Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Արզումանյանը գովում է Հովհաննես Մանուկյանին, բայց նշում՝ «Հայաստանում կա 14 քաղբանտարկյալ»

Դեկտեմբեր 10,2014 12:52

Այսօր քաղբանտարկյալների թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն ասաց, որ շուտով դատախազությունում գործերի տեղատարափ է լինելու: Լրագրողների հետ զրույցում նա բացատրեց. «Մարտի 1-ով ՄԻԵԴ-ի գործերը, որով քաղբանտարկյալները դիմել են, դրանք մտել են արդեն վճիռ կայացնելու փուլ եւ մոտ ապագայում՝ առաջիկա 8 ամիսների ընթացքում դրանք կմտնեն կատարման փուլ: Հստակ պահանջներ կլինեն, որովհետեւ կոնվենցիայի տարբեր հոդվածներ են ցիտում քաղբանտարկյալները»:

Մեր հարցին՝ այն, որ լսումներն այսքան պասիվ անցկացվեցին, չի՞ խոսում այն մասին, որ քաղբանտարկյալների թեման չի հետաքրքրում պատգամավորներին անգամ՝ նա պատասխանեց. «Ինչ եք կարծում՝ հստակ մեծամասնություն ունեցող իշխանությունը, որը ունի քաղբանտարկյալ, պետք է ակտիվորեն զբաղվի քաղբանտարկյալների պաշտպանության հարցերո՞վ: Չեմ կարծում: Այդ դեպքում չէինք ունենա քաղբանտարկյալներ: Դրա համար պասիվությունը հասկանալի է»:

Մենք նաեւ հետաքրքրվեցինք՝ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի այն դիտարկումը, որ Մարտի 1-ից հետո Հայաստանում քաղբանտարկյալների վերաբերյալ քննարկումներ եղել են, կարո՞ղ է ինչ-որ բան փոխել՝ Ալեքսանդր Արզումանյանը պատասխանեց. «Կապրենք կտեսնենք: Նոր նախարար է, տարբերությունն արդեն իսկ զգացվում է: Տեսնենք որքանով վճռական կլինի էլ ավելի ձեւափոխել համակարգը: Քրեական դատավարության օրենսգիրքը արդեն իսկ կարելի է քայլ առաջ համարել»:

Ալեքսանդր Արզումանյանն ասաց, որ ներկայումս Հայաստանում կա 14 քաղբանտարկյալ. «Որեւէ իշխանություն չի ընդունում, որ կա քաղբանտարկյալ, բայց հասարակությունը, իրավապաշտպան կազմակերպություններն այնքան պետք է կոնկրետ գործերի վերաբերյալ աղաղակեն, որ պետությունը ստիպված լինի վերանայել եւ արդարացնել ու ազատ արձակել»:

Մարտի 1-ի իր գործի մասով Ալեքսանդր Արզումանյանն ասաց, որ մի շարք հոդվածներով պահանջել է վերանայել. «Սպասելիքներս ՄԻԵԴ-ի որոշումներից շատ են,բայց դա վճռից հետո»: Ալեքսանդր Արզումանյանը, կախված վճռից, ունի նաեւ նյութական պահանջներ՝ Մարտի 1-ի գործով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031