Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը հրատարակել է «Հայաստան» եռալեզու գիրք-ալբոմը (484 էջ), որն ամփոփում է տեղեկություններ Մեծ Հայքի ողջ տարածքի բնության և հուշարձանների մասին՝ սկսած նախապատմական շրջանից մինչև 20-րդ դարի սկիզբը:
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ներկայացնելով գիրք-ալբոմը, ասաց, որ թեև այն ալբոմ է, ոչ թե գիտական աշխատություն, բայց նյութի ընդգրկմամբ բացառիկ հարուստ է. «Տասնյակ բերդերի, վանքերի, աղբյուրների, կամուրջների և այլ հուշարձանների մասին առաջին անգամ այս գրքում ենք տեղեկություն գտնում, էլ չեմ խոսում այն հուշարձանների մասին, որոնց գոյությունն անգամ մինչ այս վկայված չէր»,- ասում է Ս. Կարապետյանը:
13 բաժիններից բաղկացած գիրք-ալբոմն ավելի քան 1300 լուսանկար է ընդգրկում. «Մեծամասամբ մեր հիմնադրամի կողմից արված լուսանկարներ են, մոտ 100 լուսանկարներ էլ տարբեր հեղինակների են պատկանում: Լուսանկարների մեջ 20-րդ դարի սկզբներին արվածներ էլ կան, բայց հիմնականում 2000-ական թվականներին արված լուսանկարներ են»,- նշեց հուշարձանագետը:
Սա «Հայաստան» եռալեզու գիրք-ալբոմի երկրորդ և լրացված հրատարակությունն է: Պարոն Կարապետյանի խոսքով՝ առաջին հրատարակության (2009 թ.) մեջ մեր պարսկահայ գավառներն ընդհանրապես ներկայացված չեն, իսկ երկրորդ հրատարակությունում արդեն բավականին ամբողջացված ներկայացվում են դրանք (Ղարադաղ, Մակու, Սալմաստ և այլն):
Կարդացեք նաև
Անդրադառնալով գիրք-ալբոմում ընդգրկված նորահայտ հուշարձաններին՝ պարոն Կարապետյանն ասաց, որ դրանց հիմնական մասը Արևմտյան Հայաստանի տարածքում են. «Օրինակ՝ Ստեփանոս Ասողիկը պատմում է, որ Կարսի Աբաս թագավորի մայրը գնաց Թրին անապատ ճգնելու: Այսինքն՝ այդ անապատի պատմական հիշատակությունը կար 11-րդ դարից, բայց նրա գտնվելու վայրն անհայտ էր, և այս տարվա հուլիսին մենք՝ տեղացիների առաջնորդությամբ, Սարիղամիշի մերձակա անտառներում հայտնաբերեցինք Թրին վանքը: Հիշվում էր, որ այն վիմափոր էր, մեծ քարի մեջ, որն արտաքուստ շատ անշուք տեսք ուներ: Եվ այդ հուշարձանը մինչև հիմա թե´ գիտական, թե´ ալբոմատիպ որևէ աշխատության մեջ չէր ներկայացվել, որովհետև այցելու չէր ունեցել»,- ասում է Ս. Կարապետյանը:
Ամփոփելով՝ տեղեկացնենք, որ գիրքը լույս է տեսել հազար օրինակով, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի պատվերով, և նախատեսված չէ վաճառքի համար, սակայն Սամվել Կարապետյանն ասաց, որ արդեն պայմանավորվածություն ունեն պատվիրատուի հետ, որ օրինակներ տրամադրվեն որոշ գրադարանների:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ