Ս. թ. դեկտեմբերի 2-9-ը, Մոսկվայում կայացել է Պատանի երաժիշտների «Շչելկունչիկ» 15-րդ միջազգային հեռուստատեսային մրցույթը: Մրցույթին մասնակցել են 9-14 տարեկան 48 պատանի երաժիշտներ՝ Հայաստանից, Բելառուսից, Վրաստանից, Ղասախստանից, Մոլդովայից, Ուկրաինայից, Ավստրիայից, Գերմանիայից, Եգիպտոսից, Թայլանդից:
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ այս տարվա հոբելյանական մրցույթին Հայաստանից մասնակցել են Երևանի Պ. Ի. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի ջութակահար Պոլինա Շարաֆյանը (դասատու` պրոֆեսոր Ալ. Կոսեմյան) և շեփորահար Դանիել Մելքոնյանը (դասատու` դոցենտ Գ. Սարգսյան):
14-ամյա Դանիել Մելքոնյանն արժանացել է «Բրոնզե Շչելկունչիկ» մրցանակի, իսկ 12-ամյա Պոլինա Շարաֆյանը՝ դիպլոմի:
Դանիելը հանդես է եկել Ա. Գեդիկեի, Ս. Ռախմանինովի, Է. Բարայի, Յ. Գումմելի ստեղծագործություններով:
Պատանի երաժիշտների «Շչելկունչիկ» 15-րդ միջազգային հեռուստատեսային մրցույթն անցկացվել է 3 անվանակարգերում՝ դաշնամուր, փողային և հարվածային գործիքներ, լարային գործիքներ՝ ջութակ, թավջութակ, տավիղ:
Պատանի երաժիշտ-կատարողների ելույթները գնահատվել է անվանի երաժիշտներից կազմված հեղինակավոր ժյուրիի կողմից:
Ամենամյա այս մրցույթը հիմնադրվել է դեռևս 2000 թվականին՝ ռուսաստանյան «Կուլտուրա» հեռուստաալիքի կողմից: Իր տեսակի մեջ եզակի այս երաժշտական մրցույթը մինչ օրս մնում է Ռուսաստանի Դաշնության մանկական հեռուստատեսային միակ մրցույթը՝ դասական երաժշտության բնագավառում: Տարիների ընթացքում մրցույթն ունեցել է ավելի քան 1000 մասնակից աշխարհի՝ մեկուկես տասնյակից ավելի երկրներից, այդ թվում՝ Հայաստան, Ռուսաստան, Ավստրիա, Բուլղարիա, Բելառուս, Հունգարիա, Վրաստան, Ղազախստան, ԱՄՆ, Կանադա, Կորեա, Ֆրանսիա, Լատվիա, Շվեդիա, Ճապոնիա և այլն: Մրցույթի նպատակն է ուշադրություն հրավիրել մանկական երաժշտական կրթության և դաստիարակության հարցերին, հայտնաբերել պատանի տաղանդավոր երաժիշտների, ովքեր կշարունակեն կատարողական դպրոցի լավագույն ավանդույթները:
Նշենք նաև, որ «Շչելկունչիկ» մրցույթին Հայաստանի պատվիրակները մշտապես ցուցաբերել են ակտիվ մասնակցություն՝ զբաղեցնելով մրցանակային տեղեր. 2006 թ. Էմմանուել Ճգնավորրյան (ջութակ)՝ «Արծաթե Շչելկունչիկ-2006», 2009 թ. Դիանա Խաչատրյան (դաշնամուր)՝ դիպլոմ, 2011 թ. Եվգենիա Աբրահամյան (դաշնամուր)՝ դիպլոմ, 2012 թ. Դիանա Ադամյան (ջութակ)՝ «Արծաթե Շչելկունչիկ-2012»: