Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրամիությունը Հայաստանում նշում է Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը

Դեկտեմբեր 10,2014 17:08

Այսօր Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը կազմակերպել էր հանրային քննարկում՝ նվիրված Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան: Հանրային քննարկումն անցկացվեց «Կանայք՝ որպես քաղաքացիական հասարակության ակտիվ մաս» խորագրի ներքո:

Եվրոպական Միության տեսանկյունից մարդու իրավունքները համընդհանուր և անբաժանելի են, և ԵՄ-ն ակտիվորեն խթանում ու պաշտպանում է դրանք ինչպես ԵՄ անդամ, այնպես էլ գործընկեր երկրներում, ինչպիսին Հայաստանն է: 2014թ.-ին մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն անցկացվում է «Դադարեցնենք բռնությունը կանանց և աղջիկների նկատմամբ հենց հիմա» կարգախոսի ներքո, և հանրային քննարկումը նշանավորեց կանանց իրավունքների  կարևորությունը և ընձեռեց գենդերային հավասարության և կանանց դեմ բռնության վերաբերյալ բաց քննարկում ունենալու հնարավորություն:

Հանրային քննարկմանը բացման խոսքով ելույթ ունեցան Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավարի գլխավոր պաշտոնակատար, գործերի ժամանակավոր հավատարմատար Դիրկ Լորենցը, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկը, ՄԱԿ-ի մշտական համակարգող Հենրիետ Արենսը, Հայաստանում Լիտվայի դեսպանի խորհրդական Դովիլե Սուրվիլայտեն և Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի կանանց հարցերով խորհրդական Աննա Սաֆարյանը: Քննարկամանը  մասնակցեցին Հայաստանում կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող բազմաթիվ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Դիրկ Լորենցը բացման խոսքում նշեց, որ Վիլնյուսում 1 տարի առաջ Եվրամիությունն ու Հայաստանը վերահաստատել են երկկողմանի պատրաստակամությունը և հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ աջակցելու Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը. «Ցանկանում եմ մատնանշել այդ համագործակցության մի քանի օրինակ: Երեկ կայացավ մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ Եվրամիություն-Հայաստան երկխոսության հերթական փուլը: Եվրամիությունը բյուջետային աջակցության շրջանակներում Հայաստանին տրամադրելու է 12 մլն եվրո՝ մարդու իրավունքների ոլորտին աջակցելու համար: Եվ իհարկե, գենդերային հավասարությունը լինելու է այն հիմնական ոլորտներից մեկը, ուր ուղղվելու է բյուջետային աջակցությունը»:

Եվրոպական միությունը ֆինանսավորում է ծրագրեր, որոնք նվիրված են որոշումների կայացման գործընթացում կանանց դերի խթանմանը, ինչպես նաև ընտանեկան և գենդերային բռնությունը նվազեցմանը:

Նոյեմբերի 25-ին՝ Կանանց դեմ բռնության վերացման պայքարի միջազգային օրը, Եվրամիությունը միացել էր «Ակտիվության 16-օրյակ ընդդեմ գենդերային բռնության» միջազգային քարոզարշավին: 16 օր շարունակ Եվրոպական միության բոլոր պատվիրակություններն ամբողջ աշխարհում, ինչպես նաև Հայաստանում նպաստել են  կայուն զարգացման տեսանկյունից կնոջ դերի կարևորության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը և հանդես են եկել գենդերային բռնությունը վերացնելու կոչով:

Հանրային քննարկման ընթացքում «Կանանց իրավունքները մարդու իրավունքներն են» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ Մեծ Բրիտանիայում ՄԱԿ-ի կանանց ազգային խորհրդի ներկայացուցիչ Տուուլա Նիիմինեն. «Կանանց իրավունքները մարդկանց իրավունքներն են, և մարդկանց իրավունքները կանանց իրավունքներն են: Կանանց իրավունքները պաշտպանելու համար նախ և առաջ պետք է համապարփակ ըմբռնել սոցիալական կառույցների և իշխանությունների հարաբերությունները, որոնցից բխում են ոչ միայն օրենքները, այլև տնտեսությունը, սոցիալական դինամիկան, ընտանեկան և համայնքային կյանքը: Գենդերային կարծրատիպերը պետք է կոտրել, որպեսզի կանայք ընկալվեն այնպիսին, ինչպիսին նրանք կան՝ իրենց կարիքներով և ցանկություններով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031