Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատամարտիկները ուզում են զրուցել Թոխմախի Մհերի հետ (Տեսանյութ)

Դեկտեմբեր 10,2014 14:27

Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանին ծեծի ենթարկելու լուրն այսօր առավոտյան առաջիններից իմացել է ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը:

Նա չի հավատում, որ ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը` Թոխմախի Մհերը, կապ ունի ազատամարտիկի ծեծը կազմակերպելու հետ:

Հիշեցնենք, որ Սուրեն Սարգսյանին ծեծողները ծեծի ընթացքում հարցրել էին`«դու Թոխմախի Մհերին ճանաչո՞ւմ ես, որ իր մասին բան ես ասում»:

«Չեմ կարծում, որ Թոխմախի Մհերը որեւէ կապ ունի էստեղ: Կուզենայի, որ նա գար հիվանդանոց, զրուցեինք, շատ հնարավոր է, որ այդ հարցը տվել են շեղելու համար, որ ցույց տան, թե իբրեւ Թոխմախի Մհերի մարդիկ են ծեծողները»,- Aravot.am-ին ասաց Խաչիկ Ավետիսյանը:

Մեր հարցին` ակտիվ քաղաքացիներին փորձո՞ւմ են լռեցնել` հաշվի առնելով վերջին շրջանում ակտիվիստների մեքենաների այրումները ու հարձակումները ազատամարտիկների ու ակտիվիստների վրա, Խաչիկ Ավետիսյանը շարունակեց. «Մի՞թե սրանով կարող են մեզ լռեցնել, իհարկե՝ չեն կարող: Ընդհակառակը` սա հակառակ արդյունքը կտա: Մենք չենք լռելու»:

Սուրեն Սարգսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ վստահ է` Թոխմախի Մհերն իրեն այդպես չէր կարող պահել, իսկ. «Եթե պահեր էլ, իր անունը չէր տա, Սերժ Սարգսյանի հանցախմբի հերթական գործողություններն էին, զգում է, որ երկիրը ձեռքից գնում է, փորձում է վախեցնել: Բայց գերանդին քարին կպավ, որովհետեւ մեզ հետ տենց կատակ չի կարելի անել»:

Հիշեցնենք, որ azatamart.am կայքում այսօր Սուրեն Սարգսյանը` որպես այդ կայքի համակարգող, պատրաստվում էր տեղադրել ազատամարտիկների դաշինքի հայտարարությունը` ի պատասխան Թոխմախի Մհերի` ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ հայտնած տեսակետների:

Սուրեն Սարգսյանն ասաց, որ բացի այդ նյութից, ինքը Թոխմախի Մհերի մասին ոչ մի տեղ որեւէ հայտարարություն կամ տեսակետ չի հայտնել. «Նյութը հաստատ կապ չունի սրա հետ: Դաշինքի վերաբերմունքն էր լինելու մեր հայտարարության մեջ, ոչ թե իմ կարծիքը»:

Անդրադառնալով նախօրեին ազատամարտիկներ Ռազմիկ Պետրոսյանին եւ «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվելին ծեծի ենթարկելու դեպքերին` Սուրեն Սարգսյանն ասաց, որ իր ծեծը դրա շարունակությունն է. «Ռազմիկին ու Մանվելին էլ էին լակոտները ծեծել` ասելով, թե մեր նախագահին բան եք ասում: Սերժ Սարգսյանը թող իմանա, որ սա իր վերջն է, այն երեւույթը, ինչ որ անում են իրենց թափթփուկների միջոցով, իրենց թափթփուկների վերջն է, բարեւեք Սերժին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031