ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ, որը վարել է նախարար Արմեն Աշոտյանը: Խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված էին հետևյալ հարցերը` «ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների տեխնոլոգիական վերազինման, տեղեկատվական և հաղորդակցման նորարական տեխնոլոգիաների տրամադրման ծրագրի իրականացման 2011-2014 թվականների հաշվետվություն», «ՀՀ առաջին դասարանի աշակերտներին անվճար համակարգիչ տրամադրելու` «Մեկ համակարգիչ-մեկ երեխա>> փուլային ծրագրի և փորձնական փուլի նկարագիր» նախագծի քննարկում, Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի գործադիր գրասենյակի 2015 թ. հաստիքացուցակի հաստատում:
Օրակարգի հարցերի մասին զեկուցել է ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը: Ներկայացնելով հանրակրթական ուսումնական հաստատությունների տեխնոլոգիական վերազինման, տեղեկատվական և հաղորդակցման նորարական տեխնոլոգիաների տրամադրման ծրագրի իրականացման 2011-2014 թվականների հաշվետվությունը` Կ. Հարությունյանը նշել է, որ դպրոցներում շրջիկ համակարգչային դասարաններ հիմնելու ծրագիրը իրագործվել է հաշվետու ժամանակահատվածի առաջին երկու տարում:
Ծրագրի իրագործման ընթացքում, սակայն, հաշվի առնելով նաև դպրոցներում կատարված ուսումնասիրությունները` ծրագիրը որոշակի բովանդակային փոփոխությունների է ենթարկվել: Մասնավորապես առաջարկություն է ներկայացվել` միջոցներն ուղղել առաջին դասարանցիներին համակարգիչներով ապահովելու ծրագրի իրագործմանը: Առաջարկվում է առաջին դասարանի աշակերտներին անվճար համակարգիչ տրամադրելու ծրագիրն իրագործել փուլային եղանակով. այն առաջինը 4 տարի ժամկետով կփորձարկվի Վայոց Ձորի մարզում: Ծրագրի փորձարկումից երկու տարի անց կարվի վերլուծություն` գնահատելու համար արդյունավետությունը: Առաջարկվում է առաջինն դասարանցիներին տրամադրել հայկական արտադրության համակարգիչներ /ԱրմԹաբ պլանշետներ/` տեղական արտադրանքը խրախուսելու համար: Նախատեսվում է տարրական դպրոցի մանկավարժների վերապատրաստում և հայերեն էլեկտրոնային բովանդակության ստեղծում:
Ծրագիրը ներկայացված է ՀՀ կառավարության հաստատմանը: ՀՀ ԿԳ նախարարը անդրադառնալով մեկ աշակերտին մեկ համակարգչով ապահովելու կառավարության նախաձեռնությանը` նշել է, որ որոշվել է ծրագրի նախապատվությունը տալ փուլային ներդրմանը, հաշվի առնելով, ոչ միայն անհրաժեշտ միջոցների բացակայության խնդիրը, այլև մասնագիտական մտահոգությունները` ծրագրի արդյունավետության վերաբերյալ: ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ քննարկումների ժամանակ մասնագիտական մտահոգություններ են եղել երեխաների առողջության պահպանման, սանիտարահիգիենիկ նորմերի և ընդհանրապես կրթության որակի հետ կապված: <<Եթե մենք ծրագիրը 4 տարի ժամկետով փարձարկում ենք Վայոց Ձորի մարզում, սա դեռ չի նշանակում, թե առաջիկա 4 տարում որևէ այլ մարզում առաջին դասարանցիներին համակարգիչներ չեն տրվելու: Շատ կարևոր է գնահատել ծրագրի արդյունավետությունը և երկու տարի անց, արդեն ունենալով ծրագրի արդյունավետության մասին վկայող որոշակի տվյալներ, կարող ենք շրջանակները ընդլայնել>>,- նշել է նախարար Ա. Աշոտյանը:
Հոգեբարձուների խորհուրդը հաստատել է ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների տեխնոլոգիական վերազինման, տեղեկատվական և հաղորդակցման նորարական տեխնոլոգիաների տրամադրման ծրագրի իրականացման 2011-2014 թվականների հաշվետվությանը, ինչպես նաև հավանություն տվել <<Մեկ համակարգիչ-մեկ երեխա>> փուլային ծրագրի իրագործմանը: Քննարկվել են նաև դասագրքերի վարձավճարների հավաքագրման և ընթացիկ աշխատանքային խնդիրների վերաբերող մի շարք այլ հարցերի:
ՀՀ կրթության և գիտության նախարարություն