Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյան. «Եթե սահմանում լինում են սադրանքներ, մենք ձգտում ենք միայն չպաշտպանվել, այլ կանխել»

Դեկտեմբեր 10,2014 14:30

«2014 թվականը պաշտպանության բանակի, ԼՂՀ-ի համար լարված տարի էր»,- այսօր` դեկտեմբերի 10-ին, լրագրողների հետ զրույցի ընթացքում նշեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նա ասաց, որ մյուս տարիներից 2014 թվականն առանձնացել է տարբեր տիպի դիվերսիոն-հետախուզական գործողություններով, իսկ պաշտպանության բանակի ղեկավարության եւ զորամասերի խնդիրը ոչ միայն պաշտպանական խնդիրներ իրականացնելն է եղել, այլ նաեւ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելը:
Հարցին, թե այսօր ի՞նչ վիճակ է սահմանում, Սեյրան Օհանյանը պատասխանեց, որ լարվածությունը մեկ բարձրանում է, մեկ՝ իջնում. «Նախկինում եթե պաշտպանության բանակի հատվածում նվազագույնը լինում էին կրակոցների 35-50 դրվագներ եւ օգտագործում էին 1000 փամփուշտ, այսօր այդ կրակոցների թիվը հասնում է 170-ի, 200-ի եւ փամփուշտների թիվը` 3000-ից մինչեւ 6000-ի: Պաշտպանության բանակի ստորաբաժանումները եւ հայկական զինված ուժերի ստորաբաժանումները միայն պատասխանում են դիպուկահարների կանոնավոր կրակոցներին, անկանոն կրակոցներին մենք հանգիստ ենք վերաբերվում եւ չենք պատասխանում: Իսկ եթե լինում են սադրանքներ, ապա մենք ձգտում ենք միայն չպաշտպանվել, այլ կանխել»:

Իսկ բանակցային գործընթացը, ըստ Սեյրան Օհանյանի, ընթանում է իր հունով. «Պայմանավորվածությունները քաղաքական մակարդակում իրականացվում են, պարզապես այս լարվածությունները տեղի են ունենում տարբեր գործընթացների, հատկապես հանդիպումների շրջանակում, եւ փորձվում է այս լարվածությամբ ազդել հայկական կողմի վրա: Ե՛վ արցախյան գոյապայքարի փորձերը, ե՛ւ այսօրվա փորձը ցույց են տալիս, որ արդեն իսկ այն նպատակները, որ մեր հարեւանների մոտ կար, այլեւս չի ազդում հայկական կողմի վրա: Մենք մեր տեսակետների տերն ենք. հարցը պետք է լուծվի քաղաքական ճանապարհով, խաղաղ պայմաններում՝ իհարկե՛, պաշտպանելով բոլոր միջազգային նորմերը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031