Լրահոս
Օրվա լրահոսը

Պատվի, արժանապատվության հայցը Սյունիքից հասել էր Երեւան

Դեկտեմբեր 10,2014 13:27

Քաղաքացիական վերաքննիչ դատարանը, դատավոր Տարոն Նազարյանի նախագահությամբ, հետաձգեց Սամվել Հարությունյանի բողոքի քննությունը:

Մինչ այս բողոքի քննությունը, դատարանը մի քանի գործեր հասցրեց քննել, իսկ մենք դռան մոտ նստած սպասում էինք. դատական կարգադրիչներից որեւէ մեկը չէր հարցրել կողմերի մասնակցության մասին:

Պարոն Հարությունյանը ճիշտ ժամանակին, երբ ավարտվեց նախորդ գործի քննությունը, մտավ դատական նիստերի դահլիճ, դատավորը հայտնեց, որ նիստը տեղի է ունեցել, եւ հետաձգվել է կողմի խնդրանքով:

Թե երբ կնշանակվի նիստը, բողոքաբերին հայտնվեց՝ կզգուշացվի:

Սամվել Հարությունյանն ասաց, որ դիմել էր Սյունիքի առաջին ատյանի դատարան, հայտնել, որ պատասխանող Սուրեն Բաղդասարյանը Լուրեր.com լրատվական կայքում այս տարվա մարտի 21-ին հրապարակել է «Ո՞վ ես, ի՞նչ մարդ ես, ո՞ր կուսակցությունից ես» վերնագրով հոդված, որը հագեցած է իր մասին հատուկ դիտավորությամբ արված զրպարտություններով և վիրավորանքներով:

Սուրեն Բաղդասարյանը հրապարակված հոդվածում թույլ էր տվել արտահայտություններ, որոնք վիրավորել են Ս.Հարությունյանի պատիվն ու արժանապատվությունը, նաեւ՝ զրպարտել իրեն:

Մասնավորապես. «Ս.Հարությունյանն արդեն հոգնեցրել է իր ստահոդ հայտարարություններով, որոնք ընդամենը միտված են սեփական ձախողման համար (մեղավոր) մարդկանցից վրեժխնդիր լինելուն», «Հետո անհասկանալի պատճառով հեռացավ կամ հեռացրին ինստիտուտից (իհարկե, ոչ պաշտոնական հրամանով` որոշ մարդկանց ասելով՝ Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտից հեռացրին «ուսանող ընդունելու համար», «Գորիսում տեղի ունեցած մի միտինգի ժամանակ հրապարակավ պատռել է «իր կուսակցական տոմսը»: Դրանից հետո Գորիսում ասում էին, որ պատռել էր ուրիշի կուսակցական տոմսը, այլ ոչ թե իրենը: Հետաքրքիրն այն էր, որ մտերիմների մոտ երբեմն պարծենում էր ամբոխին մոլորեցնելու իր այդ հիասքանչ հնարամտության, յուրատիպ ինքնադրսևորման համար», «Կայծակնային դավաճանությամբ, մեկ շրջադարձով դարձավ այս անգամ արդեն ազգային գործիչ: Սակայն Դաշնակցությունը չէր կարող երկար հանդուրժել նման կարիերիստ, վախկոտ, դավաճան կուսակցական գործչին: 1994 թվականին Սամվել Հարությունյանը հեռացվեց Դաշնակցության շարքերից», «Եվ հետաքրքիրն այն էր, որ ցերեկները նա նախընտրական ճառերում դատապարտում էր ընտրակաշառքն ու իշխանությունների կամայականությունները, սակայն ինքը նույն բանը կատարում էր գիշերները: Արդյունքում ստացավ ամոթալի, չնչին քանակի ձայներ», «Որպես գաղտնիք հայտնեմ բոլորին` Գորիսի քաղխորհրդի ընտրությունների ժամանակ, երբ ինքը քաղաքապետի թեկնածուներից մեկն էր, նրա եղբայրը հակառակորդ թեկնածուի շտաբի պետն էր», «Սամվել Հարությունյանը ձախողված «քաղաքական գործիչ» է: Եթե այդպես չէ, ապա ինչու ոչ մի ոլորտում չկայացավ: Կներեք կայացավ, բայց բամբասանքի, հայհոյանքի, վիրավորանքի և զրպարտության իշխանությունում»:

Հայցվորը նշել է, որ պատասխանողի կողմից իր հասցեին արված վերը նշված արտահայտությունները (հոդվածն ամբողջությամբ) չեն համապատասխանում իրականությանը, դրանք բացահայտ զրպարտություններ, վիրավորանքներ են և արատավորում են իր պատիվն ու արժանապատվությունը:

Հայցվորը պահանջել էր իրեն արատավորելու համար պատասխանողին պարտավորեցնել հրապարակայնորեն` www.lurer.com լրատվական կայքով հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և ներողություն խնդրել իրենից,պատասխանողից հօգուտ իրեն բռնագանձել նվազագույն աշխատավարձի 2000-ապատիկի չափով փոխհատուցման գումար` զրպարտության միջոցով իր պատիվն ու արժանապատվությունը արատավորելու համար, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով փոխհատուցման գումար` վիրավորանքի միջոցով իր պատիվն ու արժանապատվությունն արատավորելու համար:

Դատարանը մերժել էր հայցը, իսկ Ս.Հարությունյանը պահանջում է բեկանել առաջին ատյանի դատարանի վճիռը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031