Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ վարչապետը մասնակցել է տնտեսական իրավունքներին նվիրված համաժողովին

Դեկտեմբեր 10,2014 13:59

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է Երևանում աշխատանքները սկսած տնտեսական իրավունքների համաժողովին, որին ներկա են եղել պետական և հասարակական գործիչներ, մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված տարբեր երկրների դեսպաններ և այլք:

Ողջունելով ներկաներին՝ վարչապետը շնորհակալություն է  հայտնել նախաձեռնության կազմակերպիչներին քաղաքակիրթ և համակողմանիորեն կայացած հասարակությունների ձևավորման գործում կարևորագույն դերակատարություն ունեցող տնտեսական իրավունքներին նվիրված համաժողովի անցկացման կապակցությամբ:

Հովիկ Աբրահամյանը նշել է, որ տնտեսական իրավունքները մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վերաբերյալ առկա ընկալման շրջանակի անբաժանելի մաս են կազմում: Վարչապետի խոսքով՝ դրանք կարևորագույն երաշխիք են հանդիսանում մարդու, հասարակության և պետության բարեկեցության ապահովման ու զարգացման գործում:

«Մարդկության զարգացման և պետությունների կայացման պատմությունը փաստում է, որ միջազգային փաստաթղթերում և ազգային սահմանադրություններում մարդու իրավունքների մասին ձևակերպումներից շատ առաջ, մարդիկ, առաջին հերթին, դրսևորում էին իրենց հանձնառությունը սեփականության իրավունքի և արդարության սկզբունքի նկատմամբ: Այսօր մարդու իրավունքները համապարփակ բնույթի են, և հասարակությունների զարգացման չափորոշիչները չեն սահմանափակվում միայն սեփականության առկայության մակերեսային գաղափարախոսությամբ: Այն ավելի խորքային է և ընկալվում է որպես մարդու հիմնարար ազատությունների, այդ թվում՝ տնտեսական և սոցիալական արդարության երաշխիք»,- ասել է կառավարության ղեկավարը:

Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ մարդակենտրոն զարգացման գաղափարախոսությունն ընդունելով որպես ռազմավարական ուղենիշ` Հայաստանի կառավարությունը գերակայություն է հռչակել քաղաքացի-անհատին և նրա արժանապատիվ կենսակերպի երաշխավորումը: Վարչապետի խոսքով՝ այս մոտեցման փիլիսոփայությունը խարսխված է այն առանցքի շուրջ, որ երկրում պատշաճ ինստիտուտների զարգացումը և բարենպաստ միջավայրի ձևավորումը պետք է ինքնահաստատման և ինքնադրսևորման հնարավորություններ ընձեռեն: Կառավարության ղեկավարը նշել է, որ արտաքին տնտեսական հարաբերությունների ընդլայնման ու դիվերսիֆիկացման ջանքերը, արտահանմանն ուղղված արդյունաբերական զարգացման քաղաքականության ողջ գործիքակազմը, գործարար միջավայրի, տեսչական համակարգի և քաղաքացիական ավիացիայի բնագավառում ընթացող բարեփոխումների փաթեթն ուղղակիորեն միտված են գործարարի ու քաղաքացու տնտեսական իրավունքների լիարժեք իրացման համար նպաստավոր պայմաններ երաշխավորելուն: «Այս համատեքստում է, որ այսօր ավելի լրջորեն պետք է մտորել Հայաստանի զարգացման մոդելի շուրջ` հաշվի առնելով մինչ այժմ ունեցած ձեռքբերումները, մեր ժողովրդի բնատուր տաղանդն ու ամրագրել այն թիրախը, որին ձգտելու և հասնելու համար անհրաժեշտ նախապայման է հավաքական մտածողությունն ու փոխհամաձայնությունը: Հասարակությունների տեխնիկական վերափոխումների ներկա դարաշրջանում, երբ գիտելիքն է առաջընթացի երաշխիքը, Հայաստանը պետք է և կարող է ընտրել զարգացման այնպիսի ճանապարհ, որը մեզ կտեղափոխի առավելապես ռեսուրսատար արդյունք ստեղծողից դեպի գլոբալ արժեշղթայում գիտելիք և տեխնոլոգիա մատակարարող երկրի»,- ասել է Հովիկ Աբրահամյանը՝ համոզմունք հայտնելով, որ հենց այս մոտեցումն է մեզ ուղղորդելու դեպի կայուն զարգացում, հնարավորությունների և տնտեսական իրավունքների լիարժեք իրացում:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031