Լրահոս
Օրվա լրահոսը

Մանվել Եղիազարյանի ծեծը պատահական է եղել. «Ես այդ վիճակում հայտնվել եմ միամիտ» (Տեսանյութ) 

Դեկտեմբեր 10,2014 15:54

Այսօր օպերայում ազատամարտիկները հավաքվել էին՝ որոշելու, թե որոնք են իրենց հետագա անելիքները՝ հրամանատարների հետ կատարված միջադեպից հետո:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ի երեկոյան Արցախյան ազատամարտի մասնակիցներ՝ Ապարանի ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը եւ «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը ծեծի էին ենթարկվել: Ազատամարտիկները վստահ են՝ սա իշխանությունների ձեռքի գործն է եւ կատարվածը քաղաքական պատվեր է:

Լրագրողների հետ զրույցում Մանվել Եղիազարյանը զգուշացրեց իշխանություններին, որ եթե շարունակեն այդ գործելաոճը, իրենք ստիպված կլինեն իրենց պաշտպանել: Լրագրողները ճշտեցին՝ ազատամարտիկները կզինվե՞ն: Նա պատասխանեց. «Չէ, իսկ ինչի՞ պիտի զինվենք: Ամեն մարդ իր պայքարի ձեւն ունի, ինչի՞ եք կարծում, որ պիտի զինվենք, որ ասեմ՝ հա, դուք էլ ասեք՝ վաա՜յ, ասեցին զինվելու են, գան տանե՞ն տղաներին: Չէ, աղջիկ ջան, ես զինված պահել եմ այս երկիրը 5 տարի: Ոչ մի իշխանավոր չեն եղել, իրենք փախած են եղել, իրենց կնանիքի փեշի տակ են եղել: Ես ոչ մի հայի վրա ձեռք չեմ բարձրացրել, ոչ կարող եմ գողանալ, թալանել, ես հայրենասեր եմ»:

Aravot.am-ի հարցին՝ ինչո՞ւ հենց որպես թիրախ Դուք ընտրվեցիք՝ հակաիշխանական ելույթներ եք ունենում, դրա հե՞տ է կապված, ինչի՞ հետ եք Դուք կապում՝ նա պատասխանեց. «Ես երդվել եմ մեր ժողովրդին չխաբել՝ ես այդ վիճակում հայտնվել եմ միամիտ: Պատահական եմ ես հայտնվել պանդոկում: Ինձ հրավիրել են, ընկերս կանչել է հաց ուտելու: Պատահական է եղել»:

Հարցին՝ մինչ ծեծելը Ձեզ ոստիկանությունում ասե՞լ են, որ չխառնվեք քաղաքականությանը՝ Մանվել Եղիազարյանը պատասխանեց. «Դրանից ի՞նչ օգուտ: Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք նստել եմ Ռոբերտ Քոչարյանի օրոք նստել եմ, կարո՞ղ է Սերժ Սարգսյանն ուրիշ մարդ է: Իր օրոք էլ եմ նստելու, զգուշացնում են, որ ի՞նչ: Նորմալ է»:

Նա վստահեցրեց, որ պայքարը շարունակելու է մինչեւ վերջ. «Չեմ շարունակելու այն ժամանակ, մինչեւ երկիրը կարգի գա: Չեմ ուզում մասնավորեցնեմ, ով էլ լինի նախագահը՝ միայն երկիրը լավ լինի: Մենք այդպիսի ամբիցիաներ չունենք: Այսօր ժողովուրդը սարսափելի ծանր վիճակում է, ատելությամբ են հայերը լցվում արդեն մեկը մյուսի հանդեպ: Այդ վտանգներն են, որ ինձ ստիպում են, որ ըմբոստանամ, խոսք ասեմ, թե չէ անձնապես ես ոչ մեկի հետ խնդիր չունեմ»:

 

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031