Լրահոս
Օրվա լրահոսը

Մանվել Եղիազարյանը՝ Վլադիմիր Գասպարյանին. «Ես միմոս չեմ, որ ասեմ՝ վայ, ոստիկանությունն իմ հարցը լուծի»

Դեկտեմբեր 10,2014 15:40

Ազատամարտիկները որոշել են ասուլիս հրավիրեն եւ իշխանություններին զգուշացնեն, որ եթե այսպես շարունակեն՝ վատ կլինի:

Այդ մասին նրանք հայտնեցին այսօր՝ Օպերայում ազատամարտիկների հավաքին: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ի երեկոյան Արցախյան ազատամարտի մասնակիցներ՝  Ապարանի ջոկատի  հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը եւ «Արաբո»  ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը ծեծի էին ենթարկվել: Ազատամարտիկները վստահ են՝ սա իշխանությունների ձեռքի գործն է եւ կատարվածը քաղաքական պատվեր է:Այսօր նրանք հավաքվել էին՝ որոշելու, թե որոնք են իրենց հետագա անելիքները:

Ազատամարտիկ Մանվել Եղիազարյանի խոսքերով՝ «Ադրբեջանը դիվերսանտներ է ուղարկում, մերոնք էլ դիվերսանտներ են ուղարկում՝ ազատամարտիկներին ծեծելու: Ի՞նչ են ուզում ասեն, ուզում են ասեն, որ տվել են Ղարաբա՞ղը»:

Նա ասաց, որ շատ հարցերի պատասխան կարող է տալ, բայց դրանց կպատասխանի վաղը, երբ ավելի հիմնավոր լինի իր ասածը:

Անդրադառնալով բուն միջադեպին՝ նա ասաց, որ դեմքով չի ճանաչում իրեն ծեծողներին. «Ինչպե՞ս ճանաչեմ, 8-10 հոգի տղաներ էին, 6.30 էր, 7-ից 15 պակաս, մութ էր: Մենք այնպիսի խնդիր չէինք դրել, որ ճանաչեինք նրանց: Պանդոկից դուրս ենք եկել, փողոցն անցել ենք, մեր մեքենան կանգնած էր, ուզում էինք նստել մեր մեքենան ու այդ դեպքը եղավ: Մենք ուշադիր չէինք, չէինք սպասում, որ այդպիսի բան կլիներ»:

Մանվել Եղիազարյանը զգուշացրեց, որ դադարեցնեն այդ գործելակերպը, թե չէ ստիպված են լինելու իրենք իրենց պաշտպանել. «Մի մոռացեք, որ պատերազմի ժամանակ իշխանավորների 90 տոկոսը թաքնված է եղել: Մենք իրենց էլ ենք պաշտպանել, իրենց կանանց էլ ենք պաշտպանել, այնպես որ պետք չի Ռազմիկ Պետրոսյանի կամ Մանվելի կամ մյուսների վրա ձեռք բարձրացնել: Դժվար է ասել, թե տվյալ տղամարդը հաջորդ վայրկյանին ինչի է ընդունակ»:

Հարցին՝ ոստիկանություն ինչո՞ւ չեք դիմել, այսօր Վլադիմիր Գասպարյանը հայտարարել է, որ դիմում չկա, ավելին՝ ասել է, որ երեւի ազատամարտիկները պանդոկում գինովցած են եղել, դուրս են եկել, իրար հետ կռվել են ու հիմա ամեն ինչ խառնում են՝ Մանվել Եղիազարյանը պատասխանեց. «Դե ի՞նչ կա, այդպես է աշխատում ձեր Ներքին գործերը, էլ ի՞նչ կարիք կա ոստիկանություն դիմելու: Ուրեմն ճիշտ է ամեն ինչ: Մարդ պետք է իրեն մարդ պահելու կաղապարի մեջ մնա: Այդ դեպքը, որ եղել է պանդոկում, բոլորը գիտեն: Ես եմ պատմում, թե ուրիշները, գնահատականը տալիս է հասարակությունը: Եւս 2-3 օր հետո դուք ճշմարտությունը կիմանաք, դուք էլ եք գնահատական տալու՝ ով է ճիշտ ասում, ով սխալ: Ժողովուրդն ամեն ինչ խոսում է, չի կարող գաղտնի պահել: 10 հոգի նրանք են եղել, 10-12 հոգի պանդոկի աշխատակիցներն են եղել, երկու հոգի էլ մենք ենք եղել»:

Ոստիկանություն դիմելու հետ կապված Մանվել Եղիազարյանը հայտարարեց. «Եթե այս ոստիկանությունը պիտի ինձ պաշտպանի, ուրեմն ես պատրաստ եմ մեռնելու»:

Մեր հարցին, որ իրավական լուծում տալու համար ինչո՞ւ  չեք դիմում՝  նա պատասխանեց. «Չի կարող քո պետությունն  իրավական լուծում տա: Ես միմոս չեմ: Ես Հայաստանի քաղաքացի եմ: Ես Մանվել Եղիազարյանն եմ, որին պատմության թատերաբեմից իրենց գողացած փողերի պատճառով ուզում են դուրս հանել, դա իրենց խնդիրն է: Բայց ես մարդ եմ, ինչպե՞ս կարող եմ միմոսի պես գնամ ասեմ՝ վայ, ոստիկանությունն իմ հարցը լուծի: Ով այդպիսի հույսեր կապում է ոստիկանության հետ՝ խնդիր չունի: Ես չեմ կապում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031