Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրեղեն ապացույց ճանաչված գորշ արջը» թողնվել է Երևանի կենդանաբանական այգու տնօրինության հսկողության տակ

Դեկտեմբեր 10,2014 15:14

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աղասի Մկոյանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել Հրաչյա Ավետիսյանը:

Բողոքի քննությունը տեղի կունենա հաջորդ շաբաթ:

Նախաքննական մարմնի կողմից մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Հրաչյան «Չունենալով գիտահետազոտական, ուսումնական, առողջապահական, ինչպես նաև արհեստական և բնական պայմաններում` դրանց վերարտադրության նպատակներով կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, օգտագործման և վերարտադրության բնագավառում լիազորված պետական մարմնի թույլտվություն», 2014 թվականի ապրիլի կեսերին Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 6-րդ կիլոմետրի` Լոռու մարզի Ջրաշեն գյուղի վարչական տարածքից տիրացել` որսացել է ՀՀ կենդանիների «Կարմիր գրքում» գրանցված անդրկովկասյան գորշ արջ` կենդանական և բուսական աշխարհին պատճառելով խոշոր` 1 միլիոն ՀՀ դրամի վնաս:

Հրաչյա Ավետիսյանին նախաքննական մարմնի կողմից մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 294-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով:

Քրեական գործը հոկտեմբերի 14-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Դատաքննության ժամանակ, մեղադրողի կողմից մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը հրապարակելուց հետո, ամբաստանյալ Հրաչյա Ավետիսյանը միջնորդել էր կիրառել արագացված կարգով դատական քննություն, հայտարարելով, որ գիտակցում է արագացված կարգով դատաքննություն անցկացնելու իրավական հետևանքները:

Ըստ գործի նյութերի, դատարանը գտել էր, որ ամբաստանյալին մեղսագրվող արարքը որակված է ճիշտ, ուստի նա պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի և կրի պատիժ:

Դատարանը հաշվի էր առել նաեւ, որ ամբաստանյալ Հրաչյա Ավետիսյանը զղջում է կատարածի համար, բնակության վայրում բնութագրվում է դրական, նախկինում դատապարտված չի եղել:

Ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան:
Կատարած արարքի համար ամբաստանյալ Հրաչյա Ավետիսյանը ենթակա է քրեական պատասխանատվության և պատժի:

Ըստ դատավճռի, Հրաչյա Ավետիսյանը մեղավոր էր ճանաչվել և դատապարտվել էր տուգանքի ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի 400 -ապատիկի` 400.000 դրամի չափով:

Հրաչյա Ավետիսյանի նկատմամբ նախաքննության մարմինը ընտրել էր խափանման միջոց` ստորագրություն չհեռանալու մասին:Այն մնացել է անփոփոխ, մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Հրաչյա Ավետիսյանից հօգուտ պետական բյուջեի պետք է բռնագանձվի 500.000 դրամ, որպես բնությանը պատճառած վնասի փոխհատուցում:

Իրեղեն ապացույց ճանաչված անդրկովկասյան գորշ արջը որոշվել է թողնել Երևանի կենդանաբանական այգու տնօրինության հսկողության տակ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031