Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վարչապետ. «Եթե իմանամ մի հատ ծառ ապօրինի կտրվել է, աշխատանքից կթռնեն» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 10,2014 14:19

«Մի ժամանակ մենք էինք բնությանը պատերազմ հայտարարել, հիմա բնությունն է մեզ պատերազմ հայտարարել. տեսնում եք` մի տեղ երկրաշարժ է, մյուս տեղերում` հրաբուխներ, ջրհեղեղներ սելավներ, անտառներ են հրդեհվում. սա ակնհայտ անկայունություն է մոլորակի վրա: Մեկն ասում է ջերմաստիճանի բարձրացում է, մյուսն էլ ասում է` հետո սառեցում է լինելու»,-այսօր «Ֆորում» ակումբում ասաց «Հանուն մարդկային կայուն զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Դանիելյանը:

Նրա դիտարկմամբ` մոլորակի վրա առկա անկայունությունն ու բալանսի խախտումը նաեւ տարբեր հիվանդությունների պատճառ է. «Իմ կարծիքով միասեռականության տարածումը մոլորակի պատասխանն է, բնության մեջ, այն վայրերում, որտեղ աղտոտված է շրջակա միջավայրը կենդանիներն իրենց սեռական կողմնորոշումը կորցնում են: Հիմա առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ֆիքսում է` քիմիական աղտոտումից առաջին հարվածը շրջակա միջավայրին` հորմոնալ համակարգն է»:

Տիկին Դանիելյանի ներկայացմամբ` մեր երկրում բնապահպանական առաջնային խնդիրներից է հանքարդյունաբերությունը. «Սա նաեւ դրսի ուժերի` ֆինանսական կազմակերպությունների աշխատանքն է, որ մենք հետինդուստրիալ զարգացումից իջանք ամենացածր` նախաինդուստրիալ վիճակին, հումքային կցորդ ենք: Օրենսդրական ամենաբարենպաստ պայմաններն են ստեղծված, որ եւ դրսից գան հանք շահագործեն, մերոնց էլ ձեռնտու է, որ իրենց հետ կիսովի աշխատեն»:

Մանրամասն` տեսանյութում

Մյուս խնդիրներից տիկին Դանիելյանը նշեց պոչամբարները, եւ ասաց, որ կառավարությունն ընդունել է, որ պոչամբարները պետք է օգտագործվեն որպես տեխնոգեն հանքավայր:

Ուշագրավ խնդիր է նաեւ անտառները, հիմա, ըստ Դանիելյանի, «Հայանտառը» փորձում է ընդերքօգտագործման օրենսդրությունում կետ մտցնել, որ անտառածածկ վայրում բաց հանք չշահագործվի:

«Հիմա բավականին աշխատանքներ են տարվում արեգակնային էներգետիկայի զարգացման ուղղությամբ, բայց լիարժեք չի օգտագործվում ներուժը: Մենք առաջարկել ենք առաջանցիկ քայլեր անել, բայց փոքր ՀԷԿ-երը հիմա այնպես են շահագործվում, որ հզոր վնաս են տալիս շրջակա միջավայրին»,-ասաց տիկին Դանիելյանը:

Բնապահպանի խոսքերով` թափոններն էլ լուրջ խնդիր են. «Ամբողջ երկիրը աղբի մեջ կորած է, որեւէ բնակավայրի, որ մոտենում ես, աղբը բարեւում է»: Տեսանյութ

Անդրադառնալով Սեւանա լճի խնդրին, Կարինե Դանիելյանը նկատեց, որ լճի մակարդակի անընդհատ տատանումները լրջագույն վնաս են հասցնում թե լճին եւ թե նրա հետ փոխկապակցված միջավայրին:

Մանրամասն` տեսանյութում

Կարինե Դանիելյանի փոխանցմամբ, երեկ կառավարությունում քննարկման ժամանակ, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրահանգ է տվել` «Եթե իմանամ մի հատ ծառ ապօրինի կտրվել է, աշխատանքից էլ կթռնեն, ամենալուրջ տույժերի էլ կենթարկվեն»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031