Քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկեց Մարդու իրավունքների օրվան նվիրված երթ՝ «Համաժողովրդական շարժման միջոցառման» շրջանակներում:
Մինչ ելույթներին անդրադառնալը՝ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը դատապարտեց ազատամարտիկների նկատմամբ հարձակումները և ազատամարտիկ Սուրեն Սարգսյանին ծեծի ենթարկելը: Այնուհետև շեշտեց. «Երեկ մեր ազատամարտիկների՝ Ռազմիկ Պետրոսյանի, Մանվել Եղիազարյանի վրա ավազակային հարձակում է կատարվել, այսօր այդ նույն ավազակները նորից իշխանության հրամանով հարձակվել են Սուրեն Սարգսյանի վրա»: Այս ընթացքում հրապարակից գոչում էին «ամոթ, ամոթ»:
Պարոն Զուրաբյանն ազատամարտիկին ծեծի ենթարկելը որակեց որպես «հոգեվարքի մեջ գտնվող իշխանության ստոր ու նենգ արարք»:Պարոն Զուրաբյանը նշեց, թե բոլոր դիկտատորներն են նման կերպ վարվում:
Կարդացեք նաև
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը հայտարարեց. «Արդյոք իրավունքները պաշտպանվում են: Մարդու իրավունքների խախտո՞ւմ չէ, հաշմանդամություն ունեցող անձը ստանում է տասնութ հազար դրամ, երբ մի ամբողջ ամիս այդ գումարով պետք է գոյատևի: Իրավունքի խախտո՞ւմ չէ, երբ թոշակառուի ստացած թոշակն անգամ կոմունալ վճարների չի բավարարում, իրավունքի խախտում չէ, որ երկիրը կանգնած է աղքատության շեմին և այլն»: Այնուհետև կոչ արեց թանկարժեք սրճարանից ու Երևանի մեկ-երկու կենտրոնական փողոցներից բացի, գնալ մարզեր ու գյուղեր: Լևոն Զուրաբյանը հայտարարեց, թե երթի կարգախոսն է «ՀՀ-ում ամբողջական իշխանափոխության իրականացման ժողովրդի իշխանության ձևավորում»:
Երթը մեկնարկեց, երթին մասնակցում էին նաև Րաֆֆի Հովհաննիսյանը, Հմայակ Հովհաննիսյանը, զոհվածների մայրեր և քաղաքացիներ: Երթը շարունակվում է Մաշտոցի պողոտա, Ամիրյան, Նալբանդյան, Թումանյան փողոցով, հետո վերադարձ դեպի Ազատության հրապարակ: Երթը մեկնարկեց Ֆրեդի Մերկուրիի «We are the champions» (Մենք չեմպիոններ ենք) երգի ներքո, որը սովորաբար հնչում է ֆուտբոլային մրցաշարերում:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ