«Բիզնեսմեն լինելու համար խելք ա պետք: Խի ամեն մարդ կարա բիզնես անի՞: Այ քեզի բան»,- Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը այսպես սկսեց պատմել, թե ինչքան բարդ է գործարարի աշխատանքը:
Նա պնդում էր, որ բիզնեսն ամեն մարդու բանը չի. «40 կոնտեյներ Իրաք ու Վրաստան արաղ ու վիսկի ենք արտահանում: Էդ հիմա խելքի՞ բան ա, թե՞ խելքի բան չի: Հարց եմ տալիս քեզ»:
Մեր դիտարկմանը, որ բախտը շատ կարեւոր է, Ձեր բախտը շատ է բերում՝ նա պատասխանեց. «Ո՞նց ա բախտի բան: Ճիշտ ա, բախտն էլ ա պետք, բայց խելքի հարց ա: Հիմա որ ուղարկես, մեկին ասես գնա մի հատ Իրաք, կարող ա գնա, Վրաստանի սահմանից հետ գա: Բայց մենք մեծ հաճույքով գնում ենք ու չենք վախում՝ դուխի հարց էլ ա էդ»:
Մեր դիտարկմանը, որ կորցնելու բան չունեք, դրա համար էլ չեք վախենում՝ եթե նույնիսկ ապրանքը կորցնեք էլ՝ դարդ չեք անի՝ նա պատասխանեց. «Հերդ ունի հա՞ կորցնելու բան: Փողի համար չեմ ասում, կարող ա էթաս, հետ չգաս, գողանան քեզ ընդեղ»:
Կարդացեք նաև
Նա վստահեցրեց, որ անձամբ է գնում Իրաք: Մեր հարցին՝ մարդ ուղարկեք, ինչի՞ եք անձամբ գնում՝ Սամվել Ալեքսանյանը պատասխանեց. «Իյա՜, ուղեղով մարդ ա պետք ուղարկելու համար: Ում ուղարկում ես՝ ուղեղ չունեն»:
Մեր հարցին՝ բա որ դուք անձամբ գնում եք Իրաք՝ վիսկի արտահանելու, բա Ազգային ժողովի գործե՞րն ում եք թողնում՝ նա ծիծաղեց:
Հետո Սամվել Ալեքսանյանը շարունակեց պատմել, թե ինչ մեծ ռիսկի է ինքը դիմել՝ Իրաք գնալով. «Օրական 100 մարդ են ընդեղ բռնում գողանում, տեռոր են անում, էդքան հե՞շտ ա գնալը: Դե արի գնա: Ես որ ստուց էթում էի, 1000 հոգի ինձ ասում էին՝ գործ չունես, չեթաս, կգողանան քեզ, էս կանեն, էն կանեն: Բայց հելա գնացի»:
Իսկ թե ինչի՞ է Սամվել Ալեքսանյանն այդքան մեծ ռիսկի դիմել, երբ ամեն ինչ ունի՝ նա համաձայնեց «ծուռը նստել, դուզը խոսել», բայց՝ ձայնագրիչն անջատած:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ