Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կիրո Մանոյան. «Էրդողանին հրավիրելը մարտահրավեր է, ոչ թե հրավեր»

Դեկտեմբեր 10,2014 16:37

«Եկող տարի ցեղասպանության հարյուրամյա տարելիցին ընդառաջ համայն հայությունը միջոցառումներից բացի սկսել է քաղաքական տրամադրություն ստեղծել, որի վկայությունն էլ հենց Թուրքիայի կողմից հակադարձություններն են»,- այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում անդրադառնալով այն հանգամանքին, որ 2015 թվականին լրանում է Հայոց ցեղասպանության 100 ամյակը, ասաց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը,- «Կարծում եմ, որ հարյուրերորդ տարելիցի գլխավոր նվաճումը կլինի այն, որ մենք ազգովի կսկսենք խոսել ոչ միայն ցեղասպանության փաստի ճանաչման, այլեւ հատուցման, հետեւանքների վերացման եւ պահանջատիրության մասին»։

Ասուլիսին Կիրո Մանոյանը ներկայացրեց, որ Դաշնակցության բյուրոն Հայոց ցեղասպանության ուսումնասիրությամբ զբաղվող մի խումբ մասնագետների պատվեր է տվել պատրաստել զեկույց, որն էլ 2010 թվականին հրապարակվել է ԱՄՆ-ում: Զեկույցը ներառում է ցեղասպանության վերաբերյալ արտահայտած կարծիքներ: Առաջ են քաշվում մի քանի կարեւոր կետեր. «Թուրքիան պետք է ինքը ցեղասպանությունը ճանաչի, հստակ քայլեր ձեռնարկի: Ճանաչումը իրենց մոտ պետք է լինի համատարած, այն պետք է դպրոցներում դասավանդվի: Ժողովրդին պետք է պատրաստեն եւ Թուրքիան ինքը պետք է սկսի հատուցել՝ հենց թեկուզ զոհերի ժառանգներին: Թուրքիայի ներսում հակահայկական մոտեցումները պետք է վերանան»:

Ինչ վերաբերում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանին 2015 թվականի ապրիլի 24-ին Հայաստան հրավիրելու փաստին, պրն Մանոյանը պատասխանեց, որ Թուրքիան չի հերքում եւ չի էլ հաստատում, որ նման հրավեր եղել է. «Նրանք չէին ակնկալում, որ նման առաջարկ կլինի: Սա մարտահրավեր է, ոչ թե հրավեր, մարտահրավեր է այն բանի, որ եթե Թուրքիան քննարկելու բան ունի, պետք է գա տեսնի, թե հայությունը ինչպես է այդ մոտեցմանը պատասխանում»:

Ասուլիսին Կիրո Մանոյանը նաեւ անդրադարձավ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններին եւ նշեց, որ Արցախի խնդրի խաղաղ կարգավորման հարցում առաջընթաց ոչ միայն չեղավ, այլեւ հետընթաց եղավ հենց Ադրբեջանի մեղքով. «Բավական շատ միջադեպեր են տեղի ունեցել Ադրբեջանի կողմից զինադադարի խախտման հետեւանքով եւ հարցականի տակ է դրվել խաղաղ բանակցությունների շարունակականությունը:

Մինսկի խմբի համանախագահները ամեն ինչ կանեն, որպեսզի խաղաղ բանակցությունները շարունակվեն, քանի որ բանակցությունների դադարեցման պարագայում, չի բացառվում, որ պատերազմ սկսվի: Չնայած, մենք տեսանք, որ բանակցությունների դեպքում էլ Ադրբեջանն այնպիսի անմիտ քայլեր է անում, որ պատերազմի հավանականությունը մեծանում է»:

Պրն Մանոյանը Արցախի հարցում լուրջ տեղաշարժ չի ակնկալում, քանի որ, ըստ նրա, Ադրբեջանը իր կեցվածքը չի փոխի:

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031