Այսօր օպերայում ազատամարտիկները հավաքվել էին՝ որոշելու, թե որոնք են իրենց հետագա անելիքները՝ հրամանատարների հետ կատարված միջադեպից հետո:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ի երեկոյան Արցախյան ազատամարտի մասնակիցներ՝ Ապարանի ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը եւ «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը ծեծի էին ենթարկվել: Ազատամարտիկները վստահ են՝ սա իշխանությունների ձեռքի գործն է եւ կատարվածը քաղաքական պատվեր է:
Ազատամարտիկ, ԲՀԿ պատգամավոր Ռուստամ Գասպարյանն ասաց, որ դավաճանը կարող էր այդպես վարվել ազատամարտիկի հետ. «Դա նաիրիների, Բարխուդարի Միհրանի եւ նմանների դասն է: Չի կարելի, սա դավաճանություն է: Չէ՞ որ սրանք այն տղերքն են, որ այս երկիրը փրկեցին երկրորդ եղեռնից թուրքերի: Այսօր այս տղերքի գլխի՞ն են եղեռն անում՝ իրենց իսկ հողում, իրենց իսկ տանը: Չի կարելի: Դատապարտում եմ»:
Հարցին՝ ինչ-որ կասկածներ ունե՞ք, ո՞ւմ ձեռքի գործն է դա՝ Ռուստամ Գասպարյանը պատասխանեց. «Կասկածի ի՞նչ կա, մարդիկ ուղիղ տեսել են, ի՞նչ կասկածների մասին է խոսքը»:
Կարդացեք նաև
Հիշեցնեք, որ Մանվել Եղիազարյանն ասել էր, որ ծեծողների դեմքը չի հիշում, չեն ճանաչում:
Aravot.am-ի հարցին՝ Մանվել Եղիազարյանը երեկ ասել է, որ իրենց ոստիկանություն են կանչել եւ ասել, որ քաղաքականությունից հեռու մնան, ինչպե՞ս կմեկնաբանեք դա՝ Ռուստամ Գասպարյանը պատասխանեց. «Կանչել ասել են, բայց երեւի թե ոչ ոստիկանությունում, այլ հենց ծեծվելու տեղը: Ես մի քիչ չակերտները բացեցի: Իրենք մի քիչ փակ են պահել: Հենց ծեծվելու տեղն են ասել, որ հեռու մնացեք ու շարունակությունը եղել է ծեծը»:
Հարցին՝ սա իշխանությունների կողմից հետապնդո՞ւմ է՝ նա պատասխանեց. «Եթե ասում են հեռու մնացեք, բա էլ ո՞ւմ կողմից պիտի լինի»:
Թե ինչ որոշում են կայացնելու ազատամարտիկները՝ կատարվածից հետո՝ Ռուստամ Գասպարյանն ասաց, որ կոչ կանեն հեռու մնան եւ զերծ մնան նման քայլերից. «Մենք չենք ուզում Հայաստանը Կիեւ դառնա: Կոչ կանենք, որ չշարունակեն: Թող այս եղածը լինի վերջինը, շարունակություն չունենա: Տղերքը հանդուրժում են, չեն ուզում արյուն թափվի, չի կարելի»:
Մեր հարցին՝ վտա՞նգ են տեսնում ազատամարտիկների կողմից, որ իրադրությունն իրենց ձեռքը կվերցնեն, դրա համա՞ր են նման քայլերի դիմում ՝ Ռուստամ Գասպարյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել, ամեն դեպքում ակտիվ տղերք են, այսօր այս իշխանությունների դեմ լիքը խնդիրներ ու պահանջներ ունեն: Երեւի մտածում են՝ այս տղաներին կոտրենք՝ ժողովուրդը կվախենա, որովհետեւ այս տղերքն են հայտարարել, որ ժողովրդի թիկունքն են լինելու: Բայց նման բաներով չեն կարող կոտրել տղերքին, նմա՞ն բան են տեսել, այս տղերքը կոփվել են պատերազմի դաշտում: Հազարավոր գնդակներ ու ասկոլկեք են այս տղերքի միջով անցել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ