազատությունները կոպտորեն և սիստեմատիկորեն խախտվում են:
Համաժողովրդական շարժումը չի կարող հանդուրժել իշխանության կողմից մարդու իրավունքների, քաղաքացիական ազատությունների լայնածավալ խախտումները և տարրական սոցիալական իրավունքների ապահովման վերաբերյալ ժողովրդի պահանջների մերժումը:
Հետևաբար, Համաժողովրդական շարժումը առաջիկայում կներկայացնի համատեղ գործողությունների ծրագիրը, ներառյալ՝ հանրային զանգվածային միջոցառումների ցանկը, որոնց նպատակը կլինի Հայաստանում ամբողջական իշխանափոխության իրականացումը և արտահերթ՝ ազատ ու արդար ընտրություններով՝ ժողովրդի իշխանության ձևավորումը: