Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի Ազգային Գրադարանի կառուցման համար շնորհակալություն չգիտեինք ում ասել, հիմա գիտենք»

Դեկտեմբեր 10,2014 17:22

Մինչ այսօր ոչ ոք չգիտեր, թե ինչ ֆինանսական միջոցներով է կառուցվել Հայաստանի Ազգային Գրադարանի Թամանյանական մասնաշենքը: Սակայն գրող, հրապարակախոս Խաչատուր Դադայանին հաջողվել է իր կատարած հետազոտությունների արդյունքում հայտնաբերել, որ Ալեքսանդր Թամանյանի նախագծած Հայաստանի Ազգային Գրադարանի Թամանյանական մասնաշենքը 1933-1939 թվականներին կառուցվել է «Գրիգոր եւ Կարապետ Մելքոնյան» հիմնադրամի ֆինանսավորմամբ:

Այսօր Հայաստանի Ազգային Գրադարանում տեղի ունեցավ ցուցանակի տեղադրում, որի վրա նշված էր հիմնադրամի ղեկավարներ Գրիգոր եւ Կարապետ Մելքոնյան եղբայրների անունը: Ցուցանակը բացվել է հենց Խաչատուր Դադայանի մտահղացմամբ:

Dadayan_3 Dadayan_1

Խաչատուր Դադայանն Aravot.am-ի հետ զրույցում պատմեց, որ իրենից այդ մտահղացումն իրականացնելու համար պահանջվել է 8 տարի. «2006 թվականին էր, որ այս փաստին հանդիպեցի, 2007 թվականին ես այցելեցի Նիկոսիայում եղբայրների կողմից հիմնադրած «Մելքոնյան» կրթահամալիր, որն արդեն վաղուց փակվել է: Այդ եղբայրները Կեսարիայից արտագաղթել էին Պոլիս, որտեղից էլ՝ Եգիպտոս եւ դարձել Եգիպտոսի ամենախոշոր ծխախոտ արտադրողներից: Իրենց ամբողջ ունեցվածքը՝ մոտ 600 հազար ֆունտ ստերլինգ, նվիրաբերել էին Հայաստանի առաջին հանրապետությանը»,- պատմեց պրն Դադայանը:

Մեր զրուցակցի խոսքով՝այն փաստը, որ արտերկրում հայ անձանց կողմից կառուցված կրթահամալիր կա, եւ որը, ցավոք սրտի, անտեսվել է, փակվել, եւ դրանից ոչ մի հետք չկա, ստիպել է իրեն այնպես անել, որպեսզի հայաստանցիները սկսեն ճանաչել այդ անձանց. «Նման մարդկանց չպետք է մոռանալ: Նպատակ դրեցի այս կերպ հանրությանը հայտնի դարձնել նրանց անունը: Մելքոնյանները համարեցին, որ մնայուն արժեքը գրադարանն է, դա մշտական արժեք է, որը պետք է պահպանենք: Մենք վերադարձրել ենք մեր պատմությունը, մեր արմատները, ինձ թվում է լավ բան ենք արել»:

Ցուցանակի բացման արարողությանը ներկա հրապարակախոս Սարգիս Հացպանյանն էլ մեզ պատմեց, որ այդ տեղեկությունը հայտնաբերելուց հետո ինքը եւ պրն Դադայանը դիմել են Ազգային Գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանին, ներկայացրել արխիվային փաստաթղթերը, որից հետո տեղադրվել է ցուցանակը:

«Մինչ այս ոչ ոք չգիտեր այդ մասին, Հայաստանում խորհրդային միության ժամանակ չէր կարելի ասել, որ սփյուռքից ինչ-որ մարդ Սովետական միությանը գումար է տրամադրել: Պետք է մեր երախտիքի խոսքն ասենք, այսքան տարիներ շարունակ օգտվում ենք գրադարանից, այս մարդկանց շնորհիվ է : Գրադարանի կառուցման համար մենք այդ շնորհակալությունը չգիտեինք ում ասել, հիմա գիտենք»,- նշեց պրն Հացպանյանը:

Սակայն պրն Հացպանյանը մի նկատառում ունի՝ ցուցանակը մետաղյա է եւ տեղադրված է ներսում, մինչդեռ այն պետք է լինի քարե եւ տեղադրված լինի դրսում, որպեսզի բոլորը տեսնեն եւ իմանան:

Նշենք, որ այսօր Ազգային Գրադարանում ներկայացվում էին նաեւ Խաչատուր Դադայանի հեղինակած գրքերը: Հեղինակը հրատարակել է 19 գիրք, որոնք հիմնականում շոշափում են առեւտրատնտեսական թեմաներ:

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031