Դեկտեմբերի 10-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը աշխատանքային այցով Արագածոտնի մարզում էր: Արմեն Երիցյանի առաջին կանգառն Ապարան քաղաքում էր, որտեղ նախարարն այցելեց քաղաքային երեք մանկապարտեզ:
Շրջելով մանկապարտեզների տարածքում` ՏԿԱԻ նախարարը ծանոթացավ առկա պայմաններին, զրուցեց մանկավարժների հետ և լսեց նրանց հուզող խնդիրներն ու մտահոգությունները: Նախարարը կարևորեց երեխաների համար լավագույն պայմանների ապահովումը նախակրթական ուսումնական հաստատություններում, շեշտեց հատկապես ձմեռային ամիսներին անխափան ջեռուցման ապահովման անհրաժեշտությունը: Ջեռուցման խնդիր կար նաև Ապարանի դպրոցներից մեկում, որի պատճառով մարմնամարզության դասերը անցկացվում են սահմանված գրաֆիկի խախտումներով: Նախարար Երիցյանն առկա խնդիրների լուծման վերաբերյալ համապատասխան ցուցումներ տվեց:
Այցի շրջանակներում Արագածոտնի մարզպետարանի դահլիճում Արմեն Երիցյանը խորհրդակցություն անցկացրեց մարզպետարանի աշխատակազմի, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների և աշխատակիցների հետ: Նախարարը նշեց, որ տեղական ինքնակառավարման ոլորտում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք պահանջում են հետևողական և նպատակասլաց աշխատանք: Արմեն Երիցյանը իր խոսքում հավելեց, որ Արագածոտնի մարզը հարազատ մարզ է իր համար, քանի որ երկար տարիներ մարզում աշխատել է որպես ոստիկան, ծանոթ է մարզում առկա խնդիրներին:
Նախարարն ընդգծեց, որ մեկ առ մեկ այցելելու է բոլոր համայնքները առկա խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով: Արմեն Երիցյանը կոչ արեց համայնքների հետ միասնական աշխատանք կատարել, որպեսզի հնարավոր լինի համատեղ ջանքերով կերտել տարածքային կառավարման հզոր համակարգ:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԻՆ